«My Sweet Land»-ը 11-ամյա Վրեժի հասունացման պատմությունն է։ Վրեժը մեծանում է Արցախում՝ երազելով ատամնաբույժ դառնալ, սակայն կյանքը հանկարծակի փոխվում է, երբ պատերազմ է սկսվում՝ ստիպելով նրան ընտանիքի հետ փախչել։
Ֆիլմը բազմասերունդ պատերազմի եւ նոր սերնդի հարաբերության մասին է։ Մենք հետեւում ենք, թե ինչպես է Վրեժն իր ընտանիքի հետ անցնում պատերազմի միջով, ինչպես են հայտնվում նոր տանը, ինչպես է նրա փոքր եղբայրն ասում․ «Էս տունը լավը չի»։
Պատերազմից հետո Վրեժն ընտանիքի հետ վերադառնում է իր քաղցր տուն, սակայն այնտեղ արդեն ավերածություններ են։ Մեծանում է, երազանքները փոխվում են եւ այժմ Վրեժի միակ ցանկությունն է, որ իր երեխաները պատերազմ չտեսնեն։
Սարին Հայրապետյանը Ալիք մեդիային պատմել է, թե ինչպես է գտել թեման եւ սկսել նկարել՝ 2018 թվից սկսած, առանց պատկերացնելու, թե ուր կտանի իրեն պատմությունը։
«Փոքր ժամանակվանից Արցախի մասին լսել էի, մեր հայկական ինքնության մասն է Արցախի պատմությունը։ 2018-ին այլ կարճամետրաժ ֆիլմի վրա էի աշխատում HBO-ի համար, այն վետերանների մասին էր, որոնք արվեստի միջոցով փորձում են հաղթահարել պատերազմի տրավմաները։ Նախագիծն ավարտեցի 2018-ին եւ հասկացա, որ ուզում եմ գնալ մի տեղ, որտեղից կարող եմ հայ մանուկների պատմություն պատմել, որտեղ իրենք մեծանում են էն վախով, որ ամեն վայրկյան կարող է պատերազմ լինել, լավ իմանալով, որ օրերից մի օր պետք է զինվոր դառնան», — պատմեց Սարին Հայրապետյանը։
2008 թվականի հոկտեմբերին Գանձասարում, Շուշիում եւ Ստեփանակերտում կատարվել էր 674 երիտասարդ զույգերի պսակադրություն եւ հարսանյաց հանդիսություն:
Սարինը, տեսնելով մասայական հարսանիքի տեսանյութերը, որոշեց գտնել ամուսնացած զույգերի, որոնք երեխաներ են ունեցել եւ ներկայացնել այդ երեխաների կյանքը Արցախում:
«Մեծ հարսանիքը տեսա եւ հասկացա, որ այն կարող է իմ սկզբնակետը լինել, որ գնամ երեխեքի հետ ծանոթանամ եւ երեխեքը պետք է մոտ տասը տարեկան լինեին։
Երբ որ Վրեժի հետ ծանոթացա ինքը շատ փիլիսոփայական հովվեր ուներ եւ կապը ստեղծվեց ու առանց մտածելու զգացի, որ շատ խոսելու բան ունի ու դեռ երկար պետք է իրեն լսեմ»,- ասաց Սարին Հայրապետյանը:
Ի սկզբանե Սարինը որոշել էր երեք երեխայի նկարել, բայց երբ 2020 թվին սկսվեց պատերազմը, հասկացավ, որ մեկ երեխայի միջոցով պետք է ավելի խորը պատմի Արցախի պատմությունը։
«Զգում էի, որ Վրեժի պատմությունը ավելի խորն է, իր հարաբերությունները քրոջ, եղբոր հետ, իր հոր, իր տատիկի եւ հասկացա, որ պատմությունն ավելի ամբողջական կլինի»,- հիշում էր Սարինը:
Սարինը 2018-ից սկսած պարբերաբար երկար ժամանակով գնում էր Արցախ եւ օրեր անցկացնում Վրեժի հետ, սակայն պատերազմից հետո ամեն բան փոխվեց:
«Ամեն անգամ Արցախ մտնելիս զգում էի, որ սա իմ վերջինն է, ամեն անգամ ուզում էի շատ նկարել, անընդհատ մտածում էի, որ գուցե չկարողանամ նորից գալ: Մոտ 500 ժամ նկարել եմ՝ ամբողջը դիտարկողի ոճով եւ չգիտեի, թե ինչ կարող է լինել իրենց ընտանիքի հետ, ուր կտանի պատմությունը եւ անընդհատ ուզում էի նկարել», — պատմեց Սարին Հայրապետյանը:
Սարինը հիշում է, որ սկզբում գնում էր առանց տեսախցիկի եւ փորձում էր հարաբերություններ կառուցել, ինչի շնորհիվ էլ քիչ-քիչ սկսեց մթնոլորտն ավելի լավ հասկանալ, եւ պատկերացնել, թե ինչ է նկարելու եւ ինչու: Եվ որոշ ժամանակ անց դարձավ անտեսանելի եւ սկսեց նկարահանումներն այն պահից, երբ իր ու ընտանիքի միջեւ կապը ստեղծվեց:
«Ես իմ նկարածից էի սովորում, թե ուր եմ գնալու հաջորդ նկարահանումներին եւ ինչպես եմ զարգացնելու պատմությունը։ Միակ բանը, որ ինձ ստիպում էր շատ կենտրոնացած լինել, այն էր, որ ինչ էլ լինի, ես Վրեժի մոտ պետք է լինեմ, Վրեժի աչքերով պետք է պատմեմ պատմությունը։ Ես հավատացի, որ Վրեժն այն անձն է, որն առաջ է տանելու պատմությունը, հենց Վրեժը, ոչ թե շրջապատը, որովհետեւ շրջապատը անընդհատ փոխվում էր»,- պատմեց Սարին Հայրապետյանը:
Սարինը նկարել էր 500 ժամ նյութ, սակայն մեզ հետ կիսվեց միայն 86 րոպեով: Շատ արժեքավոր կտորներ դուրս են մնացել։ Անգլերեն մի տերմին կա՝ «kill the babies», նշանակում է, որ պետք է մկրատել այն, ինչը սիրում ես՝ պատմությունն ավելի լավը դարձնելու համար:
«Մի կտոր կա, որ դուրս մնաց եւ շատ եմ ափսոսում: Բոլոր գյուղացիներով հավաքվել էին, խորոված էին անում, իսկ դիմացը` շատ մոտ, Ադրբեջանցիների գրաված հողերն էին, պարզ տեսնում էինք: Նորմալ ապրում էին պատերազմից հետո։ Երբ սեղանի շուրջ հավաքվեցինք, այդքան էլ չէին ուզում, որ հավաքույթը նկարվեր, բայց մի պահ կենաց պետք է խմեին ու ասացին՝ Սարին արդեն կարող ես նկարել ու զգացի, որ շատ իրենց սրտից է այդ պահը։
Նկարեցի, եւ շատ պարզ բան ասացին, որ արդեն ամեն արցախցի ասում է: Ասացին, որ մենք այս ամենը անում ենք ոչ մեզ համար, բայց մեր երեխաների ու նոր սերնդի համար, որպեսզի Արցախի մեջ կարողանան ապրել ազատ, անկախ։ Պատերազմից նոր ելած՝ շատ զգացմունք կար այդ խոսքի մեջ»,-անկեղծացավ Սարինը:
Ամբողջական ֆիլմն առաջին անգամ Վրեժի ընտանիքը տեսավ իրենց տանը: Ֆիլմի պրոդյուսերներից Արեւիկ Ավանեսյանն օգնեց ցուցադրությունը կազմակերպել:
«Շատ ազդվեցին ու զգացին, որ իրենց իրականությունն է եւ ասացին` Սարին քո նկարածդ մեզ համար ոսկի է, մեր հուշերն են, մեր տնից, մեր հայաթից, մեր գյուղից, որ դու պահեցիր։ Իրենց համար շատ մեծ արժեք ունի։ Ու Վրեժը վերջում ասաց՝ հասկացա, թե ինչու էիր այդքան նկարում»,- հիշեց Սարին Հայրապետյանը:
Սարինն ասում է՝ իր համար շատ կարեւոր է, որ այս պատմությունը ազդեցիկ լինի ոչ միայն տեղացի կամ Սփյուռքի հայերի համար, այլեւ համաշխարհային ֆիլմ լինի, որովհետեւ երեխայի աչքերով նկարված պատմություն է։
«Արձագանքը դրսում շատ դրական էր, Հորդանանում, երբ ցույց տվեցինք, արաբները լացելով էին դուրս գալիս եւ ասում էին շատ նման է Իսրայելի պատմությանը։ Գաղափարը, թե ի՞նչ է տունը, ինչպե՞ս պաշտպանես տունդ, երբ արմատներդ խլել են։ Անգլիայում շատերը եկան ասացին մենք այս տարածքի մասին չէինք լսել, չգիտեինք։ Մի ուրիշ կին եկավ, ասաց՝ ես Արցախի մասին լսել էի եւ ուզում եմ Վրեժին նամակ ուղարկել, ասել, որ մենք ձեզ հետ ենք, մենակ չեք դուք, մենք լսում ենք ձեր պատմությունները։ Եվ մենք որոշեցինք ֆիլմից հետո հենց այդպես էլ անել, որ եթե որեւէ մեկն ուզում է Վրեժին նամակ փոխանցել, կամ այլ բան, կազմակերպենք»,- պատմեց Սարին Հայրապետյանը:
Դրսում շատերը չգիտեն Արցախի մասին, ով էլ, որ գիտի չի պատկերացնում, թե ինչ տառապանքի միջով էին անցնում մարդիկ։ Ֆիլմը 11-ամյա Վրեժի մասին է ու Վրեժի հայացքն է իրականությանը, որի շնորհիվ էլ մենք տեսնում ենք, թե ինչպես է մտածվում ապագան եւ ինչպիսին այն կլինի:
«Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը պատերազմի ժամանակ մեծանալու մասին է: Սարին Հայրապետյանն ընտրել է երեխայի տեսակետը, որպեսզի խոսի անմեղության ու տրավմայի մասին, որն իր հերոսներին ուղեկցելու է ողջ կյանքի ընթացքում:
Աստղիկ Հովհաննեսով