Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերթական անգամ աչքի է ընկել իր «յուրօրինակ» հայտարարություններով: Այս անգամ նա խոսել է գնաճից՝ պնդելով, որ ժողովուրդն ավելի լավ է ապրում, քան 1-2 տարի առաջ:
«Այս տարի ունենք իրական տնտեսական աճ, այն սպասվածից շատ ավելի շատ է, եւ դա թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան 1-2 տարի առաջ»,- հայտարարել է Քերոբյանը:
Փաստորեն երկրում, որտեղ անգամ պաշտոնական տվյալներով ավելացել է աղքատության մակարդակը, կառավարության ներկայացուցիչները խոսում են «լավ ապրելու» մասին: Մի բան, որն այլ կերպ, քան ցինիզմ, դժվար է որակել: Հիշեցնենք, որ 2020 թվականին նախորդ տարվա համեմատ աղքատության միջին մակարդակն ավելացել է 0.6%-ով եւ կազմել 27%, իսկ աղքատության վերին գծին հասածների թիվը պաշտոնական վիճակագրությամբ 47.6% է:
Հիմա գնաճի մասին. այստեղ աճն «աննախադեպ»-ների շարքից է: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա նոյեմբերին գնաճը կազմել է 6%, ընդ որում՝ 2021-ի ընթացքում գները բարձրացել են շարունակաբար՝ ամեն ամիս:
Մեծ գնաճ է արձանագրվել սննդամթերքի շուկայում՝ 9.2%: Թանկացել է ամեն ինչը: Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ ինչ աղմուկ բարձրացավ, երբ ՀՀԿ-ական պատգամավորները հայտարարեցին, թե անկախ գնաճից՝ աղքատները, միեւնույնն է, միս չեն գնելու, այլ շարունակելու են կարտոֆիլ ուտել: Հիմա պարզվում է՝ անգամ կարտոֆիլն է դարձել հարուստի ուտելիք, քանի որ դրա գնաճը շեշտակի է. պաշտոնական վիճակագրությամբ կարտոֆիլը թանկացել է 74.3%-ով: Ընդ որում՝ սննդամթերքի մեջ կարտոֆիլը միակն է, որի գնաճն այսքան շատ է:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարի միայն հացը թանկացել է 7.4%-ով, ալյուրը՝ 11%-ով, հացաբուլկեղենն ու ձավարեղենը՝ 8.4%-ով, բրինձը՝ 12%-ով:
Ձվի գնաճն այս տարի կազմել է 11.7%, պանրի եւ կաթնաշոռի գնաճը՝ 9.9%:
11.1%-ով աճել է կարագի, 10.3%՝ բուսական յուղերի գինը:
Բարձրացել է մսի գինը՝ 6.9%-ով, թռչնամիսը թանկացել է 3.9%-ով, ձուկը՝ ավելի քան 31-35%-ով:
20.4% գնաճ արձանագրվել է բանջարեղենի շուկայում, միայն մրգերն են էժանացել՝ 3%-ով:
Սննդամթերքից բացի թանկացել են նաեւ ոչ պարենային ապրանքները՝ շոր, կոշիկ, բենզին, լուսավորման սարքեր, կահույք, կենցաղային ապրանք: Գնաճ է գրանցվել նաեւ առողջապահական ոլորտում՝ դեղագործական ապրանքներ, բժշկական, ամբուլատոր ծառայություններ: Ցանկը կարելի է շարունակել, սակայն այսքանն էլ բավական է ընդհանուր պատկերացում կազմելու երկրի տնտեսական իրավիճակի մասին: Մանավանդ որ գնաճը «զարգանում է» բոլորիս աչքի առաջ. այդ տեմպերին ականատես ենք լինում ամեն օր՝ գնումներ կատարելիս։
Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է նաեւ բնակչության սպառողական ծախսերի կառուցվածքը, որի մեջ 2020 թվականին մեծ տեղ են զբաղեցրել սննդի վրա կատարված ծախսերը՝ 39.8%, եւ ծառայությունները՝ 31.3%: Սննդի վրա կատարված ծախսերը 2019-ի համեմատ 2020-ին նվազել են, նույնը՝ ծառայությունների ծախսերի դեպքում, փոխարենը մարդիկ սկսել են ավելի շատ ոչ պարենային ապրանքներ գնել եւ գումարը ծախսել ծխախոտի վրա։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: