Բուլինգ եզրույթը մեր առօրյա խոսակցական լեզվում վերջերս է մուտք գործել: Թեեւ սահմանումը նոր է, բայց երեւույթն այնքան հին է, որքան մարդկությունը:
Հոգեբան Ելենա Հովհաննիսյանը բացատրում է ինչ է բուլինգը՝ միմյանց հանդեպ ագրեսիվ դրսեւորում հիմնականում դպրոցահասակ երեխաների շրջանում: Բուլինգն ամենուր է, բայց ամենահաճախը դպրոցում է հանդիպում, քանի որ այդ տարիքում են երեխաները ձեւավորվում ու կայանում, փորձում ինքնահաստատվել իրենցից թույլ հասակակցին ճնշելու միջոցով:
Ըստ հոգեբանի թե՛ հալածանքի ենթարկողը, թե՛ ենթարկվողը հոգեբանական խորը խնդիրներ ունի: Որտեղ է խնդրի հիմքը. դպրոցն ասում է՝ ընտանիքում, ծնողն էլ թե՝ դպրոցում:
Խնդիրն ավելի անլուծելի է դառնում, դրա մեջ հայտնվածն էլ խճճվում է այն ժամանակ, երբ երեւույթը կոծկվում է: Ծնողն ասում է՝ իրենց տանն ամեն ինչ կարգին է, ուսուցիչն ու տնօրենն էլ ուղղակի բացառում են, որ դպրոցում խտրական վերաբերմունք եւ հալածանք կա աշակերտների շրջանում:
Ըստ հոգեբանի, որքան բաց խոսեն խնդրի մասին եւ բարձրաձայնեն, այնքան կմոտենան ցանկալի արդյունքի. երեխան, ով տեղեկացված է բուլինգ երեւույթի մասին, կհասկանա, որ իր հետ տեղի ունեցողը հենց դա է եւ սովորած պաշտպանության մեխանիզմները գործի կդնի:
Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գեւորգ Ղումաշյանն ասում է՝ բուլինգը դպրոցի «մենաշնորհը» չէ: Ըստ նրա մարդը միշտ էլ ունի իշխելու ցանկություն իր միջավայրում: Օրինակ է բերում. խանութում, հերթի մեջ էլ բուլինգ կա, ավելի ուժեղը կճնշի թույլին ու հերթն առաջ կգցի: «Որքան վատառողջ ու աղճատված է հասարակությունը, այնքան շատ է տարածված բուլինգն ամենուր»:
Կրթության ոլորտի մասնագետը հաստատում է, որ դպրոցներում բուլինգի վերաբերյալ ահազանգեր ստանում են: Դրանց կանոնակարգված ընթացակարգ են տալիս, հարկ եղած դպքում ոստիկանություն դիմում, հոգեբանական աջակցություն ցուցաբերում:
Ղումաշյանը թյուր է համարում այն կարծիքը, թե դպրոցում բուլինգը դրսեւորվում է միայն աշակերտների շրջանում: Աշխատանքի բերումով բազմաթիվ դեպքերի է ականատես եղել, երբ հոգեբանական եւ ֆիզիկական հալածանքը դրսեւորվել է աշակերտ-ուսուցիչ, ուսուցիչ-աշակերտ, անգամ՝ ուսուցիչ-ուսուցիչ փոխհարաբերություններում:
Ոլորտի մասնագետը մտահոգություն է հայտնում՝ աշակերտի պես, ուսուցիչն էլ երբեմն չունի բուլինգ երեւույթից պաշտպանության մեխանիզմ: «Ինչքան էլ հալվա ասես, բերանդ չի քաղցրանա, ինչքան էլ ասենք կանխարգելում ենք բուլինգը, խնդիրը չի կարգավորվի,-ասում է Ղումաշյանն ու բացահայտում պատճառը,- հասարակության մոտեցման փոփոխություն է պետք: Ուսուչիչը վստահ չէ, որ խնդիրը բարձրաձայնելու դեպքում աշակերտներն ու ծնողները, նույնիսկ գործընկերները չեն մեղադրի իրեն: Աշակերտը նույնպես վստահություն չունի, որ եթե ասի՝ իրեն հալածում են, ավելի վատ չի լինի իր վիճակը, քան՝ եթե թաքցներ խնդիրը:
Բուլինգ երեւույթի մասին ավելի բաց խոսելու եւ խնդրին որոշակի լուծում տալու համար «Կանանի» հասարակակական կազմակերպությունը Գերմանիայի դաշնային հանրապետության Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության ֆինանսավորմամբ, ԵՄ համաֆինանսավորմամբ գործուն քայլեր է ձեռնարկել Շիրակի եւ Լոռու մարզերում: Կազմակերպությունը վերապատրաստման դասընթացներ է անցկացրել բազմաթիվ մանկավարժների, ծնողների, աշակերտների մասնակցությամբ:
«Կանանի» ՀԿ նախագահ Քրիստինա Բաղդասարյանը տեղեկացնում է, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթ են մշակել ու ներկայացրել ԱԺ-ի հաստատմանը: Բացի այդ, բուլինգի դեմ պայքարի մեթոդների ուղեցույց-ձեռնարկ են ստեղծել, որը շուտով կտրամադրեն մանկավարժներին:
Ըստ կազմակերպության ուսումնասիրությունների, որքան էլ խնդիրը դպրոց տանենք, միեւնույնն է, հիմքն ընտանիքում է: «Ցանկացած մասնագետ, մինչեւ պատասխանատու գործի անցնելը մի քանի տարի կրթվում, գիտելիքով ու փորձառությամբ է զինվում: Սակայն մեր հասարակության մեջ ծնողները մնում են գիտելիքով բոբիկ: Ի՞նչ արժեհամակարգով են դաստիարակում երեխաներին, երբ իրենք անգամ ձեւավորված չեն որպես անհատ»,-ասում է Քրիստինա Բաղդասարյանը եւ ամենավառ օրինակը համարում ծնողի կողմից իր երեխային բուլինգի ենթարկելու փաստը թաքցնելը:
ՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը վստահեցնում է, որ բուլինգի ենթարկվելու առնչությամբ քաղաքացների դիմումներ ստանում են: Դիմումատուի խնդիրը լուծելու համար համագործակցում են պետական համապատասխան մարմնի հետ:
ՄԻՊ ներկայացուցիչը չի ժխտում, որ խնդրի վերաբերյալ բոլոր իրավական կարգավորումներն ունենք, բայց խնդրին գնահատական տալուց հետո արձագանքման մեխանիզմ չունենք: «Մեկ օրում բուլինգ չի ձեւավորվում, որոշակի փուլից պետք է կանխարգելվի: Դպրոցում մեկ հոգեբան ընդունելով հարց չի լուծվի: Համատեղ հարթակ է պետք, պատճառահետեւանքային կապը գտնել եւ, ըստ այդմ, ռազմավարական հստակ ուղենշով գործել է պետք»,-ասում է Անահիտ Խաչատրյանը:
Նշենք, որ բուլինգը ոչ միայն հոգեբանական եւ ֆիզիկակական բռնություն է, այլեւ անտեսում եւ խտրական վերաբերմունք է՝ պայմանավորված հաշմանդամություն ունենալու, հաճախ էլ սոցիալական վատ վիճակով:
Գաղտնիք բացահայտած չենք լինի. Շիրակն ամենաաղքատ, ամենագործազուրկ, ամենաշատ անօթեւան ունեցող մարզն է: Հազարավոր տնակներում ապրում են բազմաթիվ դպրոցահասակ երեխաներ, որոնք, վստահաբար, ամեն օր հոգեբանական բարդ իրավիճակում են հայտնվում: Սոցիալական վիճակը թույլ չի տալիս տնակաբնակ երեխային դպրոց ներկայանալ պատշաճ տեսքով՝ մաքուր ու կոկիկ հագնված:
Որ Գյումրիում տնակաբնակների եւ սովորական պայմաններում ապրող քաղաքացիների միջեւ խոր անջրպետ կա, բազմաթիվ անգամներ ենք բարձրաձայնել: Հասարակության երկու մասի բաժանված լինելու բացասական հետեւանքներից մեկն էլ բուլինգի ենթարկված տնակաբնակ երեխաներն են:
Այս դեպքում որքան էլ խոսենք բուլինգի կանխարգելման, լուծման մեխանիզմների մասին, կստացվի, որ միայն հետեւանքն ենք վերացնում՝ անտեսելով պատճառները:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։