Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ կատարած անձը սլովակ գրող Յուրայ Ցինտուլան է, հայտնում է տեղական TV Markíza-ն։ Նա ձերբակալվել է տեղում՝ հարձակումից հետո։
Սլովակիայի իշխանությունները դեռ չեն հաստատել հարձակվողի ինքնության մասին տարածված տեղեկությունները։
Ցինտուլան 71 տարեկան է եւ ապրում է Լեւիցե քաղաքում, որտեղ հիմնել է գրական ակումբ։ 2015 թվականից Սլովակ գրողների ասոցիացիայի անդամ է, հրատարակել է պոեզիայի երեք ժողովածու եւ երկու արձակ գիրք։
Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին, որ Ֆիցոյի վրա կրակած տղամարդը կրակ է բացել օրինական գրանցված զենքից։
Հունգարացի լրագրող Շաբոլչ Պանին էլ պնդում է, որ վարչապետ Ֆիցոյի վրա հարձակումն իրականացրած Ցինտուլան նախկինում կապված է եղել ռուսամետ ռազմականցված «Slovenskí Branci» («Սլովակ զորակոչիկներ») խմբավորման հետ։
‼️🇷🇺Wow. Looks like Slovak PM Robert Fico's reported assailant, writer Juraj Cintula, was associated with pro-Russian paramilitary group Slovenskí Branci (SB). Their leader was even trained by Russian ex-Spetsnaz soldiers. Read more on @VSquare_Project 👇https://t.co/2IzSHwq54d pic.twitter.com/M9fgp186R3
— Szabolcs Panyi (@panyiszabolcs) May 15, 2024
Դեռ 2016 թվականի հունվարին խմբավորման ֆեյսբուքյան էջում հայտնվել էր Ցինտուլայի գրառումը, որտեղ նա հրապարակայնորեն աջակցություն էր հայտնում «Slovenskí Branci»-ին։ Գրառմանը կից տեղադրվել էին նաեւ գրողի լուսանկարները։
«Slovenskí Branci»-ն չգրանցված ռազմական կազմակերպություն է, որը Սլովակիայում իր գոյության մասին հայտարարել է 2012 թվականից։ Սակայն 2022 թվականին ռուսամետ խմբավորումը հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին։
Հիշեցնենք, որ Ֆիցոյի վրա հարձակումը տեղի է ունեցել Գանդլովա քաղաքում՝ Մշակույթի տան դիմաց, որտեղ տեղի է ունեցել Սլովակիայի կառավարության նիստը։ Հիվանդանոց տեղափոխելուց հետո վարչապետը վիրահատվել է, որից հետո բժիշկները նրա վիճակը գնահատել են կայուն։
Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հոկտեմբերին։ Լրատվամիջոցները Ֆիցոյին հաճախ անվանում են ռուսամետ քաղաքական գործիչ։ Մասնավորապես՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման երկրորդ տարվան նվիրված իր ելույթում նա հայտարարել էր, որ պատերազմը Դոնբասում սկսվել է «ուկրաինացի նեոնացիստների» պատճառով, եւ որ «Ռուսաստանի նախագահն այլ ելք չի ունեցել», քանի որ ՆԱՏՕ-ն ընդլայնվում է դեպի արեւելք: «Եվ այս գործընթացը կասեցնելու համար Պուտինը լայնամասշտաբ պատերազմ սկսեց»,- նշել էր Ֆիցոն։
Նա նաեւ Ուկրաինան անվանել էր «ամենակոռումպացված երկիրը» եւ խոստացել արգելափակել Կիեւին ԵՄ-ից օգնություն տրամադրումը: Չնայած սրան, հունվարին Ուժգորոդում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ հանդիպման ժամանակ նա համաձայնել էր, որ երկու երկրների հարաբերություններում պետք է սկսել «նոր պրագմատիզմի» քաղաքականություն։ Ֆիցոն նաեւ խոստացել էր չխոչընդոտել Ուկրաինայի զինված ուժերին Բրյուսելից օգնության հատկացմանը եւ աջակցել Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձեւին»։