• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հիշել եւ բացառել ահաբեկչությունը

Դավիթ Հովհաննիսյան 13:30 | 02.04.2022
Դավիթ Հովհաննիսյան 13:30 | 02.04.2022

Վերջերս ուկրաինական Ռադայի մի թվիթ շատ էր վշտացրել հայ հասարակությանը: Առիթ էր դարձել, որ Z սիմվոլի երկրպագուները մեղադրեն «Ուկրաինա պաշտպանողներին»: Թեեւ թվիթի հեղինակը պատժվեց, իսկ Ուկրաինայի ԱԳՆ-ն պաշտոնապես ներում խնդրեց Հայաստանից, բայց այս դեպքում էականը դա չէ:

Էականն այն է, որ ոչ ոք չէր պաշտպանում Ուկրաինայի իշխանություններին, Ռադային կամ Զելենսկիին, որ հիմա էլ Ռադայի թվիթերյան էջը հիասթափության առիթ լիներ: Մարդիկ պաշտպանում են սկզբունքը՝ երկրի ազատ ինքնորոշման սկզբունքը, ինքնիշխանության, սեփական ընտրություն ունենալու հնարավորության սկզբունքը, պաշտպանում էին ժողովրդավարությունը ավտորիտար գաղութարար ռեժիմի հարձակումից, վերջապես պաշտպանում էին խաղաղության սկզբունքը, մերժում էին հարցերը ուժով ու պատերազմով լուծելու պուտինյան տարբերակը:

Եթե դու սկզբունքն ես պաշտպանում, արժեքներն ես կարեւորում, ուկրաինացի որեւէ չինովնիկի կամ թվիթերյան էջի ադրբեջանահաճո խաղերը չեն կարող ազդել քո դիրքորոշման վրա: Ընդհանրապես չպետք է խառնել աշխարհաքաղաքական կողմնորոշումների եւ քաղաքակրթական արժեքների դաշտերը:

Ռուսաստանի հետ ռազմավարական բնույթի դաշնակցությունը Հայաստանի համար այլըտրանք չունի: Այսօր չկա ուրիշ որեւէ երկիր, որ պատրաստ է իր զորքերը տեղակայելու հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական սահմանին՝ պաշտպանելու Հայաստանը հարեւանների հնարավոր թշնամական ոտնձգություններից: Մեզ այսօր ոչ ոք չի սպասում ո՛չ Եվրոպական միությունում, ո՛չ ՆԱՏՕ-ում, նույնիսկ Ուկրաինային չեն ընդունում: Հետեւաբար Հայաստանի հակառուսական քաղաքականությունը, ռուսական անվտանգային ֆորմատներից դուրս գալու ձգտումը կարող են ճակատագրական հետեւանքներ ունենալ մեր երկրի համար:

Նրանք, ովքեր պնդում են ռուսական զորքերը Հայաստանից հանելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ դեպի ՆԱՏՕ կողմնորոշվելու մասին, ընդամենը շարքային արկածախնդիրներ են եւ ոչ թե այն պատճառով, որ Ռուաստանն ավելի լավն է կամ ավելի հուսալի է, քան Եվրոպան կամ Ամերիկան, այլ որովհետեւ մենք պարզապես այլ տարբերակ չունենք, Ռուսաստանը միակ հասանելի տարբերակն է մեզ համար:

Ի վերջո մեր աչքի առաջ ունենք Վրաստան, որն արդեն շուրջ 10 տարի հայտարարում է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ցանկության մասին, բայց այսօր նույնքան հեռու է այդ անդամակցությունից, ինչքան 10 տարի առաջ:

Եվրամիությունը մարդկության պատմության լավագույն վերազգային միավորումն է, Եվրամիության երկրները՝ ամենաբարեկեցիկ, խաղաղ եւ երջանիկ երկրները, իսկ ՆԱՏՕ-ն ամենահուսալի անվտանգային ռազմաքաղաքական դաշինքն է, բայց դժբախտաբար այսօր Հայաստանը ո՛չ դույզն-ինչ բավարարում է այդ կառույցների չափանիշները, ո՛չ նույնիսկ գտնվում է այնպիսի տարածաշրջանում եւ աշխարհաքաղաքական միջավայրում, որ կարող է իրեն թույլ տալ բացահայտորեն հայտարարել եվրաինտեգրման ցանկության մասին:

Սրանք աքսոիմատիկ ճշմարտություններ են, եւ մեր տարածաշրջանի այն երկրները, որոնք չեն հասկացել այս պարզ ճշմարտությունները, ստացել են ռուսական տանկեր իրենց մայրաքաղաքների մատույցներում եւ տարածքային անվերադարձ կորուստներ:

Բայց ունենալ հուսալի ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ չի նշանակում կիսել նրա հետ ընդհանուր արժեքներ, հատկապես այսօրվա գործող իշխանությունների, որոնք հիացած են Ստալինով եւ տառապում են սովետական կարոտախտով:

Այսօր Հայաստանում ինչ-որ մարդիկ իրենց թույլ են տալիս ցույցեր անել կամ խոսել Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելու մասին: Դա հնարավոր է դարձել բացառապես այն պատճառով, որ անկախության տարիների ընթացքում բավարար պատշաճությամբ չի դատապարտվել խորհրդային սեւ ժառանգությունը:

Ո՞ւր են կարմիր տեռորի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանները, խորհրդային հալածանքների մասին պատմող թանգարանները, բռնադատվածներին, քաղաքական բանտարկյալներին եւ աքսորյալներին նվիրված ֆիլմերը, փողոցները, հուշակոթողները:

Այսօր շատերը զարմանում են, թե ինչպես կարող է պուտինյան ռեժիմը հարձակվել եղբայրական ժողովրդի վրա եւ հազարավոր ուկրաինացիների սպանել, որոնք խոսում են նույն լեզվով, ունեն նույն մշակույթը (հատկապես ամենամեծ ավերածությունների ենթարկված քաղաքները ռուսախոս բնակչությամբ քաղաքներն են): Բայց չպետք է մոռանալ, որ նույն Խորհրդային Միությունը զուտ քաղաքական նպատակներով, իբր իրենց հռչակած համաշխարհային հեղափոխությանը հասնելու նպատակով, գնդակահարել եւ աքսորել է սեփական միլիոնավոր քաղաքացիների, տարբեր գնահատականներով՝ 25-60 միլիոն մարդու:

Միլիոնավոր այդ մարդկանց մեջ են հարյուրհազարավոր հայեր՝ շարքային բանվորներից ու գյուղացիներից մինչեւ Չարենց ու Բակունց: Այս կոտորածները ոչ պակաս են արժանի հիշվելու, դատապարտվելու, զոհերի հիշատակին հարգանքի տուրքի, քան Հայոց ցեղասպանությունը:

Պատկերացնո՞ւմ եք՝ այսօր ինչ-որ մեկն ասի, թե Հայաստանը Թուրքիայի մաս պետք է կազմի: Միանգամից ազգի դավաճանի պիտակը ճակատին փակցված է: Բայց Ռուսաստանի մաս կազմելու առաջարկները մարսվում են, եւ դրա պատճառը բացառապես այն է, որ Օսմանյան կայսրության վայրագություններն ամենայն մանրամասնությամբ հիշվում եւ ներկայացվում են։ Այդ մասին ֆիլմեր են նկարվում եւ ցուցադրվում, մարդիկ ամեն ապրիլի 24-ին գնում են ծաղիկ դնելու զոհերի հիշատակին բազմաթիվ քաղաքներում տեղադրված հուշակոթողներին, մինչդեռ Խորհրդային Միությունում կատարված վայրագություններն էլ, դրանց զոհերն էլ մոռացության են մատնված:

Մի՞թե միայն այն հանգամանքը, որ ռուսներին կարող է դուր չգալ, բավական է, որ մենք մոռանանք մեր անցյալի զոհերին, ուրանանք նրանց հիշատակը, մեր պատմությունը, անտեսենք մեր արժեքները: Վերջիվերջո ի՞նչ է քաղաքականությունը առանց արժեքների, եթե ոչ ցինիզմ: Եթե մեր արժեքները մեզ համար կարեւոր չեն, էլ ինչի՞ համար է մեր պայքարը հանուն անկախության եւ ազատության, հանուն Արցախի ինքնորոշման:

Ինչպե՞ս մենք պետք է կրթենք եւ կերտենք ազատ մտածող, ժողովրդավար հասարակություն, եթե ոչ դատապարտելով հալածանքները, բռնությունները եւ հարգելով քաղաքական հալածյալներին:

Հայաստանում ապրիլի 24-ից բացի պետք է ավելանա եւս մեկ հիշատակի օր, երբ մենք հարգանքի տուրք կմատուցենք խորհրդային ահաբեկչական ռեժիմի բոլոր զոհերի հիշատակին։ Ծիծեռնակաբերդից բացի եւս մեկ նշանավոր հուշարձան պետք է ունենանք՝ հիշելու բոլոր զոհերին եւ հալածյալներին, եւ մեր երեխաները դպրոցներում ամենայն խորությամբ պետք է ուսումնասիրեն զանգվածային տեռորի դրվագները:

Միայն հիշելով եւ դատապարտելով են բացառում չարիքի կրկնությունը:

Davit Hovhannisyan
Դավիթ Հովհաննիսյան

Կրթությամբ տնտեսագետ, հետաքրքրվում եմ քաղաքագիտությամբ, փիլիսոփայությամբ եւ պատմությամբ: Հիմնադրել եմ քաղաքացիական նախաձեռնություններ եւ հասարակական կազմակերպություններ, որոնց հիմքում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հավատամքն է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստան կժամանի Իտալիայի արտգործնախարարը
հաջորդը
Նուլանդը կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Հունաստան, Կիպրոս եւ Գերմանիա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն