ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում սոցիալապես անապահով եւ արտակարգ իրավիճակներից տուժած 13 հազար քաղաքացու ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը սննդի աջակցության քարտեր կտրամադրի։ Նախարարությունը իրազեկող տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչ է սննդի աջակցության քարտը, ում է տրամադրվում, ինչպես պետք է օգտագործել այն, որքան գումար է տրամադրվում ընտանիքին քարտի միջոցով, եւ որտեղ կարելի է գնումներ կատարել այդ քարտով։ «Սննդի աջակցության քարտը պարենային անապահովության հաղթահարմանն ուղղված սոցիալական աջակցության ծառայություն է։ Քարտը թողարկվում է ընտանիքի որեւէ չափահաս անդամի անունով, եւ այդ քարտի վրա փոխանցվում է ընտանիքի բոլոր անդամների համար նախատեսված գումարը»,– ասվում է տեսանյութում։
Ծրագրի այս փուլում քարտը կտրամադրվի Շիրակի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի այն անապահով ու խոցելի ընտանիքներին, որոնց միասնական սոցիալական ծառայությունը կարիքների գնահատման արդյունքում ճանաչել է պարենային անապահով։ Քարտը հնարավոր է օգտագործել միայն մթերային խանութներում սնունդ գնելու համար։ «Քարտից հնարավոր չէ գումարը կանխիկացնել, դրանով չի թույլատրվում գնել ալկոհոլ, ծխախոտ կամ կենցաղային պարագաներ»,– շեշտել են նախարարությունից։
Քարտը պարունակելու է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով, յուրաքանչյուր ամսվա համար՝ մոտ 9000 դրամ։ Օրինակ` եթե ընտանիքը ունի 5 անդամ, ապա քարտին կփոխանցվի մոտ 45 հազար դրամ։ Այդ գումարը կարելի է օգտագործել մաս–մաս կամ միանվագ։ Քարտը հնարավոր է օգտագործել ցանկացած մթերային խանութում, որտեղ կա անկախնիկ գնում կատարելու հնարավորություն։ Եվ վերջում նախարարությունը զգուշացնում է` քարտը չի կարելի փոխանցել այլ անձանց։