Այս լուսանկարը ստանալու համար մեզնից ուղիղ կես ժամ պահանջվեց։ Սիմոնյանների 13-հոգանոց ընտանիքի ամենափոքր անդամներին մեկտեղ հավաքելը գրեթե անհնար էր։
Հավաքվեցին վերջապես․ ուշադրությո՛ւն, նկարում ենք․․․ Մամա՛, Դավիթն էլի փախավ․․․ Պապա՛, Էդգարը մտավ մեքենայի տակ․․․ Էլ չենք սպասում, նկարում ենք։
«Չեմ նեղվում չարաճճիություններից, բա երեխա են, չվազվզե՞ն»,- ծիծաղելով ասում է ընտանիքի մայրը՝ Աշխենը։
Սպասում էին, գիտեին, որ լրագրող հյուր են ունենալու։ Հազար ու մի հոգս ու գործի մեջ Աշխենը հասցրել էր պատրաստվել, հազվադեպ օգտագործվող ականջօղերն ու փայլուն մազակալը դնել։
«Վոլոդյաս, Ռիմաս, Անժելաս, Նազելիս, Մարիամս, Միլենաս, Արիանաս, Տանոս, Դավիթս, Էդվարդս, Վիկտորյաս․․ ի դեպ, այսօր փոքրս երեք ամսական դարձավ»,- մեծից փոքր երեխաների անուններն է թվարկում Աշխենը,- մեծ որդիս, մեռնեմ նրա բազուկներին, բանակում է, դիրքերն է պահում հիմա, երկուսը ուսանող են, չորսը՝ դպրոցական, մյուսները դեռ մանկահասակ են»։
Երկու տասնամյակ հետ է գնում, հիշում, թե ինչպես 17 տարին նոր բոլորած հարսնացավ։ Գյումրիում է ծնվել, մեծացել։ Ապագա ամուսինն ու նրա եղբայրը իրենց թաղում փայտ գնելիս են եղել, տեսել են իրեն, հավանել։ Հովհաննեսի սիրտը կպել է քաղաքի աղջկան, որոշել Ախուրյան գյուղ հարս տանել։ Մի քանի անգամ եկել են Աշխենի ձեռքը խնդրելու, բայց ապարդյուն․ «Հայրս ասաց՝ երեխա է, չեմ ամուսնացնում»։
Որ գործը գլուխ չեն բերում, երկու եղբայր որոշում են ծայրահեղ քայլի գնալ․ «Ամուսինս ու տեգրս ինձ փախցրին»։ Աշխենի հայրը գալիս է, թե՝ «Արի՛, հետ տանեմ», դուստրն էլ թե՝ «Չեմ գա, եկել եմ, կմնամ»։ Այդ որոշման համար Աշխենը երբեք չի զղջացել․ «Շատ սիրով զույգ ենք, մեկս մեկիս՝ սատար ու նեցուկ»:
Երբ 20 տարեկանում Սիմոնյան ամուսինները որդի են կորցնում, ցավը մեղմելու համար խոստանում են իրար, որ շատ զավակներ են ունենալու, հղիության արհեստական ընդհատման էլ երբեք չեն գնալու։ «Բա մարդ էլ իր չծնված երեխային սպանի՞, չէ՞ որ ծնվածի կորուստն անտանելի է, մի քանի ամիսն ի՞նչ է փոխում, դա քո երեխան չէ՞»,-վրդովված հարցնում է Աշխենը։
12 զավակ ծնած կինը մանրակրկիտ վերլուծում է շատ երեխաներ ունենալու առավելությունները։ Պատմում է, որ երբ առաջնեկը ծնվել է, կյանքն իմաստավորվել է։ Վստահեցնում է՝ երեխաներից յուրաքանչյուրին անհամբեր են սպասել, ամեն մեկի ծնունդը նոր տոն, գույն ու երջանկություն է բերել իրենց ընտանիք։ «Եթե մեկ երեխան այդքան թանկ է, բա տրամաբանական չէ՞, որ տասնմեկը տասնմե՛կ անգամ է թանկ»։
Զարմանում է այն կանանց վրա, որոնք աջուձախ մեղադրում են իրեն բազմազավակ լինելու համար։ «Մենք տարբեր լեզուներով ենք խոսում, ես իրենց չեմ հասկանում, իրենք՝ ինձ»։
Աշխենին զարմացնում է միտքը, թե շատ երեխա պահելը դժվար է։ Չի ժխտում, որ խնդիրներն, իրո՛ք, շատ են, երբեմն՝ անլուծելի, բայց դա բազմազավակության հետ չի կապում։ «Դե, եթե այդպես լիներ, ու քիչ երեխա ունենալը ենթադրեր դժվարության բացակայություն, թող շուրջս բոլորը հարուստ ու երջանիկ լինեին իրենց մեկ կամ երկու երեխայով: Ճիշտ է, նեղված ենք ապրում, բայց ինչո՞ւ է թվում, թե իմ երեխաները կիսատ են սնվում, ձերը՝ կրկնակի ու եռակի,- հարցնում է Աշխենն ու շարունակում,- առանց երեխաներիս կյանք չունեմ, ամեն մեկին սիրում եմ յուրովի, երբ ծնվում են, սերս ոչ թե կիսվում, այլ կրկնապատկվում է»:
Բացի այն, որ Սիմոնյանների՝ Ախուրյանում գտնվող տունը շատ փոքր ու վթարային է, եկամուտն էլ է խիստ համեստ։ Հայրն աշխատում է անասնագոմում՝ ամսական 60000 դրամ աշխատավարձով, դրան գումարվում է ընտանեկան նպաստը։ Ամուսինները խոստովանում են, որ այդ չնչին գումարով ոչինչ չէին կարող անել, եթե իրենց մշտապես օգնության ձեռք չմեկնեին բարեգործական ընկերություններն ու անհատ բարերարները։ Փոքր դուստրն էլ առողջության խնդիրներով է ծնվել, վիրահատելու են մայրաքաղաքում։ Ասում են՝ Վիկտորիան առողջանա՝ կյանքը նորից հունի մեջ կընկնի։
Հարցին՝ ի՞նչ է երազում, Աշխենն առանց երկար մտածելու պատասխանում է՝ իմ առաջին ու մեծ երջանկությունն այն կլինի, որ երկիրս խաղաղ լինի, սահմաններն՝ ամուր: Դրանից հետո միայն երազանքներս երեխաներիս հետ են կապված։ Ուզում եմ լավ տուն ունենալ, որ նրանք իրենց սենյակներն ունենան, ապրեն հարմարավետ պայմաններում։ Հավատում է, որ ամեն ինչ լավ է լինելու, որոշել է, երբ երեխաները լավ կրթություն ստանան, լավ աշխատանք ունենան, անպայման օգնելու են կարիքավոր ընտանիքներին։
«Այնուամենայնիվ, հաստա՞տ դժվար չէ 11 երեխա մեծացնելը» հարցին Աշխենը պատասխանում է. «Ամեն ինչն էլ դժվար է․․․ Այդքան մատղաշ երեխաների կորցրինք․․․ Մեր երկրին երեխաներ են պետք․․․ Որ ամեն մեկս ասենք՝ մեզ հեշտ լինի, բա էս երկրում ո՞վ երեխա ունենա․․․ Իմ տղան սահման է պահում հանուն բոլորիս, բա այս երկիրը մենակ զինվորի հույսի՞ն է մնալու»:
Հ.Գ․ Զրույցի ամբողջ ընթացքում Աշխենի խոսքի մեջ ինքնապաշտպանություն կար, շարունակ արդարանում էր, ում առաջ եւ ինչի համար՝ ինքն էլ չգիտեր։ Հավանաբար հասարակության այն ստվար զանգվածի, որ շատ երեխաներ ունեցողին շնորհակալ լինելու փոխարեն գամում է անարգանքի սյունին։
Վստահաբար հասարակության մեջ բազմազավակին կմեծարեին, եթե տարիներ շարունակ պետությունը չանտեսեր նրանց։

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։