Շիրակի մարզի Այգաբաց գյուղում խուճապ է. մինչ գյուղացիներից շատերը կհնձեին հասած հացահատիկի բերքը, կրծողները կոմբայններից առաջ են ընկել: Մոտ մեկ շաբաթվա ընթացքում ակտիվացած մկները հավաքել են ամբողջ բերքն ու ամբարել հողի տակ: Որ պատկերն իրոք այդպիսին էր, ինչպես ներկայացնում էին հողօգտագործողները, առաջին պահին հավատալը դժվար էր: «Ալիք Մեդիայի» օբյեկտիվը, սակայն, ֆիքսեց «մաքրազարդված» ցանքատարածքները, որտեղ մեկ հատիկ հասկ չկար հավաքելու:
Արարատ Ասատրյանը 60 տարեկան է, բայց այսպիսի բան չի տեսել, ոչ էլ ծնողների պատմածով է հիշում: Կրծողներ եղել են, բայց նման «ագահ թալան» երբեք չի եղել: «Մտա, տեսա, կարծես գերանդիով հնձած, տարած լինեն բերքը»,- ասում է Արարատն ու վստահեցնում՝ դեռ մեկ շաբաթ առաջ 5 տոննա բերքի ակնկալիք ուներ:
Անդրանիկ Մկրտչյանը եւս ձեռնունայն է մնացել: 1,5 հեկտար ցորեն էր մշակել, աշնանն էլ ժամանակին կրծողների դեմ պայքարի բոլոր գործողություններն արել: «Որ մկնդեղը ճիշտ ժամանակին ու բոլորը համատարած դնեին, այսպիսի բան չէր լինի»,- ասում է Անդրանիկը, որ 4 տոննա բերքի ակնկալիք ուներ:
1,20 հեկտար տարածքում էլ Հովհաննես Հորատյանն էր ցորեն մշակել: Մոտ 6 տոննա հացահատիկ կհնձեր, քանի որ արտը լավ էր մշակել, պարարտացրել ազոտական պարարտանյութով եւ վիտամիններով: Մեկ ամիս առաջ նայել էր, ամեն ինչ լավ էր, հանգիստ սրտով գնացել էր այլ մարզում աշխատելու: «Տնից զանգեցին, թե՝ արի՛, արտի բերքը չկա»:
Ցորենի բերքի մնացորդը դեռ չփրկած՝ մեկ այլ խնդիր է գլուխ բարձրացնում: Մկները ցորենի պաշարը հավաքել, անցել են կարտոֆիլին:
Նշենք, որ Կառավարությունը գյուղացիական տնտեսություններին յուրաքանչյուր հեկտար հողատարածքի համար հատկացնում է 80 գրամ մկնդեղ: Վերահսկողությունը, սակայն, արդյունավետ չէ: Գյուղացին կարող է ստանալ հասանելիք թույնը, բայց ճիշտ չիրացնել կամ ընդհանրապես չօգտագործել ըստ նպատակի:
Ստեղծված իրավիճակից անհանգստացած՝ գյուղացիները նոր են ակտիվացրել կրծողների դեմ աշխատանքները:
«Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը ստեղծված խնդիրն ու դրանից բխող իրավիճակը տարբեր կողմերից է վերլուծում: Ասում է՝ նախ՝ մեզանում ընդունված չէ խնդիրների դեմ համակարգված, ժամանակին եւ հետեւողական պայքարելը: Կրծողների հասցրած վնասը կանգնեցնելու դեպքում էլ նույնն է. հախուռն ձեւով սկսում ենք պայքարել միայն այն ժամանակ, երբ իրավիճակն անկառավարելի է դառնում:
«Հիմա միայն, երբ մեկ ժամն էլ իրավիճակի վրա ազդեցություն կարող է ունենալ, մարդիկ համատարած կպայքարեն, մկնդեղ կդնեն ցանքատարածություններում: Բնականաբար մուկն ու առնետը անմիջապես չեն ոչնչանա, մի քանի օր կշարունակեն իրենց գործը, այնուհետեւ ավելի թուլացած կշրջեն դաշտերով՝ հեշտ որս դառնալով գիշատիչ թռչունների համար»,- ասում է բնապահպանը:
Այստեղ էլ խնդրին խնդիր ենք ավելացնում. խաթարվում է բնության եւս մեկ շղթա: Գիշատիչ թռչունների զանգվածային անկում է լինում, ինչը շղթայաբար կրկին ազդում է կրծողների ավելացման վրա:
Պետրոսյանն ասում է՝ կրծողների դեմ պայքարը պետք է սկսել ոչ թե հիմա, այլ այն ժամանակ, երբ թռչուններն ակտիվ չեն: Այս դեպքում կլուծվի երկու խնդիր. ե՛ւ թռչունները չեն ոչնչանա, ե՛ւ մկները չեն բազմանա, ու չենք ունենա այն, ինչ ունենք:
Խնդրի վրա ոչ շատ, բայց որոշակի ազդեցություն ունի նաեւ աղվեսների որսի անարգել թույլտվությունը: Աղվեսների քանակի պակասը եւս նպաստում է կրծողների քանակի ավելացմանը:
ԴԻՏԵՔ ՆԱԵՎԻնչպե՞ս է Հայաստանը դիմակայում կլիմայի փոփոխությանը |
Իսկ եթե խնդրին մոտենանք ավելի լայն շառավղով, այն մեզ կտանի դեպի համամարդկային խնդրի՝ գլոբալ տաքացման ակունքներ:
Բնապահպանն ասում է՝ տաք ձմռանը մկները հեշտ են բազմանում, իսկ սաստիկ սառնամանիքներին քչերն են կենդանի մնում մինչեւ գարուն: Դա է բնության սահմանած բալանսավորումը, իսկ գլոբալ տաքացումը խախտում է այդ հավասարակշռությունը:
Վստահ ենք, եթե դատարկ արտի գլխին կանգնած գյուղացուն պատմես գլոբալ տաքացման վտանգի մասին, ձեռքը կթափահարի, թե՝ գնա՛ գործիդ, օրվա հացի խնդիր ենք լուծում: Իրականում իրենց չվերաբերող խնդիրն է իրենց ձեռքից տանում օրվա հացը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։