Օգոստոսի 20-27-ը Լոռու մարզի Դեբետ գյուղում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային 9-րդ փառատոնը։ Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած կինոգործիչները մեկ շաբաթ կապրեն գյուղացիների տներում, կծանոթանան հայկական կենցաղին եւ մշակույթին։ Իսկ գյուղացիները հնարավորություն կունենան դիտելու վավերագրական կինոյի՝ վերջին տարիների լավագույն ձեռքբերումները։
Փառատոնի ընթացքում կներկայացվի 40 ֆիլմ, որոնք թարգմանվելու են հայերեն։ Կարճամետրաժ եւ լիամետրաժ ֆիլմերի մրցույթներից բացի՝ նախատեսվում են նաեւ հատուկ ցուցադրություններ։
Հայկական կինովավերագրության ուշագրավ նմուշների ցուցադրությամբ կնշանավորվի հայ կինոյի 100-ամյակը։ Իսկ «Մենք ուրուր օնինք» ծրագրով գեղարվեստական մեկնությամբ կներկայացվի Հայաստանի եւ Արցախի ներկա վիճակը։
«Ծիրանի ծառ» փառատոնն առաջին անգամ անցկացվել է Երեւանում 2015 թվականին։ Հաջորդ տարի այն ներառել է նաեւ Արագածոտնի մարզի Ուջան գյուղն ու Գյումրին։ Իսկ 2017-ից մշակութային գործիչ Մարտին Ադոյանի աջակցությամբ փառատոնը վերջնականապես հաստատվել է Ուջանում՝ իրագործելով Հայաստանում գյուղական կինոփառատոնի բացառիկ նախագիծը։
Փառատոնի նախաձեռնողը «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունն է։ Նման փառատոն ունենալու գաղափարը ծնվել է Հայաստանում մշակութային կյանքն ապակենտրոնացնելու ցանկությունից․ միջոցառումների գերակշիռ մասն անցկացվում է Երեւանում եւ Գյումրիում, իսկ գյուղական բնակչությունը զրկված է անգամ հայրենական ժամանակակից արվեստի հետ շփվելու հնարավորությունից։
Կազմակերպիչները նշում են՝ «Ծիրանի ծառ»-ը Արագածոտնից Լոռի տեղափոխելով՝ թեւակոխում են փառատոնի զարգացման նոր փուլ, թեեւ մասնակիցների՝ գյուղացիների տներում ապրելու բաղադրիչը կմնա անփոփոխ։ Առանցքային փոփոխությունը հեռավորությունն է Երեւանից եւ նոր համայնքների ներգրավումը փառատոնի կազմակերպչական աշխատանքներին։
Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Լոռու մարզպետարանի, Փամբակի համայնքապետարանի, Դեբետի վարչական կենտրոնի եւ «Դեբատուն» հյուրատան աջակցությամբ։

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։