«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 28-րդ թողարկման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են հայ-ռուսական հարաբերությունները։ Նրանց կարծիքով՝ Հայաստանի քաղաքական վերնախավը թյուր պատկերացում է ունեցել, որ արցախյան հակամարտության «Ստատուս քվոն հավերժական է», եւ որ այն «ձեռնտու է թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին»։ ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը չեն կարող ընտրություն կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ եզրակացնում են Փաշոյանն ու Մադոյանը։
Ռուսաստանը՝ հակամարտության կողմ
ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆ Ռուսաստանը երբեք չի պարտավորվել ապահովել Արցախի անվտանգությունը, ընդհակառակը, ինչ-որ մի փուլում Ղարաբաղյան հակամարտությունում ինքը դարձել ա կողմ։ Ու կարելի ա ասել՝ էն ինչ որ հիմա կա,
դրա հետեւանքն ա, այսինքն՝ Հայաստանի եւ Ռուսաստանի անհամաձայնությամբ
Ղարաբաղի վերաբերյալ, փլվել ա, հիմա անընդհատ փլվելով էդ ազատ անկումը շարունակվում ա, անընդհատ նոր պրոբլեմներ են ի հայտ գալիս։ Այսինքն՝ էս ստատուս քվոն ձեւավորել ա Ղարաբաղյան հակամարտության ինչ-ինչ լուծմամբ, գիտենք՝ ինչ լուծմամբ։ Ու դրանց հետո փլվելով գալիս ա։
Հայաստանն այլընտրանք չունի
ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆ Տպավորություն ա ստեղծվում, թե Հայաստանը միշտ կամ թեկուզ հիմա ունեցել ա բազում այլընտրանքներ։ Չէ, Հայաստանը դասվում ա այն պետությունների շարքին, որ ունենում են մեկ կամ երկու որոշում կայացնելու հնարավորություն, եւ դրանից է կախված հետագա ընթացքը։ Եվ եթե շինության, հա՞, կառույցից մի քար սխալ ես տեղաշարժում, կարա ամեն ինչ փլվի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ոնց որ սխալ քարի ա ձեռք տվել, ամեն ինչ փլվում ա։ Այսինքն՝ հայ-ռուսական էս ճգնաժամը շղթայական ա ու սկզբնավորվում ա հենց էդ բուն պրոբլեմից։
Ստատուս քվոն՝ ի վերուստ տրված մանանա
ԳՈՌ ՄԱԴՈՅԱՆ Ես կարծում եմ, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, թե՛ Սերժ Սարգսյանի ժամանակ ու նաեւ Նիկոլ Փաշինյանի ժամանակ՝ մինչեւ 44-օրյա պատերազմը Հայաստանի էլիտաները, այսինքն՝ կառավարող շրջանակները, կարծել են, որ ոչ թե Ռուսաստանը մեր կողմից ա ընդդեմ Ադրբեջանի կամ Ռուսաստանը պարտավորվել ա պաշտպանել Հայաստանին կամ Արցախին, այլ ավելի շատ իրենք կարծել են, որ էս ստատուս քվոն, որ ձեւավորվել ա 94-ից հետո, էդ հավերժական ստատուս քվո ա եւ էդ ստատուս քվոն ձեռնտու ա թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին, թե՛ մնացած խաղացողներին, որոնք կարող են ինչ-որ առումով եղանակ փոխել։ Ու կարծել են, որ դե քանի ստատուս քվոն կա, կարելի ա էդ ընթացքում, չգիտեմ՝ հարստանալ, միլիոններ դիզել, չզբաղվել պետության կառուցմամբ, չզբաղվել բանակի մոդեռնիզացիայով։ Այսինքն՝ տենց խորհրդային տիպի բանակը քռքաշ շարունակել, ոնց եղել ա։ Վազգեն Սարգսյանին ամեն տարի բանաստեղծություններ են ձոնել, երգեր պատվիրել, գնալ զորամասեր եւ երգել, թե ինչ հզոր բանակ ունենք մենք։ Այսինքն՝ կարծել, որ էդ ստատուս քվոն ի վերուստ տրված մանանա ա եւ չի փոխվելու։
Փսեւդո ինքնիշխաններ
ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆ Տպավորությունն էնպիսին ա, որ Հայաստանը ոչ թե ուզում ա իսկապես ինքնիշխան լինի, այլ խաղում ա ինքնիշխանություն, այսինքն՝ մարդկանց համար ինքնիշխանությունը չի պայմանավորվում մեր անվտանգային, աշխարհաքաղաքական միջավայրով, այլ կարեւոր ա, չգիտեմ, օրինակ, հիմա՝ Նիկոլ Փաշինյանը հելնի Պուտինին քրֆի ուղիղ եթերով։ Դա ա ինքնիշխանությունը։ Բայց, օրինակ՝ ինչ կլինի Խնձորեսկ գյուղի հետ, դա արդեն ոչ մեկի միջանցքին չի։ Հիմա ուզում եմ Տեր-Պետրոսյանին ցիտեմ։ 2011 թվականին ինքը զգուշացնում էր, որ Հայաստանը կորցրել ա տարածաշրջանում Ռուսաստանի միակ դաշնակիցը լինելու մենաշնորհը։ Նաեւ զգուշացնում էր, նորից 2011 թվականին, որ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբին զուգընթաց Ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխվել ա ռուս-թուրք-ադրբեջանական փոխհարաբերությունների ոլորտ։ Բայց էլի՝ ավանդույթի ուժով, որեւէ մեկը էս կանխատեսմանը, որն ակնհայտ էր, որը չափելի էր, լուրջ չէր վերաբերվում։ Հետո եղավ էն, ինչ եղավ։
ԳՈՌ ՄԱԴՈՅԱՆ Նույնիսկ 2016-ի ապրիլյանից հետո դրան լուրջ չէին վերաբերվում։
ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆ Ռուսաստանը բավականին վտանգավոր պետություն ա։ Ագրեսիվ պետություն ա։ Շատ ավելի վտանգավոր, քան Սովետական Միությունը։ Ինչի՞ համար։ Ճիշտ ա, Սովետական Միությունը մի քանի անգամ ավելի հզոր էր, բայց աշխարհում ինքնահաստատվելու խնդիր չուներ, որովհետեւ հաղթող երկիր էր։ Ռուսաստանն արդեն ԽՍՀՄ փլատակների վրա էր ձեւավորվել ու ինքն իրան պարտված էր զգում ու, բնականաբար, պետք ա դառնար ռեւանշիստ, որովհետեւ գիտակցությունը կայսերական էր, բայց կայսրությունը չկար։
ԳՈՌ ՄԱԴՈՅԱՆ Բայց տնտեսությունը՝ Բրազիլիայի։
ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆ Հա, տնտեսությունն էլ Իտալիայի տնտեսությունից փոքր։
Անկախ գոյության գրավականը
ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆ Մեր դեպքում զգուշանալու լավագույն տարբերակը որքան հնարավոր է շուտ լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, գնալ նրան ընդառաջ, ինչը մենք ժամանակին չկարողացանք հասկանալ։ Ըստ էության, դա էր լինելու մեր անկախ եւ ինքնիշխան գոյության գրավականը։ Պահ, որը մենք բաց թողեցինք, որովհետեւ, նորից եմ կրկնում, չկարողացանք գիտակցել Ռուսաստանի ներգրավվածությունը էս հակամարտությունում։ Ու էլի տարված ենք էդ ապուշ մտքերը վերարտադրելով՝ արյունով գրաված հողը հետ չեն տալիս, չգիտեմ՝ տվեք երաշխիքներ։ Այ ընկեր, հոսանքը գալիս ա քո վրա, փոթորիկը, ցունամին։ Փոխանակ փորձես որքան հնարավոր ա շուտ դա քեզնից հեռացնես, դու դրան ընդառաջ ես գնում ու ճակատիդ ուտում ես։
Ռուսաստանի վրա հալ չկա
ԳՈՌ ՄԱԴՈՅԱՆ Ես կարծում եմ, որ մենք տարբեր պատճառներով հիմա մտել ենք մի փակուղի՝ պատերազմի, պատերազմից հետո դիվանագիտության բացակայության, ուկրաինական պատերազմի, որտեղ ընտրության հարցը գիտե՞ս ոնց ա՝ կամ արցախցիները դուրս են գալիս, մենք դե ֆակտո հրաժարվում ենք Լաչինի միջանցքից ու Ալիեւն էլ պատճառ չի ունենաում ուզելու Զանգեզուրի միջանցքը, կամ մենք տալիս ենք Զանգեզուրի միջանցքը, դրա դիմաց արցախցիները մնում են արցախում ու էդ երկու միջանցքները՝ Լաչինը եւ Աղդամը համազոր են դառնում։ Երկու պարագայում էլ էդ երկու միջանցքների գարանտը Ռուսաստանն ա, որի վրա հիմա հալ չկա։