• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Դեպի կոտրած տաշտակ՝ խրոխտ սլացքով

Վարդան Հարությունյան 11:30 | 11.11.2021
Վարդան Հարությունյան 11:30 | 11.11.2021
Yerablur

Թվում էր՝ այս դաժան պատերազմից եւ այս ծանր պարտությունից հետո «խաղաղության դարաշրջան» թեմայով Փաշինյանի մենախոսության փոխարեն պատերազմի ու խաղաղության մասին լուրջ քննարկում պետք է ընթանար մեզանում։

Իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածով նման քննարկում 1997-ի նոյեմբերին փորձեց նախաձեռնել Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Փորձեց եւ անհաջողության մատնվեց։ Պաթետիկ հայրենասիրության հորձանուտում հարցադրումը խեղդվեց։ Առաջարկությունը՝ գնալ հարեւանի հետ երկխոսության, ընդունել փոխզիջումներով հակամարտության լուծման տարբերակը, վերացնել պատերազմի վերսկսման վտանգը, հաշտեցման ու համակեցության ճանապարհ հարթել, առանց խոր քննարկման մերժվեց։ Մերժվեց բոլորի՝ ե՛ւ ընդդիմադիր ուժերի, ե՛ւ յուրայինների կողմից։

«Փոխզիջում» բառը չէր ընկալվում։ Չկար գիտակցումը, որ փոխզիջումն է խաղաղության գինը։ Աշխարհի բոլոր հակամարտություններն էլ, վերջին հաշվով, եթե լուծվում են, ապա լուծվում են փոխհամաձայնությամբ ու փոխզիջումներով։ Այլ տարբերակ չի լինում։ Այլ տարբերակը պատերազմն է։ Այլ տարբերակն այն է, ինչ ունենք մենք այսօր․ հակառակորդը պատերազմով լուծել է իր խնդիրը, մեզ պարտության է մատնել եւ նոր պարտադրանքներ է առաջ քաշում, որոնց մենք դիմակայել չենք կարողանում։

Բոլորը միաբերան, ճակատամարտը պատերազմից չտարբերելով, ճակատամարտում գրանցած հաջողությունը վերջնական հաղթանակ կարծելով, պնդում էին, թե հաղթել են եւ ոչինչ հակառակորդին զիջել չեն պատրաստվում։ Խոստանում էին, որ Ադրբեջանին իրենց նախընտրած սահմաններով Արցախի անկախության ճանաչում կպարտադրեն։

Այս խոստմանը հաջորդած 24 տարիների ընթացքում մենք քայլ առ քայլ կորցրինք մեր բոլոր ձեռքբերումները թե՛ դիվանագիտական հարթակում, թե՛ տնտեսական ճակատում, թե՛ ռազմական ոլորտում։ Շրջափակված ու ռեսուրսներից զուրկ Հայաստանը չկորցնել չէր կարող։ Հասանք 2020-ի սեպտեմբերի 27-ի պատերազմին եւ 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրմանը։

Անգամ այս արհավիրքը հետհայացք նետելու, 1998-ի քայլը վերլուծելու եւ հետեւություններ անելու առիթ չի դառնում։ «Իսկ գուցե մենք սխալվո՞ւմ էինք» հարցադրումն առ այսօր չի հնչում։ 98-ի հերոսներից ոչ ոք դեռ չի ընդունել, որ իրենց ընտրած ճանապարհն է մեզ այս հանգրվան բերել։ Չեն խոսում, որ տապալել են ամեն ինչ։ Որ կորցրել ենք իրենց պատճառով ու մնացածը կորցնելու իրական սպառնալիքի տակ ենք։ Հակառակը, շարունակում ու շարունակում են պնդել իրենցը։

Սամվել Բաբայանը (այստեղ նա թիրախ չէ բոլորովին, հավաքական կերպար է՝ տարածված մտածողության վառ արտահայտիչ) ասում է․ «Վստա՛հ եղեք, որեւիցէ պատերազմի վտանգ չկա մոտակա 4 տարին», «մենք պետք է հասցնենք ուժեղ բանակ ունենալ եւ աջակցենք ամեն ձեւ, որ Ռուսաստանն այդ մանդատը վերցնի Արցախում», ապա, եթե ռուսները հանկարծ հեռանան, «պարտավոր ենք ունենալ մենք այդ հզոր բանակն Արցախում, ու մեր խնդիրները մենք լուծենք»։

Անմիջապես աչքի առաջ են գալիս 14-ամյա պատանիները, որոնք չորս տարի հետո 18 տարեկան են լինելու՝ չորս տարի անց հավանական պատերազմի մասնակից ու զոհ։ Սարսափեցնում է նաեւ հնարավոր պարտության միտքը։

Կրկին հին հարցերն են ծագում, որ 1997-1998-ին անպատասխան մնացին ու, փաստորեն, արդիական են 2021-ի մեր օրերում՝ ինչպե՞ս եւ ի՞նչ ժամանակահատվածում ենք կարողանալու կազմակերպել ու զինել նման հզոր բանակ, որտեղի՞ց այդքան մասնագետներ (մերոնց որակը տեսանք), ո՞վ է մեզ գերժամանակակից զենք վաճառելու, ո՞վ է թույլ տալու, որ մենք գնենք այդ զենքը, ինչպե՞ս ենք գնված զենքը մեր երկիր տեղափոխելու, որտեղի՞ց գումար այդ զենքը գնելու համար, եթե շրջափակված ենք, ռեսուրսներ չունենք, եթե մեր ու մեր հարեւանի տնտեսական հնարավորությունները համադրելի չեն։

Եվ ինչո՞ւ է թվում, թե ողջ այդ ընթացքում, երբ մենք բանակ են կազմակերպելու, զինատեսակներ ենք գնելու, հակառակորդը, ավելի մեծ հնարավորություններ ունենալով, էլ ավելի չի հզորանալու։

Սթափ մտածողություն ինչպես չի եղել, այնպես էլ չկա։ Առաջնորդվում են պատրանքներով եւ իրենց ցանկություններով։ Պարտությունները հաջորդում են իրար, բայց դաս չեն դառնում։ Առանց մեր հնարավորությունները գնահատելու, առանց աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնելու, առանց մեր տեղն ու դերը տարածաշրջանում ու աշխարհում պատկերացնելու, միջնադարյան չափորոշիչներով ու քարանձավային հայրենասիրությամբ շարունակում են պնդել, որ այս տարածաշրջանում մեր լինելիությունը պետք է միայն պատերազմով հաստատենք։

Ե՞րբ կլինի հաջորդ պատերազմը, քանի՞ անգամ է կրկնվելու այն, որքա՞ն կտեւի, կդիմանա՞նք, արդյո՞ք չենք սպառվի, ի՞նչ հաջողություններ ու անհաջողություններ է այն բերելու, որքա՞ն զոհեր է տանելու, ու էլ ի՞նչ ենք կորցնելու՝ չի քննարկվում։ Հնարավոր պարտության հավանականությունը նույնպես չի քննարկվում։ Հաշվարկի հիմքում գալիք հաղթանակն է, որ դուրս է կասկածից։ Պետք է պատրաստվել ու պատերազմել։ Այլ ճանապարհ, որը կապահովի մեր խաղաղ կյանքը Երկիր մոլորակի այս նեղլիկ անկյունում, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր չի առաջարկվում։

Իսկ մինչեւ ե՞րբ։ Պարզ է՝ մինչեւ մեր կամ նրանց վերջնական ու անդառնալի հաղթանակ։ Ինչպիսին, ասենք, անցած դարասկզբին նրանք ունեցան Արեւմտյան Հայաստանում կամ Արեւելյան Հայաստանի կեսը տանելիս։

Մնում է՝ մեկը մեզ վստահեցնի, որ հաջորդ անգամ, ի տարբերություն բոլոր նախկին անգամների եւ ի հեճուկս տրամաբանության ու սառը հաշվարկների, վերջին հաղթանակը մերն է լինելու, որ Ադրբեջան-Թուրքիա միասնությանը ծնկի ենք բերելու ու հաջորդ հարեւաններին ենք անցնելու։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուբեն Բաբայան․ Թշնամին նույն հռետորաբանությամբ ապացուցում է, որ հաղթող չէ
հաջորդը
Ադրբեջանական մաքսակետեր Գորիս–Կապան ճանապարհին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն