• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Վերահրատարակվել է Ստեփան Ալաջաջյանի «Չսպիացած վերք» եռահատոր վեպը

Անուշ Առաքելյան 16:00 | 01.06.2021
Անուշ Առաքելյան 16:00 | 01.06.2021
Stepan Alajajian

1995 թվականի ապրիլի 22-ին Բոստոնի «Նոր օր» թերթին տված հարցազրույցում Ստեփան Ալաջաջյանն ասում է՝ «Չսպիացած վերք» վեպը գրելու միտքը հղացել է, երբ ծննդավայր Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու արխիվում հայտնաբերել է իր մեծ հոր ու նրա եղբայրների՝ սպանդից փրկելու օգնության խնդրանքով Հալեպի հոգեւոր առաջնորդին ուղղած գիրը: «Իմ նոր վեպի` «Չսպիացած վէրք»-ի մտայղացումն այդ օրն էր, առիթը` այդ փոքրիկ, մատիտով գրուած նամակն ու Վոսփորի ափի այս տեսարանը»:

Արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կինոսցենարիստ Ստեփան Ալաջաջյանի «Չսպիացած վերք» վեպը պատմում է արեւմտահայության կյանքի ծանրագույն ժամանակաշրջանին՝ 1912-1915 թվականներին նախորդած տարիներին Օսմանյան Թուրքիայի ծրագրած եւ պատերազմի ընթացքում իրականացրած բռնությունների, Կիլիկիայի բնակավայրերից մեկի` Ֆնդիճաքի մղած ինքնապաշտպանական հերոսամարտի մասին:

Stepan Alajajian book

Վեպի սյուժեն ծավալվում է Բեռլին-Բոսֆոր-Բաղդադ երկաթգծի կառուցման իրողություններին զուգահեռ: Հեղինակի ասելիքը հստակ է. երկրներն իրար կապելու  փոխարեն կառուցվող երկաթուղին առաջին աշխարհամարտի պատճառը դարձավ, որն ի վերջո ողբերգական եղավ հատկապես հայ ժողովրդի համար: Վեպի փաստագրական հենքը հայկական մամուլից բացի անգլիական, ֆրանսիական, թուրքական եւ ռուսական մամուլի տվյալներն ու վավերագրերն են, որոնց թարգմանությունները մեծ մասամբ հեղինակինն են:

Եռահատոր այս վեպը առաջին անգամ հրատարակվեց 1989 թվականին: Ընթերցողին ուղղած իր խոսքում հեղինակը գրում է.

 «Համաշխարհային առաջին պատերազմում Մերձավոր Արեւելքի իրադարձությունների պատմությանը նայել եմ փաստերի աչքերով եւ պատմության աչքերով` իմ ժողովրդի ճակատագրին: Չեմ մեղանչել: Գիտակցել եմ, որ իմ ժողովրդի հանդեպ կատարվել է մի մեծ անարդարություն, եւ այդ անարդարությունն էլ պարտավորեցրել է ինձ գրել այս վեպը: Ամեն մի կերպար, իրավ, մի անձնավորություն է, ամեն դրվագ ու դեպք՝ ճշմարիտ մի պատահար, ուրեմն, ճշմարիտ մի պատմություն է այս վեպը: … անիրավված ժողովրդի զավակն եմ ես, եւ այդ զավակի պարտքի հատուցումն է այս վեպը: …արտասուքից բխող փոքրիկ սփոփանք է այս վեպը…»:

Tereza AlajajianՍտեփան Ալաջաջյանը վեպի վրա սկսել է աշխատել 80-ականներին, վեց տարում է ավարտել այն: «Օր ու գիշեր անցկացնում էր գրադարաններում, հաստափոր գրքեր էր բերում գրադարաններից, աշխարհի տարբեր անկյուններում ապրող իր ծանոթներին էր դիմում, նյութեր հավաքում, վկայություններ գրի առնում: Այնքան տարված էր վեպով, որ ժամանակը խնայելու համար նույնիսկ հրաժարվեց Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրենի իր պաշտոնից»,- «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում պատմեց գրողի դուստրը՝ Թերեզա Ալաջաջյանը:

Վեպին զուգահեռ հանձն էր առել գրել «Ճերմակ անուրջներ» ֆիլմի սցենարը, որի ռեժիսորը Սերգեյ Իսրայելյանն էր: Դուստրը պատմում է. «Սկզբում համաձայնեց գրել, հետո փոշմանեց զուտ այն պատճառով, որ վեպի աշխատանքները դանդաղում էին կինոսցենարի պատճառով»: Նրա սցենարով է նկարահանվել նաեւ «Կտոր մը երկինք» ֆիլմը:

1993 թվականին, երբ հրատարակվեց երրորդ հատորը, վեպն ըստ արժանվույն չգնահատվեց, հավելում է Թերեզա Ալաջաջյանը, գրողն ինքը դա պայմանավորում էր հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակով, բնական համարում, որ օրվա հացի խնդիր լուծող մարդը պիտի հեռանա գիր ու գրականությունից: Ստեփան Ալաջաջյանը վստահ էր, սակայն, որ դա ժամանակավոր է, որ Հայաստանի ապագան լուսավոր էր լինելու, հայ մարդն էլ դառնալու էր դեպի գրականություն:

Երբ Ալաջաջյանը սկսեց գրել «Չսպիացած վերք»-ը, արդեն լայն ճանաչում էր գտել նրա՝ 1979 թվականին հրատարակված «Եղեգները չխոնարհվեցին» վեպը՝ նվիրված եղեռնից փրկված հայերին: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանի կարծիքով ընթերցողը մի տեսակ բավարարված էր եղեռնը պատմող այս վեպով, գուցե սա էլ պատճառներից մեկն էր, որ «Չսպիացած վերք»-ը լայն տարածում չգտավ:

«Վեպն իր արժանի տեղն ունի մեր ժողովրդի եղեռնապատումի ու հերոսապատումի գրականության՝ արդեն դասական դարձած գործերի շարքում»,- ասում է «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» տնօրեն պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, որի աջակցությամբ էլ վերահրատարակվել է եռահատոր վեպը: Իսկ «Չսպիացած վերքը» վերահրատարակելը հենց գրողի վերջին փափագն էր, որ իրականացրեց դուստրը 2019 թվականին: Շնորհանդեսը հետաձգվեց նախ համավարակի, ապա պատերազմի պատճառով:

Stepan Alajajian

Մայիսի 31-ին ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի՝ սփյուռքահայ բարերար Իսկուհի Տեր Ողորմյաճյանի անվան դահլիճում եռահատոր վեպի շնորհանդեսն էր, ներկա էին բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Բանասիրական գիտությունների դոկտոր Սերժ Սրապիոնյանն իր զեկույցում նշեց՝ Ալաջաջյանը պատմական հիմնավորումներով ապացուցում է, որ թուրքերի վարած քաղաքականությանն ուղղակիորեն աջակցում էր Գերմանիան, քողարկված ձեւերով նպաստում էին ինչպես ցարական Ռուսաստանի, այնպես էլ Անգլիայի ու Ֆրանսիայի պետական շրջանակները, եւ այդ ամենն Ալաջաջյանը գրում էր փաստավորված, ուղիղ, առանց գեղարվեստական պաճուճանքի:

«Այնքան առօրեական է վեպը, որ գաղափարներով, իրադարձություններով, ցավոք, նաեւ պատմական շրջադարձերի հանգամանքներով շատ զուգահեռներ կարելի է գտնել մեր այսօրվա խնդիրների հետ, այն իրավիճակի հետ, որում հայտնվել է հայ ժողովուրդը: Ընթերցելով վեպը՝ ճանաչում ես Պոլիսը, թուրքին, գերմանացուն, անգլիացուն, ռուսին, հային, Թուրքիայում ապրող մուսուլման ժողովուրդներին: Վեպում թե՛ դաստիարակչական, թե՛ ճանաչողական, թե՛ զգայական ներաշխարհային բազում հարստություններ են թաքնված, վեպը ոսկու հանքահորի է նմանեցնում Արծրուն Ավագյանը:

Պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանն էլ կարծում է. «Այսօր, երբ հողը երերում է մեր ոտքերի տակ, առավել քան կարեւոր է ընթերցել վեպը հենց ինքնաճանաչողության նպատակով: 1500 էջը կարդացվում է այնպիսի հեշտությամբ, կլանվում ես, ուղղակի քեզ զգում ես իրադարձությունների անմիջական մասնակից»:

Բանախոս բանասիրական գիտությունների դոկտոր Սերժ Սրապիոնյանի կարծիքով Ստեփան Ալաջաջյանի «Չսպիացած վերք» վեպը սերունդների խորհրդածությանն է հանձնում հայ ազգի թերության եւ հայ ժողովրդի ուժի՝ այսօր էլ արդիականությունը չկորցրած խնդիրը:

Հայրս կիլիկիացի էր, եւ իմ ծննդավայրը պետք է լիներ Կիլիկիան: Ես ծնվել եմ Հալեպում: Իմ եւ հորս ծննդավայրերի տարբերության պատճառը եղել է աշխարհը վերաբաժանող ահավոր մի պատերազմ, որ մղել են հզոր պետություններ, բայց պատերազմից ամենից շատ տուժել է դարերի ճամփորդ, կենսունակ եւ փոքրաթիվ մի ժողովուրդ: Հայրս այդ ժողովրդի զավակն էր, իսկ ես՝ հորս: Այս վեպը համաշխարհային այդ պատերազմի, իմ ժողովրդի, հորս եւ իմ պատմության կենսապատկերի մի մասն է: 

Ստեփան Ալաջաջյանի կենսագրությունը նման է այն հազարավոր սփյուռքահայերի կյանքին, որոնք ծնվեցին արդեն հայրենիքը կորցրած, եղեռնից մազապուրծ ծնողներից: Բնիկ զեյթունցու շառավիղներից էր Ստեփան Ալաջաջյանը, որի նախնիները դարասկզբին բռնագաղթել էին Զեյթունից, ծնողների պատմած հուշերը հետագայում արտահայտվեցին նրա «Անապատում», «Փյունիկ», «Առանց հայրենիքի», «Եղեգները չխոնարհվեցին», «Անառագաստ նավակներ», «Ապառաժները արտասվել գիտեն» եւ մի շարք այլ գործերում:

1946 թվականին Ալաջաջյանը ներգաղթում է Խորհրդային Հայաստան, բարձրագույն կրթություն ստանում Երեւանում եւ Մոսկվայում: Աշխատում է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում, ապա դառնում Հայաստանի գրողների միության քարտուղար: 1981- 1986 թվականներին Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրենն էր:

Հանգամանքների բերումով գրողը ստիպված եղավ 1992 թվականին ընտանիքով տեղափոխվել Միացյալ Նահանգներ, հաստատվել Լոս Անջելեսում: Չնայած ծանր հիվանդությանը՝ նա շարունակեց իր ակտիվ գրական գործունեությունը, հանդես եկավ հոդվածներով, ելույթներով: 2001 թվականին դարձավ հայ մշակույթը, արվեստը, գրականությունը, քաղաքականությունը մեկնաբանող «Առագաստ» գրական ամսագրի խմբագիրը, որը հիմնադրեց դուստրը՝ Թերեզան: Հայրենիքից հեռու՝ ապրում էր հայրենիքով, փայփայում ազգային երազներն ու հույսերը: Գրողը վախճանվեց 2010 թվականին:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձեւ
հաջորդը
Ալիեւը շնորհակալ է Թուրքիային

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն