Ընթացիկ տարվա նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխություններին (COP-29) նվիրված գագաթնաժողովի մասնակիցներին կբաժանվի Հայաստանի բնապահպանական դրությունը եւ երկրի տարածքում գործող օգտակար հանածոների հանքավայրերը ներկայացնող քարտեզ։ Քարտեզում տեղանունները նշվելու են ադրբեջանական տեղանուններով։ Այս մասին APA-ի փոխանցմամբ ասել է Ադրբեջանի քարտեզագիրների հասարակական ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը։
Նրա խոսքերով առաջին նման քարտեզը արդեն 40%-ով պատրաստ է։ Հրատարակվող քարտեզների խմբաքանակները լինելու են եռալեզու՝ անգլերեն, հայերեն եւ ադրբեջաներեն լեզուներով։
«Քարտեզը կազմվում է երկու ձեւաչափով։ Այս քարտեզների շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե Հայաստանում որտեղ են գտնվում օգտակար հանածոների պաշարները։ Քարտեզը ընդգրկելու է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գտնվող հանքարդյունաբերական ձեռնարկությունների տեղակայման շրջանները, այլ նաեւ ողջ Հայաստանի տարածքը։ Միաժամանակ քարտեզը կպարունակի նաեւ բնապահպանական տեղեկատվություն, օրինակ, թե որ գետերը ինչպիսի նյութերով են աղտոտված եւ որտեղ են թափվում այդ թափոնները»,-ասել է Բայրամովը՝ հավելելով, որ քարտեզի առաջին օրինակը կներկայացվի 4 ամսից։