Երբ եվրոպական եւ ասիական ավտոկրատիաները 20-րդ դարի վերջին տասնամյակներին վերանում էին կամ վերափոխվում, ավտոկրատիայից դեմոկրատիա անցման քաղաքական մոդեռնիզացիան ընթանում էր առավելապես երկաստիճան. սկզբում ազատականացվում էր քաղաքական համակարգը, հետո` տնտեսությունը:
Ըստ որում՝ ազատականացվում էր կա՛մ ավտոկրատի մահվան, կա՛մ էլիտաների համաձայնեցված տրանզիցիաների, կա՛մ էլ երկուսի համադրման արդյունքում։
2018-ին Հայաստանում տեղի ունեցածը, դե ֆակտո եւ դե յուրե, փափուկ տրանզիցիա էր, փողոցով պարտադրված ավտոկրատի հրաժարական՝ դրան հետեւած իշխանության մարմինների ներէլիտային վերադասավորմամբ։ Արդյունքում այդ փափուկ անցումն ապահովեց Սերժ Սարգսյանի եւ նրա թիմակիցների անձեռնմխելիությունը, որի դիմաց նոր իշխանությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի ստացավ գործող էլիտայի աջակցությունը, իսկ նրա առաջին կառավարությունը սարգսյանական կառավարություն էր՝ Սերժ Սարգսյանի երկրորդ էշելոնի առանցքային ուժայիններով։
Սերժ Սարգսյանից հետո քաղաքական համակարգն ազատականացվեց, դարձավ մրցակցային, բայց ոչ արդար։
Փաշինյանն իր անձնական հեղինակությամբ ու ժողովրդական բարձր լեգիտիմությամբ ապահովեց ազատ ընտրությունների գործընթաց՝ կանոնակարգի առումով։ Դա առանց բռնության կամ ընտրակաշառքի էր, բայց ոչ արդար, որովհետեւ արագ տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները շանս չտվեցին նոր կուսակցություններին ինքնակազմակերպվելու, ամրանալու, հայտնի դառնալու, եւ ընտրությունների արդյունքում ունեցանք նոր խորհրդարանական մեծամասնություն հին էլիտայի վերարտադրությամբ՝ Հայաստանի կյանքի բոլոր որոլտներում։
Հենց այդպիսի կրկնություններից ու փակ շրջաններից խուսափելու համար են ժամանակ առ ժամանակ ի հայտ եկել անցումային կառավարության մոդելները, որպեսզի երկարատեւ ավտորիտարիզմից հետո լուսանցքում մնացած քաղաքական գործիչներն ու ուժերը ժամանակ ունենան վերականգնվելու ու կոնսոլիդացվելու, եւ ԿԸՀ-ի սահմանած մեկամսյա քարոզարշավը ոչ միայն բավարար չէ դրա համար, այլեւ խաբկանք է ստեղծում, թե այդ ամենն իսկական ժողովրդավարական վերափոխում է։
Այդ փոփոխություններին զուգահեռ, տնտեսական համակարգը մնաց նույնը` վերարտադրելով նույն օլիգարխներին (որոնք ռեբրենդինգի ենթարկվեցին եւ կոչվեցին խոշոր սեփականատերեր), պահպանվեցին նույն բնական մոնոպոլիաները, նույն գերակա դիրք ունեցող բիզնեսներն ու գործարար շահերը, չազատականացվեցին ֆինանսական շուկան, բանկային համակարգը, մանր ու միջին բիզնեսների վարկավորումը, բանկեր-շուկա կապը։
Ավելին՝ արտահանումն ու ներկրումը չկարգավորվեցին, հակառակը, թե՛ պատերազմից առաջ, թե՛ հետո էլ ավելի թաղվելով ռուսական եւ ԵԱՏՄ շուկայի գրավիչ գրկում: Որպես հետեւանք ունենք քաղաքական համակարգի եւ տնտեսության մոդելի ներկա լճացումը, որի արդյունքը փաշինյանական կառավարման մոդելի երկդիմությունն է՝ «նոր» Հայաստան՝ ձեւով արեւմտյան, բայց բովանդակությամբ արեւելյան (ռուսական) մոդելի, որտեղ կան ընտրություններ, կան ժողովրդավարության բոլոր ատրիբուտները` առանց ինստիտուտների, այն է՝ առանց մրցակցության, առանց հակակշիռների ու հաշվետվողականության:
2018-ից հետո, գործող ազդեցիկ խմբերի նկատմամբ համակարգային եւ հետեւողական «հաշվեհարդար» չտեսնելով, Փաշինյանի իշխանությունն ունեցավ փափուկ անցում, տրանզիցիա, տեղի չունեցան բախումներ, փոփոխությունները հռչակվեցին ոչ բռնի եւ թավշյա, դա կոչվեց հաղթանակ, բայց արդյունքում կոնսերվացվեցին իրական քաղաքական փոփոխությունները։
Հայաստանը վերադարձավ արդեն ընտրված, բայց կրկին միակուսակցական համակարգին, իսկ նախկին ընդդիմությունը, կորցնելով լեգիտիմությունը, դարձավ մարգինալ։
Էլիտաներն ու բյուրոկրատիան, որոնք ապահովագրված էին N1 չարիքի՝ Սերժ Սարգսյանի կերպարով, արագորեն սերտաճեցին նոր կառավարողների հետ, կոնֆորմիզմի ամենակուլ ուժը լցրեց իշխանության վակուումը, եւ այդ ամենն այնքան սահուն, որ ինչ-որ պահի հետհեղափոխական ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը բողոքում էր իներցիայից, իսկ վարչապետ Փաշինյանը՝ բյուրոկրատիայի բութ եւ խուլ դիմադրությունից։
Հանրությունն էլ առանձնապես սոցիալական պատվեր չէր ձեւավորել հանրային կտրուկ, ինստիտուցիոնալ փոփոխությունների. Ռոբին Հուդի կերպարը գրավիչ էր կարճաժամկետ հեռանկարում, եւ մի պահ պատրանք ստեղծվեց, թե խնդիրը ոչ թե համակարգերն էին կամ դրանց բացակայությունը, այլ բուրգի գագաթի անհատը։
Սոցիալական օգնություն քաղաքական կայունության դիմաց բանաձեւին հասարակությունը ջերմորեն արձագանքեց՝ հավատալով նորերի «ազնվությանը» բայց չգիտակցելով, որ եթե ԱԱԾ պետը դառնում է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, եւ դա հաստատվում է իշխանության կրողի օրհնությամբ, ուրեմն ոչ միայն չեն զանազանվում ու հակադրվում համակարգերը, այլեւ ուժայինները վերարտադրվում են՝ նոր ոլորտներ գրավելով։
Կրկին առաջին պլան մղվեցին անհատները՝ ի հակադրություն անդեմ համակագի՝ այնքան անձնավորված, որ Արգիշտի Քյարամյանի անձը դարձավ հեղափոխական Հայաստանի հակահամակարգային փոփոխությունների խորհրդանիշ։ Փոշիացվեցին տնտեսական՝ ներքին ու արտաքին ինքնուրույնության հեռանկարները` տուրք տալով կարճատեւ հեռանկարի եւ պոտենցիալ տուրբուլենտության վախին:
Դա, սակայն, ոչ թե պետական վերափոխման, այլ համայնքային գոյության ֆորմատ է, որն իր հերթին արգելակում է թե՛ տնտեսության ներառական ու բազմակողմանի աճը, թե՛ քաղաքական համակարգի դիվերսիֆիկացիան ու իրական մրցակցությունը՝ արդյունքում հասարակական օրգանիզմը տանելով փակուղի՝ ուղեկցող լճացմամբ, ապատիայով, կոնֆորմիզմով ու հիասթափությամբ:
Հիմա էլ՝ թե՛ պատերազմում պարտությունից, թե՛ Արցախի հայաթափումից ու բռնագաղթից հետո, Հայաստանն ու իր հասարակությունը նույն դիլեմայի առջեւ են. շարունակել տուրք տալ այսրոպեական թմրանյութի՞ն՝ սոցիալական ապահովություն լոյալության դիմաց, թե՞ պահանջել նախեւառաջ տնտեսական համակարգային փոփոխություններ, որոնք, վերափոխելով տնտեսության կառուցվածքը շանս կստեղծեն միջին խավի ամրապնդման, քաղաքական անկախ ուժերի ֆինանսավորման ու ռուսական աճող կախվածության դիվերսիֆիկացիայի համար։
Հայաստանի իշխանություններն ու հասարակությունը պետք է գնան դասական փոփոխություններին հակառակ՝ չունենալով ռեսուրս իշխանափոխության, պահանջել տնտեսական համակարգի, ֆինանսա-բանկային սիստեմի ազատականացում՝ հընթացս պատրաստվելով գալիք ընտրություններին եւ հուսալով, որ դեպի ժողովրդավար Եվրոպա շարժվող Հայաստանը չի ընտրի իշխանության երրորդ ժամկետի որդեգրման ուղին եւ դաշնակիցներ կունենա ի դեմս հավաքական Արեւմուտքի ու ԵՄ-ի։
Այլապես առանց այդ փոփոխությունների մենք կունենանք մարդկային դեմքով փափուկ ավտոկրատիա՝ աջակցված ֆինանսական ահռելի ներարկումներով, տնտեսական անտրամաբանական աճով եւ հասարակական հոգեբանական ապատիայով։

Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։