Անահիտ Զախարյանը Արցախի շրջափակման ընթացքում 700-ից ավելի հղիներից մեկն էր: Ամեն օրը փորձություն էր ոչ միայն իր, այլեւ դեռ չծնված երեխայի համար: Ամեն անգամ աշխատավայրից՝ Արցախի ներդրումային հիմնադրամից կիլոմետրեր է կտրել՝ հասնելու հիվանդանոց հետազոտություններ անցնելու, որոնք այդ ընթացքում ամսական մեկ անգամ էին արվում հոսանք չլինելու եւ բազմաթիվ այլ պատճառներով:
«Քանի որ վառելիքի խնդիր կար, տրանսպորտ, ավտոմեքենաներ շատ քիչ էին լինում: Ստիպված էինք քաղաքի մի ծայրից մյուսը ոտքով գնալ, արդեն սովորել էինք»,- ասում է Անահիտը:
Շրջափակման հատկապես վերջին ամիսներն են դժվար անցել, երբ նույնիսկ մի կտոր հաց գտնելն անհնար է եղել: Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 200 գրամ հաց է հասել, այն էլ՝ ժամերով հերթերում սպասելուց հետո:
Հենց այդ դժվարություններն էլ Անահիտին հույս են տվել, որ եթե բոլորն են այդ ամբողջ դժոխքով անկոտրում անցնում, ուրեմն մի լույս կլինի վերջում: «Ո՞վ կպատկերացներ, որ մայր Հայաստանին կապող կյանքի ճանապարհը մի օր միակողմանի էր բացվելու: Համոզված էինք՝ պատերազմ հաղթահարեցինք, սա ի՞նչ է, որ չհաղթահարենք։ Հավատում էինք, որ նոր պատերազմ չի սկսվի, մի ելք կլինի: Հիմա մտածում ենք՝ եթե միեւնույնն է, բոլորս պետք է տեղահանվեինք, ինչո՞ւ հասցրին այդ վերջաբանին՝ այդքան զոհերի գնով»,- ասում է Անահիտը:
Այդ նույն ճանապարհով Անահիտի ընտանիքն Արցախ էր վերադարձել 2020-ի 44-օրյա պատերազմից հետո: Պատերազմի ընթացքում ծնվել էր նրա առաջնեկը, եւ ամբողջ ընտանիքով որոշել էին՝ իրենց որդին պիտի Արցախում մեծանա, իրենց ընտանիքն էլ Արցախը նորից շենացնելու գործում իր ներդրումը պետք է ունենա:
«Վերադառնալուց հետո Ստեփանակերտում սկսեցինք մեր տունը կառուցել, բայց շատ կարճ ժամանակ վայելեցինք: Սեպտեմբերի 19-ին հոսանքը ժամանակից շուտ անջատեցին, մինչ այդ սովորել էինք, որ հստակ ժամի չէր լինում: Սկզբում մտածեցի՝ վթար է եղել, հետո լսվեցին պայթյունները, որ մեր տանը շատ մոտ էին: Հասցրի միայն երեխային վերցնել ու վազել հարեւանի նկուղ: Ամուսինս էլ ապրանքափոխանակման էր. այդ ժամանակ մեր առօրյայի կարեւոր մասն էր դա, ձու էր տարել՝ մուրաբայի դիմաց»,- ասում է Անահիտն ու հավելում՝ այնքան էին հարմարվել գազի, հոսանքի եւ ջրի անջատումներին, որ այստեղ դրանց շուրջօրյա լինելը դեռ անսովոր է:
Տնից, որտեղ Անահիտի ընտանիքը հասցրել է մոտ 3 տարի ապրել, մնացել են միայն մի քանի հագուստ ու փաստաթղթեր: Քանի որ տունը Ստեփանակերտի բարձունքում էր, որտեղ ամենաառաջինն են մոտեցել ադրբեջանցիները, Անահիտի ընտանիքը գրեթե ոչինչ չի հասցրել վերցնել: Միայն հաջորդ օրը մտել է տուն, պատից հանել ընտանեկան նկարը: «Ուզում էի՝ գոնե դա մնար այդքան սիրով կառուցված տնից, բայց չհաջողվեց բերել: Պահել էի ավտոմեքենայում, որով պիտի Հայաստան գայինք, բայց ավտոմեքենան փչացավ, ու նկարը մնաց այնտեղ»,- հիշում է Անահիտը:
Բռնի տեղահանվելուց հետո արցախցի կնոջ ընտանիքը բնակարան է վարձել Երեւանում, միացել են նաեւ Անահիտի ծնողները: Կարճ ժամանակ անց որոշել են դժվարությունները հաղթահարել սեփական փոքրիկ բիզնեսը սկսելով:
«Պետությունն ինչքան էլ վճարի, կամավորներն ու բարեգործներն օգնեն, միեւնույնն է, մենք պետք է սկսենք աշխատել, մեր գլխի ճարը տեսնել։ Միշտ օգնության հույսով ապրել չէինք կարող, մեր ընտանիքում բոլորս աշխատել ենք: Որոշեցինք, որ պետք է սկսենք պատրաստել արցախյան ժենգյալով հաց։ Առաջին օրերին չգիտեինք՝ կվաճառվի՞, թե՞ ոչ, բայց ռիսկի դիմեցինք»:
Մոտակա խանութներում հյուրասիրել են իրենց ժենգյալով հացը: Գնորդները հավանել են, պատվերներ արել: Անահիտը ոգեւորված է՝ բոլոր կարծիքները դրական են եղել, իրենք էլ սկսել են ավելի հուսադրված աշխատել: «Ընտանիքում գործերը բաժանել ենք. մեկը կանաչին է գնում, մյուսը՝ լվանում, կտրատում, մյուսը՝ թխում: Ամեն մեկս մեր գործն ունենք»,- ասում է Անահիտը:
Տան փոքրիկը՝ երեքամյա որդին էլ իր գործն ունի՝ ուտում է սիրելի ժենգյալով հացն ու հարցնում՝ երբ է վերդառնալու իր սիրելի մանկապարտեզ: «Թվում է՝ փոքր է, ոչինչ չի հասկանում, բայց այդպես չէ: Արցախցի բոլոր երեխաներն իրենց տարիքից ավելի մեծ են, ավելի արագ են մեծանում, ամեն ինչ էլ գիտեն, հասկանում են: Ինքն էլ մեզ նման սպասում է Արցախ՝ մեր տուն վերադառնալուն»,- ասում է մայրը:
Անահիտի ընտանիքից ժենգյալով հաց կարող եք պատվիրել՝ զանգահարելով 097 36 04 87 կամ 033 22 69 88 հեռախոսահամարներով:

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: