Այս տարվա օգոստոսին Նիկոլ Փաշինյանը մարզային այցեր էր կատարում, իսկ սեպտեմբերի 1-ին եւ դրանից հետո նրա այցելությունների թիրախները դարձան դպրոցները։
Սեպտեմբերի 1-ին երկու դպրոց է այցելել (Արմավիրի մարզի Պտղունք գյուղում եւ Երեւանում՝ Մուրացանի անվան), իսկ սեպտեմբերի 4-ին՝ արդեն չորսը, երկուսը` Երեւանում (թիվ 116 եւ 95), երկուսը` մարզերում (Արարատի մարզի Դեղձուտ եւ Արագածոտնի մարզի Օհանավան)։
Սեպտեմբերի 5-ին էլ Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղի դպրոցում է եղել։ Սեպտեմբերի 6-ին աշխատանքային այցով եղավ Շիրակի մարզում, խորհրդակցությունից զատ՝ հընթացս այցելելով էլի մի դպրոցի շինարարություն։
Նորմալ է, որ երկրի ղեկավարը այցելում է մարզեր, քաղաքներ, գյուղեր։ Աննորմալը դրանց (մարդու լեզուն չի պտտվում այդ բառը օգտագործել, բայց ուրիշը չկա) լուսաբանումն է։ Այն մեզ հիշեցնում է խորհրդային փայլուն տարիները, երբ ղեկավարների զանազան այցերի ու հանդիպումների մասին ստանում էինք միայն պաշտոնական տեղեկություններ՝ ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը, լուսանկարները։
Հիմա էլ նույնն է, պարզապես ՏԱՍՍ-ի կամ Արմենպրեսի փոխարեն տեղեկությունները, տեսանյութերը, լուսանկարները առաջինը տարածում է անգամ ոչ թե վարչապետի պաշտոնական կայքը, այլ նրա ֆեյսբուքյան էջը։ Իսկ այդ տեքստերը, տեսանյութերը եւ լուսանկարները հետո հրապարակում են բազմաթիվ լրատվամիջոցներ, որովհետեւ տեղեկությունների այլ աղբյուրներ չունեն եւ չեն կարող ունենալ։
Ստացվում է, որ «ժողովրդավարության բարձրագույն լիգայում խաղացող» Հայաստանում բազմաթիվ հեռուստաալիքների, հարյուրավոր տեղեկատվական կայքերի առկայության պայմաններում հասարակությունը զրկված է վարչապետի այցերի մասին այլընտրանքային տեղեկություններ ստանալու հնարավորությունից։
Տարածված կադրերով, որ հավանաբար նկարահանում է իր իսկ մամուլի ծառայության օպերատորը, միայն երեւում է, թե ինչքան լավ են դիմավորում վարչապետին, թե ինչ «պուպուշ» կառավարություն ունենք, թե հերթական ինչ «փայլուն» ելույթ է ունեցել Փաշինյանը։ Եվ սա 21-րդ դարի երկրորդ քսանամյակում։
Ոչ մի այլ օպերատոր, լրագրող, լուսանկարիչ չի կարող լուսանկարելու, տեսանկարահանելու կամ պարզապես մարդկանց խոսեցնելու անգամ հնարավորություն ստանալ։ Ստացվում է խորհրդային հեռուստատեսության ժամանցային այն հաղորդման նման, որը կոչվում էր «Сам себе режиссёр». ինքն այցելում է, ինքը (իր օպերատորը) նկարահանում, ինքն այդ այցը լուսաբանում է իր ֆեյսբուքյան էջում, հետո ընդարձակ տեղեկությունը՝ նույն կադրերով, հայտնվում է վարչապետի պաշտոնական կայքում։
Լրատվամիջոցներն էլ, ոմանք հաճույքով, ոմանք ստիպված, նույն կերպ տարածում են՝ հաճախ անգամ հաղորդագրության վերնագիրը չփոխելով։
Ես չեմ կարող քննադատել իմ այն գործընկերներին, որոնք այդ նյութերը տարածում են՝ ակամա մասնակցելով փաշինյանական փիառին։ Այսուհանդերձ, կարծում եմ՝ ավելի ճիշտ էին այն կայքերը, որ սկզբունքորեն չէին տարածում, քանի որ զրկված էին ամբողջական, հավաստի, այլընտրանքային տեղեկություններ ստանալու, սեփական կադրեր ու զրույցներ ունենալու, այսինքն՝ բարեխիղճ լրագրության հնարավորությունից։
Այն, ինչը հաստատ կքննադատեր լրագրող եւ խմբագիր Փաշինյանը, հիմա անում է վարչապետ Փաշինյանը՝ անվտանգության տասնյակ աշխատակիցներով շրջապատվելով եւ ամբողջությամբ փակելով իր այցերի մասին պաշտոնականից զատ այլ տեղեկություններ ստանալու հնարավորությունը։
Այս կերպ աշխատելը մի քանի պրոպագանդիստական (ես գիտեմ «քարոզչություն» բառը, բայց էս դեպքում պրոպագանդան է ճիշտ) նպատակներ ունի։
Նախ՝ տեսեք՝ ինչ լավ կառավարություն ունենք. ցանկացած այցի փաշինյանական լուսաբանումներում թվարկվում են թվեր, որոնք ոչ ոք չի հիշելու, եւ ծրագրեր, որոնք կառավարության «հայրական հոգատարության» շնորհիվ իրականացվում են մարզերում ու հատկապես դպրոցներում։
Երկրորդ՝ տեսեք՝ ինչ ոգեւորությամբ են դիմավորում վարչապետին. տարածվում են գրկիկներով ու պաչիկներով կադրեր, գովքի արտահայտություններ. «Անփորձանք, անդարդ, մեր գլխից անպակաս» կամ «Գյուղի մի տարեց բնակչուհի Փաշինյանին ցույց տվեց տներից մեկն ու ասաց. «Հլա էն գեղեցիկ տունը մտիկ արա, ո՞վ ա սարքել: Վարչապետը, էդ քո շնորհքն ա»:
Երրորդ` տեսեք՝ ժողովրդին մոտ կանգնած ինչ վարչապետ ունենք, ամեն մեկի հետ իր լեզվով է խոսում. «Էս ինչ լավ դասարան ունեք, էրեխեք»։
Եվ վերջապես՝ չորրորդ. թվում է՝ ուղղակի կապ չկա այս այցերի եւ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի միջեւ։ Իրականում կա՝ անուղղակի, ենթագիտակցականի վրա ազդող կապ։ Ուղերձը հետեւյալն է. երեւանցինե՛ր, տեսեք՝ մեր կառավարությունն ինչքան լավն է, տեսեք՝ մեզ ոնց են ընդունում մարզերում, գյուղերում, դպրոցներում, տեսեք, թե ինչ լավ ենք աշխատում, եթե ձեր ձայնը տաք ՔՊ թեկնածուին՝ Ավինյանին, Երեւանում ամեն ինչ լավ կլինի։
Երբեմն այդ անուղղակի քարոզչությունը նաեւ ուղղակի է ստացվում։ Օրինակ` Երեւանի թիվ 116 հիմնական դպրոցում հանդիպման ժամանակ, Փաշինյանը, իբր իմիջիայլոց, ասաց. «Պարոն Ավինյանը նշեց Երևանում 24 մանկապարտեզի հիմնանորոգման մասին: Մենք 500 մանկապարտեզ կառուցելու խնդիր ենք դրել մեր առաջ»։ Վերջ, ունկնդիրը լսեց՝ պարոն Ավինյան, 24 մանկապարտեզ…
Ահա այսպես, «Сам себе режиссёр»-ի ինքնափիառը դառնում է նաեւ քարոզչություն Ավինյանի օգտին։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։