Ախուրյանցի Հովհաննես Սիմոնյանի բազմանդամ ընտանիքի լուսանկարը ոչ թե դրսում է արված, այլ տանը: Այս տարածքում Հովհաննեսն ու Աշխենը տասնմեկ զավակ են լույս աշխարհ բերել:
Աշխենը պատմում է, որ 20 տարեկան էլ չկար, երբ կորցրին երկրորդ որդուն: Ասում է՝ այդ օրվանից ամուսիններով երդվել են շատ երեխաներ ունենալ, չգնալ հղիության արհեստական ընդհատման: Նախաճաշին սպասքի 12 կտոր են դնում, 10 երեխայով սեղան նստում:
Տան ավագ որդուն՝ Վոլոդյային, անցած տարվա դեկտեմբերին բանակ են ճանապարհել: Ռիման, Անժելան, Նազելին, Մարիամը, Միլենան, Արիանան, Դոնոն, Դավիթն ու Էդուարդը անհամբեր սպասում են եղբոր վերադարձին:
Երեխաներից վեցը դպրոցական են, մեկը՝ ուսանող: Ծախսերը տարեցտարի շատանում են, ապրելը՝ դժվարանում: Ընտանեկան բյուջեն ձեւավորվում է պետության հատկացրած 85000 դրամ նպաստով, 60000 դրամ էլ Հովհաննեսն է վաստակում. անասնապահական ֆերմայում հովիվ է:
«Միայն սննդի համար անգամ գումարը չի բավականացնում, հատկապես վերջին թանկացումներից հետո ապրել չի լինում»,-պատմում է Աշխենը: Եվ եթե բարերարների աջակցությունը չլիներ, երեխաներին պահել չէին կարող:
Ընտանիքին մշտական աջակցություն են ցուցաբերում «Շիրակ կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը, Հայ կաթողիկե եկեղեցու «Տիրամայր Նարեկի» բարեգործական կենտրոնը, բազմաթիվ այլ կազմակերպություններ, անհատ բարերարներ: Մարզպետարանից եւ համայնքապետարանից աջակցությունը տարեկան երկու անգամ է՝ 50000-ական դրամ:
Երկսենյականոց տունը, որտեղ ապրում է բազմանդամ ընտանիքը, երկրաշարժից չի փլուզվել: Սիմոնյանները բնակարան չեն կորցրել, հետեւաբար անօթեւանի կարգավիճակ չունեն: Երկու տարի առաջ, երբ տանն արդեն կանգնելու, էլ ուր մնաց քնելու տեղ չեն ունեցել, արտասահմանցի մի բարերար է օգնել: Տրամադրած գումարով տանը կից սենյակ են կառուցել, ներքին հարդարման աշխատանքների համար գումար չի մնացել: «Եթե տունը վերանորոգենք էլ, էլի քիչ է, քնելու տեղ չկա,- ասում է Հովհաննեսը,- մի մեծոտ բնակարան որ տան, մնացածը՝ մի կերպ կապրենք»:
Ախուրյան խոշորացված համայնքի համայնքապետարանի սոցիալական աշխատող Մարիամ Ստամբոլցյանը գործի բերումով Աշխենին հարս եկած օրից է ճանաչում: Ասում է՝ քաղաքի աղջիկ էր, Ախուրյան հարս եկավ: Մինչեւ Աշխենի գալն էլ ընտանիքը միշտ սոցիալապես անապահով է եղել: Երեխաների շատանալուն զուգահեռ հաճախակի են դարձել նաեւ Մարիամի այցերը Աշխենենց տուն:
«Աշխենը շատ ակտիվ է, աշխատում է ամեն տեղից, ամեն կերպ ապրուստ հայթայթել երեխաների համար: Շրջապատի հետ լավ է շփվում: Ցավոք, կենցաղով զբաղվելու շատ ժամանակ չունի: Բայց երեխաների դաս ու դպրոցին ուշադիր է»:
Տան հոր մասին խոսելիս Մարիամն ասում է՝ խելոք է, աշխատում է ողջ օրը: Վատ սովորություններ չունի, պարզապես կազմակերպչական հարցերով կնոջն օգնել չի կարողանում:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ժողովրդագրական իրավիճակի բարելավումն առաջնահերթություն է համարում։ Ծնելիությունը խթանելու համար նախաձեռնել են բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների եւ աջակցության տրամադրման նոր ծրագրեր։ Նոր օրենքներ են գրվում ու լրամշակվում՝ նպատակ ունենալով խթանելու չորրորդ եւ հաջորդ երեխաների ծնունդը։
Բայց մի պահ մոռանանք գրված եւ չգրված օրենքները։ Եթե իրականությանը ուղիղ նայենք, իրերն էլ կոչենք իրենց անուններով, Հայաստանում բազմազավակությունը շատ հաճախ նույնացվում է աղքատության հետ։ Աշխենի եւ նրա նման բազմաթիվ երիտասարդ կանանց օրինակով ենք փաստում, որ հաց հայթայթելու նպատակով դռներ թակող, երբեմն էլ հասարակության մի մասի կողմից մերժված բազմազավակ մայր լինելը, մեղմ ասած, չի ոգեշնչում երիտասարդ աղջիկներին։
Հասարակությունը ոչ թե գեղեցիկ օրենքներին է նայում, այլ բազմազավակ Աշխենի եւ Հովհաննեսի խղճուկ տանն ու քանդված պատերին։

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։