• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՄենքՈւկրաինա. մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

Վարդան Հարությունյան 14:30 | 01.04.2023
Վարդան Հարությունյան 14:30 | 01.04.2023
Sinaver Kadirov

Վարդան Հարությունյանը հատուկ «Ալիք Մեդիայի» համար զրուցել է Ղրիմի թաթարների շարժման ակտիվ մասնակից, խորհրդային տարիների քաղբանտարկյալ Սինավեր Կադիրովի հետ։ Սինավերը հայաստանցի ընթերցողին պատմում է անհայտ ղրիմթաթարական շարժման մասին։ Շարժում, որի նպատակը հայրենիք վերադառնալն է եղել։

Սինավեր, մենք հին ծանոթներ ենք, հաճախ, երբ լինում եմ Ուկրաինայում, հանդիպում ենք, զրուցում տարբեր թեմաներից, անպայման անդրադառնում ենք խորհրդային տարիներին, Ղրիմի թաթարների ծավալած պայքարին, որի մասնակիցն ես եղել նաեւ դու։ Բայց գիտե՞ս, մեզ մոտ` Հայաստանում, մարդիկ ձեր շարժման մասին լավ տեղեկացված չեն։ Չհաշված իմ գիրքը, որտեղ շատ կարճ անդրադարձ կա նաեւ ձեր շարժմանը եւ մի երկու հրապարակում, որոնց հեղինակը կրկին ես եմ, հայկական միջավայրում այլ բան երեւի չգտնվի։ Գոնե ինձ հայտնի չէ։ Որոշեցի զրուցել քեզ հետ այդ թեմայով ու հրապարակել մեր զրույցը հայաստանցի ընթերցողի համար։ Մեծ, ծանր, հետաքրքիր պայքար է եղել, մարդիկ պետք է իմանան։

Քո գիրքը ես կարդացել եմ։ Այնտեղ բոլորին էլ անդրադարձել ես, այդ թվում նաեւ մեր պայքարին։ Մեր պայքարի պատմությունը հնուց է գալիս, բայց, որքան հասկանում եմ, քեզ խորհրդային շրջանն է հետաքրքրում։

Ավելին՝ ինձ առավելապես հետաքրքրում են 1944-ից հետո սկիզբ առած զարգացումները, դրանից առաջ եղածն այլ թեմա է։

Մինչեւ 1944 հասնելը անպայման պետք է շեշտվի, որ 1921 թվականին Լենինի դեկրետով մենք Ռուսաստանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակ ստացանք։ 1941-ին ֆաշիստական Գերմանիայի զորքերը շատ արագ կարողացան գրավել Ղրիմը։ Մինչեւ 1944 թվականի մայիս Ղրիմը եղել է գերմանական օկուպացիայի ներքո։ 1944-ի մայիսին խորհրդային զորքերն այն հետ գրավեցին, ապա Ղրիմի թաթարներին, որ ապրել էին գերմանական օկուպացիայի պայմաններում, մեղադրեցին՝ իբր համագործակցել են ֆաշիստների հետ։ Այդ պատրվակով վճռեցին աքսորել նրանց իրենց հայրենիքից։ Երկու օրվա ընթացքում՝ 1944-ի մայիսի 18-20-ը, մի ողջ ժողովրդի տեղահանեցին ու աքսորեցին Սիբիր ու Միջին Ասիայի հանրապետություններ։

Մինչեւ 1966 թվականը 18 տարին լրացած բոլոր Ղրիմի թաթարները եղել են ոստիկանական հատուկ հսկողության տակ։ Աքսորավայրից հեռանալու իրավունք չեն ունեցել։ Փախուստի փորձը 25 տարվա ազատազրկում էր խոստանում։ Չնայած այս հանգամանքին՝ աքսորի առաջին տարիներին փախուստի փորձեր հաճախ են եղել։ Հիմնականում՝ հարազատներին գտնելու նպատակով։ Աքսորն իրականացվել էր չափազանց արագ, արդեն ասացի՝ երկու օրվա ընթացքում։ Կազմակերպիչներին չի էլ հետաքրքրել, թե աշխարհագրական որ կետերում են հայտնվելու հարազատները կամ նույն ընտանիքի տարբեր անդամները։ Բեռնատարներով դեպի գնացք են տեղափոխել մարդկանց ու լցրել տարբեր վագոններ։ Իսկ գնացքին կցված վագոններից որը որ կայարանում են առանձնացնելու՝ չեն կարեւորել։ Նույն ընտանիքի տարբեր անդամներ կարող էին իրարից հարյուրավոր կամ հազարավոր կիլոմետրեր հեռու վայրերում հայտնվել։ Սիբիրն անսահման է։ Իրար կորցրած հարազատները, հարց ու փորձով, կցկտուր տեղեկություններով, եթե կարողացել են պարզել, թե որտեղ են ընտանիքի մնացած անդամները, փախուստ կատարելով փորձել են հասնել իրար։

Մինչեւ 1956 թվականը՝ 12 տարի անընդմեջ, շատ խիստ հսկողություն է եղել։ Ազատ տեղաշարժի հնարավորությունը բացառվել է։ 1956-ին խորհրդային իշխանությունները հրամանագիր են հրապարակում, որի համաձայն՝ Ղրիմի թաթարների նկատմամբ հանվում է հատուկ հսկողությունը, նրանք արդեն չեն գտնվում ոստիկանության ամենօրյա ուշադրության ներքո, բայց նաեւ աքսորավայրի տարածքը լքելու իրավունք չեն ունեցել։ Շատ ավելի ուշ՝ 1967-ին, Ղրիմի թաթարներն ազատ տեղաշարժի իրավունք ստացան։ Նրանք կարող էին տեղաշարժվել խորհրդային երկրի տարածքում, բայց հայրենիք վերադառնալու իրավունք, ինչպիսին ստացան, ասենք, Հյուսիսային Կովկասի աքսորված ժողովուրդներից չեչենները, ինգուշները, ինչպես նաեւ կալմիկները կամ աքսորի ենթարկված այլ ժողովուրդներ, չունեին։

Այդ շրջանից մերոնք սկսեցին կենտրոնանալ Միջին Ասիայի հանրապետություններում։ Միջին Ասիան, վերջին հաշվով, շատ ավելի լավ էր, քան Սիբիրը կամ Ուրալը։

Իսկ Ղրիմում ղրիմթաթարական ընտանիքներ մնացե՞լ էին։ Ասենք՝ բացառություններ եղե՞լ են։

Պատկերացրեք, Ղրիմում չէր մնացել ղրիմթաթարական ոչ մի ընտանիք։ Նույնիսկ խառն ընտանիքներն են աքսորվել։ Եթե, ասենք, կինը թաթարուհի չէ, նրան առաջարկվել է մնալ, բայց ընտանիքից հրաժարվելու պայմանով։ Շատ կանայք, իհարկե, ընտրել են աքսորն ընտանիքի հետ։ Արդեն գորբաչովյան պերեստրոյկայի տարիներին հայտնի դարձավ, որ աքսորի ավարտից հետո կազմակերպիչները պատահաբար պարզում են, որ իրենց սխալի հետեւանքով աչքից հեռու Արբատի սլաք կոչվող տարածքում ղրիմթաթարների որոշ քանակություն մնացել է։

Պատկերացրեք՝ զեկուցել են արդեն Մոսկվա, որ Ղրիմում ոչ մի թաթար չի մնացել, ու հանկարծ պարզվում է՝ այդ անկյունում ահագին մարդ դեռ կա։ Վախենալով, որ իշխանությունները եթե տեղեկանան, ապա իրենց խիստ կպատժեն, կարող են նույնիսկ գնդակահարել, բարձում են մարդկանց լաստանավերը, դուրս են բերում բաց ծով ու խորտակում են։ Խնդիր էր դրվել, որ Ղրիմում Ղրիմի թաթարներ չմնան ընդհանրապես։

Աքսորվել են բոլորը։ Անգամ կուսակցական գործիչները եւ պաշտոնյաները։ Ճիշտ է, նրանք աքսորվել են ոչ այնպիսի վագոններով ու ոչ այնպիսի պայմաններում, ինչպես հասարակ մարդիկ, բայց, այնուամենայնիվ, աքսորվել են։

Ձեր ժողովրդի աքսորից կարճ ժամանակ անց՝ հունիսի 2-ին, Ստալինը հրամանագիր է ստորագրում, համաձայն որի՝ նույն՝ ֆաշիստների հետ համագործակցության պատրվակով պետք է աքսորվեն Ղրիմի հայերը, հույներն ու բուլղարները։ Աքսորը տեղի է ունենում հունիսի 24-27-ին՝ երկու-երեք օրվա ընթացքում, եւ ընթանում է նույն դաժանություններով, ինչ ձեր դեպքում է եղել։ Այս ժողովուրդներն էլ հայտնվեցին Սիբիրում։ Ղրիմի բնակիչների ունեցվածքը, տները, հողը մնում էին նոր բնակիչներին, որոնց այնտեղ էին տեղափոխում խորհրդային իշխանությունները։ Էլ չխոսենք Ղրիմում ապրող գերմանացիների ու իտալացիների մասին, որոնց արդեն աքսորել էին։ Բայց վերադառնանք 1956 թվական:

Այս թվականը կարելի է արդարացման թվական համարել։ Շատերն արդարացվեցին։ Ե՛վ անհատ քաղաքացիներ, ե՛ւ ամբողջ ժողովուրդներ։ Հյուսիսային Կովկասի ժողովուրդների մասին արդեն ասացի՝ նրանք հայրենիք վերադառնալու իրավունք ստացան։ Բայց մենք այդպես էլ մնացինք չարդարացված։ Այստեղից էլ սկիզբ է առնում ղրիմթաթարական շարժումը։

Ղրիմի թաթարներից նրանք, ովքեր մասնակցել էին պատերազմին, ովքեր բարձրաստիճան պաշտոնյաներ կամ կուսակցական դեմքեր էին, սկսում են սկզբում մասնավոր, ապա ընդհանուր դիմումներ գրել Մոսկվա՝ խնդրելով, որ իրենց նույնպես արդարացնեն ու հայրենիք վերադառնալու իրավունք տան։ Ժամանակի ընթացքում դիմումների տակ ավելի ու ավելի են շատանում ստորագրությունները։ Այս նախաձեռնություններն էլ հիմք դարձան, որ մեր շարժումը ձեւավորվի։ Ամենասկզբում մարդիկ վստահ էին՝ Կրեմլում արդարամիտներ են նստած, կլսեն իրենց, կքննարկեն եւ, անկասկած, արդար լուծում կտան։ Բավարարող պատասխան, բայց, չէր գալիս: Այս ընթացքը տարիներ է տեւել, իր մեջ, սակայն, քաղաքական կամ հակախորհրդային ենթատեքստ չի պարունակել։ Միայն 1960-ականներին, տեսնելով, որ դիմումներն արդյունք չեն տալիս, մարդիկ սկսում են քաղաքականանալ։ Սա բնական ընթացք էր։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։

Այստեղ արժի, որ դու խոսես ձեր կազմակերպած ամենամյա միջոցառումների մասին, որոնք, որպես կանոն, լինում էին Լենինի հուշարձանի մոտ։

Ամեն տարի մայիսի 18-ին՝ մեր աքսորի օրը, մարդիկ հավաքվել են իրենց բնակավայրերում գտնվող Լենինի հուշարձանի մոտ, իսկ այդ տարիներին Լենինի արձաններ կային ամենուր, ու ձեւակերպել խորհրդային իշխանություններին ուղղված իրենց միակ պահանջ-խնդրանքը՝ ստանալ հայրենիք վերադառնալու իրավունք։ Նույն կարգի միջոցառում կարող էր կազմակերպվել նաեւ Լենինի ծննդյան օրը։ Սա անվտանգ էր, ցույց էր տալիս, որ մարդիկ հակախորհրդային տրամադրություններ չունեն, որ հույսը հենց խորհրդային իշխանություններն են։ Տարեցտարի կրկնվող այս միջոցառումները իշխանությունների համար դառնում էին խնդիր։ Մի կողմից՝ ոչինչ հակախորհրդային չկա, մյուս կողմից՝ կազմակերպվում են հանրային միջոցառումներ, որոնք իշխանությունների հետ համաձայնեցված չեն։ Խորհրդային երկրում ինքնաբուխ հավաքներ լինել չէին կարող։ Մի պահից ցուցարարների առաջին շարքերում գտնվող ակտիվ մասնակիցներից ոմանց սկսում են բերման ենթարկել, բացատրել նրանց, որ միջոցառումները պետք է նախապես համաձայնեցվեն իշխանությունների հետ, որ նման միջոցառումներ կազմակերպելն ու դրանց մասնակցելն օրինական չեն, բայց խիստ պատիժներ չեն լինում։ Իշխանությունների այդ քայլերից կարելի էր եզրակացնել, որ երկար հանդուրժել չեն պատրաստվում։ Մերոնք էլ, բնական է, լռել չէին պատրաստվում։ Այդ շրջանում է, որ մարդիկ սկսում են հասկանալ՝ իշխանություններն իրենց խնդիրը լուծելու նպատակ չունեն։

Ղրիմ վերադառնալու համար ծավալված մեր պայքարին վերջ տալու նպատակով խորհրդային իշխանությունները Ուզբեկստանում ստեղծեցին ղրիմթաթարական երգի ու պարի համույթ, մանկավարժական ինստիտուտում ղրիմթաթարական բանասիրության ֆակուլտետ բացվեց, 1967-ին խորհրդային կառավարությունը որոշում հրապարակեց, որի համաձայն՝ մեր ժողովուրդն արդարացված է, ավելին՝ Ուզբեկստանի տարածքում մեզ անգամ ինքնավարության առաջարկություններ էին անում, միայն Ղրիմ վերադառնալը մոռանանք։ Մեր ժողովուրդը, բայց, շարունակում էր հայրենիք վերադառնալու իրավունքի համար իր պայքարը։

Սինավեր, ինձ ղրիմթաթարական շարժման ամենաակտիվ կին կազմակերպիչներից մեկը՝ Այշե Սեիտմուրատովան, որը երկու անգամ՝ 1966-ին եւ 1971-ին, դատապարտվել է, պատմել է, որ 1960-ականներին դեպքեր են եղել, երբ ձեր միջոցառումների նախօրեին, հատկապես, եթե դրանք մայիսի 18-ին`աքսորի օրվանն են եղել նվիրված, իշխանությունները վերանորոգման կամ այլ պատրվակներով փակել են Լենինի արձանը։ Մի խոսքով՝ արել են ամեն ինչ, որ միջոցառումները չկայանան։ Ասում էր, որ անեկդոտային վիճակներ էին լինում․ վրդովված մարդիկ, նկատի ունենալով խորհրդային քաղաքների ամենաերեւացող հատվածներում կախված «Լենինը ապրել է, Լենինը ապրում է, Լենինը կապրի» կամ «Լենինը հավերժ է» խիստ տարածված կարգախոսները, բողոքում էին՝ ասելով՝ «հա, բա, ձեզ համար Լենինը հավերժ է, միշտ ապրում է, միշտ կա, իսկ հենց հերթը մեզ է հասնում, չկա, վերանորոգվում է»։

Այո՛, այո՛, եղել են ու շատ են եղել նման զավեշտալի դեպքեր։ Դրանք եղել են Այշե Սեիտմուրատովայի ու նրա սերնդակիցների երիտասարդության տարիները։ Շատ ակտիվ են եղել նրանք։ Աներեւակայելի մեծ գործ են արել ղրիմթաթարական շարժման ձեւավորման ու կայացման համար։ Նրանք են, փաստորեն, հիմքերը դրել։ 1960-ականներին մեր շարժումը դարձավ շատ ավելի կազմակերպված։ Նրանք են քաղաքականացրել մեր շարժումը։ Չկային արդեն 50-ականների եւ 60-ականների առաջին տարիների միամիտ պատկերացումները, թե Մոսկվան խնդրին տեղյակ չէ, թե բավական է տեղեկացնելը, եւ մեր բոլոր հարցերը կլուծվեն։ Մարդիկ հասկացել էին, որ հենց Մոսկվան է գլխավոր խոչընդոտը։

Նրանք, որ 1960-ականներին երիտասարդ ակտիվիստներ էին, ծնվել էին Ղրիմում, աքսորի ժամանակ մանկահասակ երեխաներ էին եղել, ինչպես Մուստաֆա Ջեմիլեւը, Այշե Սեիտմուրատովան եւ այլք։ Հենց նրանց մեջ է հարց ծագում՝ տեսանելի աշխատանք արվում է, դիմումներ գրվում են, հավաքներ կազմակերպվում են, մարդիկ ստորագրում են, արդյունք, բայց, չկա։ Ահա արդյունքի բացակայությունն էլ հանգեցնում է մտքին, որ Մոսկվա ուղարկված նամակները բավարար չեն, որ թեման շատ ավելի լայն շրջանակների՝ Կրեմլից դուրս, ավելին՝ խորհրդային երկրի սահմաններից դուրս պետք է լսելի դառնա։ Այդ շրջանում էլ մեր շարժման ներկայացուցիչները սկսում են հարաբերվել Խորհրդային Միությունում գործող այլախոհների հետ։ 1960-ականներից ղրիմթաթարական շարժումը դառնում է Խորհրդային Միությունում գործող այլախոհական շարժման մաս։

Եթե 1950-ականներին մեր շարժման կազմակերպիչները ղրիմթաթարական ծագմամբ կուսակցական ու պետական գործիչներն էին, որոնց հույսը Կրեմլն էր, ապա 60-ականների մասնակիցներն արդեն կարդում ու տարածում էին այլախոհական գրականություն։ Այսպես շարունակվել է մինչեւ 1980-ականների վերջը, երբ մենք հայրենիք վերադառնալու իրավունք վաստակեցինք։

Հետաքրքիր է, բայց Ղրիմի թաթարներին հակախորհրդային ագիտացիա եւ պրոպագանդա հոդվածով չէին դատապարտում։ Հիշում եմ՝ երբ մեր շարժման առաջնորդներից Մուստաֆա Ջեմիլեւի 6-րդ դատավարությունն էր ընթանում, մտահոգություն հայտնեցի, որ նրան հակախորհրդային ագիտացիա եւ պրոպագանդա հոդվածով կարող է դատեն, ինչը շատ մեծ պատժաչափ էր նախատեսում, ինչին Մուստաֆան հանգիստ հակադարձեց՝ մի՛ անհանգստացիր, մեզ այդ հոդվածով չեն դատում։ Իրոք, մենք շատ դատապարտվածներ ենք ունեցել, մարդիկ կային, որ մի քանի անգամ էին դատապարտվել, բայց հակախորհրդային ագիտացիա եւ պրոպագանդա հոդվածով՝ ոչ ոք։ Տարածված էին սովետական պետական ու հասարակական կարգն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելը եւ ազգային ու ռասայական իրավահավասարությունը խախտելը հոդվածները։ Լինում էին նաեւ այլ հոդվածներ, բայց ոչ երբեք մաքուր քաղաքական՝ հակախորհրդային ագիտացիա ու պրոպագանդա։

1960-ականների սերունդը դեռ ակտիվ էր, երբ շարժման մեջ սկսեց ներգրավվել 1970-ականների սերունդը, մարդիկ, որ 1950-ականներին էին ծնվել։ Այդ թվում եւ ես։ Իմ սերունդը Ղրիմում չի ծնվել, չի ապրել աքսորյալի վիճակում ու ոստիկանական հսկողությունը չի տեսել։ Ղրիմը մեզ համար մեր ծնողների հիշողություններ էին ու մեր ընտանեկան պատմությունները։

Մենք, ինչպես վայել է երիտասարդներին, ծայրահեղական էինք։ Տեսնում էինք՝ մարդիկ պայքարել են, դատապարտվել են, շարունակում են դատապարտվել, արդյունք, բայց, չեն գրանցել։ Սա հուսահատեցնում էր ու դրդում ծայրահեղության։ Մենք արդեն զենք, զինամթերք հայթայթելու ճանապարհին էինք, երբ 1977-ի հունվարին տեղի ունեցավ պայթյունը Մոսկվայի մետրոյում։ Մեր ավագ սերնդի ներկայացուցիչները, որ գիտեին ավելին, մեզ ասում էին, որ այդ պայթյունը վերագրել են պայթյունի հետ ոչ մի կապ չունեցող հայտնի հայ այլախոհ Ստեփան Զատիկյանին, որպեսզի արատավորեն այլախոհներին ու հարվածեն այլախոհական շարժմանը։ Սա մեզ համար նախազգուշացում դարձավ, ստիպեց, որ մենք հետ կանգնենք մեր ծրագրերից։ Հասկացանք, որ ծայրահեղական գործողություններով հարվածի տակ ենք դնելու մեր ազգային շարժումը եւ, ընդհանրապես, այլախոհությունը ողջ Խորհրդային Միությունում։ Փոխարենը՝ կազմակերպեցինք Մուսա Մամուտի անվան նախաձեռնող խումբ ու սկսեցինք տեղեկատվական բյուլետեն հրապարակել։

Այստեղ ես պետք է ընդհատեմ քեզ ու մի երկու բառով հայաստանցի ընթերցողին ներկայացնեմ, թե ով է Մուսա Մամուտը։ Նա ղրիմթաթարական շարժման ակտիվիստներից է եղել։ Ծնվել է 1931-ին, 1944-ին, ինչպես բոլոր թաթարները, աքսորվել է։ 1975-ին ինքնակամ վերադառնում է Ղրիմ, տուն է գնում։ Իշխանությունները, սակայն, հրաժարվում են նրան իր տան հասցեում գրանցելուց  (այդ տարիներին անձնագրային ռեժիմը պահանջում էր, որ մարդը պարտադիր լինի գրանցված) ու ստիպում են լքել Ղրիմը։ Իսկ նա հրաժարվում է։ Անձնագրային ռեժիմի խախտման հոդվածով նրան ու կնոջը դատապարտում են երկու տարվա ազատազրկման։ Ճիշտ է, կնոջը՝ պայմանական։ Ազատ արձակվելուց հետո կրկին Ղրիմ է վերադառնում։ Սկսվում է նույն պատմությունը։ 1978-ի հունիսի 20-ին նրա ու կնոջ նկատմամբ նույն հոդվածով նոր քրեական գործ է հարուցվում։ Երեք օր անց՝ հունիսի 23-ին, Մուսա Մամուտը, հայտարարելով, որ իր այս ծայրահեղ քայլը հանուն Ղրիմի թաթարների իրավունքների է, որպես բողոքի նշան ինքնահրկիզվում է։

Այո՛, Մուսա Մամուտի քայլը ժամանակին շատ մեծ արձագանք ստացավ։ Մեզ՝ երիտասարդներիս, ոգեշնչում էր։

Առաջին անգամ իմ հետեւից եկան 1982-ի փետրվարի մի ցուրտ առավոտ։ Վաղ լուսաբաց էր։ Մտան տուն ու սկսեցին խուզարկել։ Ես շատ վախեցած էի։ Ավելի շատ ոչ թե ինձ համար, այլ մորս։ Նա սրտային հիվանդ էր։ Տեսքս պետք է որ շատ ընկճված լիներ։ Մայրս մոտեցավ ինձ ու չեկիստների ներկայությամբ ասաց․ «Եթե դու սրանցից այդքան պետք է վախենաս, ուրեմն մի՛ զբաղվիր այն գործով, ինչով զբաղվում ես»։ Այս խոսքերն ինձ սթափեցրին։ Ինձ այնքան թեթեւացած զգացի։ Վախի նշույլ անգամ չէր մնացել։

1982-ից մինչեւ իմ կալանավորումն ու դատապարտումը, որ տեղի ունեցավ 1985-ին, ես ակտիվ կերպով ներգրավված եմ եղել մեր ազգային շարժման մեջ։ Անընդհատ եղել եմ պետական անվտանգության կոմիտեի ուշադրության կենտրոնում, բայց իմ կալանավորումը, միայն նրանց հայտնի պատճառներով, հետաձգվեց մինչեւ 1985 թվական։

Դու դատապարտվեցիր, կրեցիր քո պատժաչափը Սիբիրում, եկավ Գորբաչովի պետեստրոյկան, ազատ արձակվեցիր։ Ղրիմի թաթարները իրենց հայրենիք վերադառնալու իրավունք ստացան ու վերադարձան։ Կարո՞ղ ես ասել՝ ինչ է կատարվում այսօր Ղրիմի թաթարների հետ։ Սկսած, երեւի, 2014-ից, երբ Ղրիմը Ռուսաստանի մաս հայտարարվեց։

Ի՞նչ է նշանակում 2014 թվական։ Մենք պետք է ողջ 2000-ականների, ավելին՝ 1990-ականների մասին խոսենք։ 2014-ը նախորդող զարգացումների արդյունք է։ Օկուպացիան հենց այնպես տեղի չունեցավ։ Կային նախադրյալներ։ Այդ հիմա է, որ նրանք՝ ուկրաինացիները եւ ռուսները, բարիկադի տարբեր կողմերում են՝ թշնամիներ են, կռվում են իրար դեմ։ Իսկ այն ժամանակ նրանք սլավոն եղբայրներ էին։ Սլավոն եղբայրներ էին, որոնց եղբայրը չէր Ղրիմի թաթարը։

Շատ հետաքրքիր միտք ես ասում։ Իսկ ինչպե՞ս էր դա արտահայտվում։

Ասենք՝ տներին հաճախ կհանդիպեիր գրություններ՝ «ոչ սլավոններին վարձով չի տրվում»։ Կամ Ղրիմի թաթարներն իշխանության մեջ ներգրավվելու հնարավորություն չունեին։ Փակ էր նրանց ճանապարհը։ Հաշվի չէին առնվում ո՛չ մարդու պատրաստվածության աստիճանը եւ ո՛չ էլ կրթությունը։ Ազգային պատկանելությամբ էին առաջնորդվում։ Նախապատվությունը տրվում էր սլավոն եղբայրներին։ Մեծ պայքարի արդյունքում էր հնարավոր լինում տեղական ինքնակառավարման մարմիններում տեղ ստանալ։ Օրենքները, երբ խոսքը վերաբերում էր Ղրիմի թաթարներին, չէին գործում։ Մի օրինակ կարող եմ հիշել․ Ռյազանի դեսանտային ուսումնարանի խմած ռուս շրջանավարտները Սուդակի սրճարանում վիրավորում են մատուցողուհուն։ Ականատես թաթարները նրանց նկատողություն են անում, կռիվ է սկսվում, որի ժամանակ ռուս դեսանտայինը դանակահարում ու սպանում է մերոնցից մեկին։ Մերոնք նրանց բռնում ու ոստիկանություն են հանձնում։ Ոստիկանները, որ սլավոններ են, երկու օրից նրանց ազատ են արձակում ու հնարավորություն տալիս, որ անարգել Ռուսաստան անցնեն։ Հարց է ծագում՝ Ուկրաինայի տարածքում Ուկրաինայի քաղաքացի է սպանվել, սպանել են այլ երկրի՝ Ռուսաստանի քաղաքացիները, բայց, պարզվում է, եթե Ուկրաինայի քաղաքացին ազգությամբ թաթար է, կարելի է նաեւ այդպես վարվել։ Մի կողմում Ուկրաինայի քաղաքացի Ղրիմի թաթարն է, իսկ մյուս կողմում՝ թեկուզ սրիկա, բայց մեր սլավոն եղբայրը։ Ահա այսպիսի ծայրահեղություն է եղել։

Մենք, իհարկե, Կիեւից շատ էինք դժգոհ, բայց հասկանում էինք՝ եթե բացահայտ եւ ուժեղ սկսենք ուկրաինական իշխանություններին ճնշել, հանդես գալ նրանց դեմ, կնշանակեր խաղալ Ռուսաստանի խաղը։ Այս երկընտրանքը մեզ միշտ է հետապնդել ու զսպել է նաեւ։ Ոչ մի կերպ չէր կարելի խաղալ հօգուտ Ռուսաստանի։

Անձամբ ես անընդհատ առաջարկում էի, որ պետք է միջազգային հանրության միջոցով եւ օգնությամբ ազդել Կիեւի վրա։ Ուկրաինացիները վտանգը չէին տեսնում կամ մեծ նշանակություն չէին տալիս, իսկ մենք, գտնվելով Ղրիմում, տեսնում էինք, թե ինչ քայլեր է կատարում ու ինչ է նախապատրաստում Ռուսաստանը։ Ղրիմի թաթարները Ղրիմում եղած միակ կազմակերպված, ազդեցություն ունեցող ուժն էին, որ հանդես էր գալիս Ուկրաինայի օգտին, իսկ Ուկրաինան սա չէր գնահատում։ Ռուսաստանը, հակառակը, սա տեսնում էր ու աշխատում էր մեր դեմ։ Ի՞նչ էին ցանկանում ռուսները. առանց պատերազմի վերամիավորել Ղրիմը Ռուսաստանին։ Ահա այս խաղաղ վերամիավորման առասպելն էլ իրենց միանշանակ դիրքորոշմամբ ջարդում էին Ղրիմի թաթարները։

Եկավ 2014 թվականը։ Ղրիմի թաթարները ռուսների հորինած հանրաքվեին դեմ դուրս եկան, կազմակերպեցին բողոքի ցույցեր, Կիեւից աջակցություն, բայց, չկար։ Ավելին՝ տեղում՝ Ղրիմում, ուկրաինական զինվորականներին բացատրում էինք, որ դիմադրության դեպքում մենք իրենց հետ ենք, որ ռուսական զորամիավորման թիվը մեծ չէ, եւ հաջողելու ենք։ Նրանք, սակայն, դիմակայելու ցանկություն չունեին։ Ուզում եմ ասել, որ անգամ 2014-ին դեռ աշխատում էր սլավոն եղբայրների ինստիտուտը, որը հետո պետք է քանդվեր ու իր տեղը թշնամությանը զիջեր։ Այն ժամանակ դեռ եղբայրներ էին։ Բացատրում էինք, որ ե՛ւ մենք, ե՛ւ նրանք Ուկրաինայի քաղաքացիներ ենք, իսկ ռուսները՝ ոչ, որ նրանք ագրեսորներ են, մեզ չէին հասկանում, մեր խոսքը չէին ընդունում։ Մենք եղբայր չէինք, եղբայրները ռուսներն էին, իսկ եղբոր վրա կրակել չի կարելի։ Ես սա մեծ ցավով եմ հիշում։

Իսկ այսօր Ղրիմի թաթարների շրջանում շա՞տ են քաղաքական բանտարկյալները

Հարյուրից ավելի քաղբանտարկյալներ ունենք։ 2014-ից հետո ռուսները, տեսնելով, որ իրենց գլխավոր հակառակորդը Ղրիմում մենք ենք, բռնությունների սլաքը հիմնականում մեր դեմ էլ ուղղեցին։ Սկզբում գողանում էին մեր ակտիվիստներին, հետո մենք նրանց գտնում էինք խոշտանգված ու սպանված կամ գտնել անգամ չէինք կարողանում։ Ավելի ուշ սկսեցին ձերբակալել ու դատել։ Երբ բռնությունների ծավալները մեծացան, շատ թաթարներ ստիպված եղան հեռանալ իրենց հայրենիքից։ Նրանք, ովքեր մնացին, մշտական սպառնալիքի տակ են։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը
հաջորդը
Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն