• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Անվճար սրճարան՝ դեմենցիայի ախտանշաններ ունեցողների համար

Հասմիկ Բալեյան 15:30 | 12.08.2024
Հասմիկ Բալեյան 15:30 | 12.08.2024
Անվճար սրճարան

Երեւանում՝ Պարոնյան 30/2 հասցեում, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը դեմենցիայի ախտանշաններ ունեցող՝ 45-65 տարեկան քաղաքացիների համար հիշողության անվճար սրճարան է բացել։

Դեմենցիան ծերունական կամ նախածերունական հիվանդություն է, որը դասվում է հոգեկան հիվանդությունների շարքին։ Դրա զարգացմանը նպաստում են անոթային խնդիրները, արյան բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, ավելորդ քաշը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկական ակտիվություն չունենալը, դեպրեսիան, օրական ութ ժամից պակաս քնելը եւ այլն։

Մեր երկրում այժմ հիշողության հինգ ակումբ կամ սրճարան կա։ Դրանիցից երեքը Երեւանում են, երկուսը՝ մարզերում։ Գյումրիում տարեցների համար սրճարան է գործում, իսկ Վանաձորի «Օրրան»-ում՝ ակումբ։ Բոլորն էլ նախատեսված են հիշողության խանգարում ունեցողների համար։ Ծրագրերն իրականացվում են «Հ․Հովնանյան ընտանիք» հիմնադրամի աջակցությամբ։ Այս հաստատություններում տարեցները սնվում են, տարբեր դասընթացների մասնակցում, ձեռքի աշխատանքներ պատրաստում, մասնագետների հետ շփվում, տարբեր խաղեր խաղում, միտքը եւ ուղեղը մարզող վարժություններ անում։

Օֆելյա Կամավոսյան«Պարոնյան փողոցի նորաբաց սրճարանը մյուսներից տարբերվում է նրանով, որ թիրախային խումբը ոչ թե տարեցներն են, այլ միջին տարիքի մարդիկ։ Ցավոք, նույնիսկ նրանք կարող են հիշողության խանգարում ունենալ»,- ասում է «Ալցհայմերի խնամք Հայաստան» ծրագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանը։

Դեմենցիան կանխարգելելու նպատակով նրանք կարող են այցելել հիշողության սրճարան, որտեղ նախ հիշողության գնահատում է անցկացվում հատուկ թեստի միջոցով։ Այնուհետեւ մշակված հատուկ ծրագրի, մասնագետների օգնության շնորհիվ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի։ Բացի այդ՝ այս սրճարանները եւ ակումբները նոր ընկերներ, ծանոթներ գտնելու, գիտելիքներ յուրացնելու, հետաքրքիր առօրյա ունենալու հնարավորություն են տալիս։

73-ամյա Մարիամ Մանրիկյանը նախկինում Մոսկովյան փողոցի հիշողության սրճարան էր այցելում, այժմ արդեն նաեւ այստեղ է հաճախելու, թեեւ տեղյակ է, որ այն նախատեսված է միջին տարիքի մարդկանց համար։ Նա հիշողության խնդիրներ ունեցողներին հորդորում է հաճախել սրճարաններ, քանի որ կարճ ժամանակ անց սպասված արդյունքը նկատելի է լինում։

Մարիամ Մանրիկյան«Սրճարան այցելում եմ արդեն մի քանի ամիս։ Ասես ավելի եմ երիտասարդացել։ Անկաշկանդ երգում ենք, խաղեր խաղում։ Երիտասարդ մնալու՝ իմ գաղտնիքը հետեւյալն է․ պետք է բարի ու ներող լինել, սիրած զբաղմունք ունենալ, կյանքին թեթեւ նայել ու երիտասարդների սխալները մեկ-մեկ չտեսնելու տալ։ Երկար տարիներ աշխատել եմ որպես գծագրող-կոնստրուկտոր, հիմա աշխատանք չունեմ, բայց այնքան հետաքրքիր եմ դարձնում իմ առօրյան, որ չեմ հասցնում ձանձրանալ»,- ասում է Մարիամ Մանրիկյանը։

Հիշողության սրճարանի բացման արարողությանը մասնակցող 77-ամյա Ալվարդ Մանուկյանը եւս Մոսկովյան փողոցի հիշողության սրճարան է այցելում։ Ասում է՝ միջին տարիքի մարդկանց համար սա հիանալի հնարավորություն է․ ով կասկածում է, որ հիշողության խանգարում ունի, անպայման պիտի սրճարան այցելի, մասնագետներն, անկասկած, կօգնեն։

Ալվարդ Մանուկյան«Այստեղ սուրճ ենք խմում, զրուցում, երգում, պարում, մարզվում, քննարկում հետաքրքիր թեմաներ, մասնագետները վարժություններ են հանձնարարում, որոնք սիրով կատարում ենք»,- մանրամասնում է Ալվարդ Մանուկյանը։

Նրա առօրյան հետաքրքիր է․ կատու ու թռչուններ ունի, որոնց սիրով խնամում է, բանջարանոցն է մշակում։ Ասում է՝ բնությանը մոտ լինելն օգնում է երիտասարդ մնալ։ Բացի այդ՝ խորդուրդ է տալիս ավելի հաճախ թատրոն ու համերգների գնալ, դասական երաժշտություն լսել, շատ գրքեր կարդալ․ այդ պարագայում ուղեղը չի հասցնի ծուլանալ կամ ծերանալ։

«Ալցհայմերի խնամք Հայաստան» թիմի անդամ, ծերաբույժ Սոնա Մխիթարյանը պարբերաբար այցելում է սրճարաններ ու հիշողության թեստավորում անցկացնում։ Այն օգնում է հասկանալ, թե սրճարան այցելելն ինչպես է ազդում տարեցների վրա։

Սոնա Մխիթարյան«Օրինակ՝ այսօր թեստավորել ենք նրանց, ովքեր նոր են այցելելու սրճարան։ Որոշ ժամանակ նրանց հետ մեր մասնագետները (բուժքույր, հոգեբան, սոցիալական աշխատող, յոգայի մասնագետ) կաշխատեն, այնուհետեւ կրկին թեստավորում կանցկացնենք։ Փորձը ցույց է տալիս, որ հիշողության սրճարան այցելելն, իսկապես, բարերար ազդեցություն է ունենում։ Ինքս տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են փոխվում դեպի լավը կոգնիտիվ վարժությունների, յոգայի, սոցիալական շփման շնորհիվ»,- մանրամասնում է բժշկուհին։

հիշողության թեստավորումՄասնագետը բացատրում է՝ Ալցհայմերի հիվանդություն կամ հիշողության խանգարում ունեցողների ընտանիքի անդամները նյարդայնանում են նրանց վարքից, բարկանում տարեցների վրա, եւ դրա հետեւանքով ոմանք պարփակվում են։ Երբեմն դեմենցիա ունեցողների ընտանիքի անդամներին թվում է, թե տարեցն ուղղակի կամակորություն է անում, ուստի նախատում են նրան։ Մինչդեռ, հարկավոր է գիտակցել, որ մարդն առողջական խնդիր ունի, եւ դա տվյալ հիվանդության դրսեւորումներից է, ոչ թե պարզապես կամակորություն։

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության մասնագետները նաեւ տնային այցեր են կատարում, մասնագիտական օգնություն ցուցաբերում դեմենցիա ունեցողներին, խորդուրդներ տալիս նրանց խնամողներին։

«Այցերի ժամանակ նկատել էի՝ հիշողության խանգարում ունեցող ու սրճարան հաճախող տարեցներից մեկի դուստրը հոր վրա բարկանում էր՝ ասելով՝ որոշ իրավիճակներում սխալ արտահայտություններ է անում, ավելորդ խոսում․․․ Ահա այսպես դուստրը զայրանում էր, հայրն էլ պարփակվում էր, տան մի անկյունում խեղճացած նստում։ Մենք տարեցի դստերը բացատրեցինք, որ դա ծերունական հիվանդության հետեւանքն է։ Որոշ ժամանակ անց կոգնիտիվ վարժությունների, հոգեբանների կատարած աշխատանքի շնորհիվ մարդու վարքը փոխվեց, նա ավելի շփվող, կենսուրախ դարձավ։ Աստիճանաբար նրա եւ ընտաիքի անդամների հարաբերություներն էլ բարելավվեցին։ Այսպիսի օրինակները քիչ չեն»,- պատմում է բժշկուհին։

Սրճարան հաճախելու համար հիշողության խանգարում ունեցողները կամ նրանց հարազատները կարող են դիմել «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությանը։ Անհրաժեշտության դեպքում մասնագետները կարող են տնային այցեր կատարել, համապատասխան օգնություն ցուցաբերել, խորհրդատվություն տրամադրել խնամողներին։ Մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են։

Մասնագետը մի քանի խորհուրդ է տալիս հիշողությունը մարզելու, դեմենցիան կանխարգելելու համար․ հարկավոր է առողջ ապրելակերպ ունենալ, սպորտով զբաղվել, առողջ սնվել, անընդհատ սովորել։ Սովորաբար բարձրագույն կրթություն, ինտելեկտուալ բարձր մակարդակ մարդկանց ուղեղն, ասպես ասած, ավելի ուշ է ծերանում։ Նրանք հաճախ են կարդում, զբաղվում մտավոր աշխատանքով, որի շնորհիվ ուղեղը պարբերաբար մարզվում է։

Բայց, բարձրագույն կրթություն չունեցող, մտավոր աշխատանքով չզբաղվող, ընթերցել առանձնապես չսիրող մարդիկ եւս կարող են մարզել իրենց ուղեղը։ Ըստ նախասիրության՝ մարդը միշտ նոր գիտելիքներ յուրացնելու, սովորելու հնարավորություն ունի։ Ծերաբույժը բացատրում է՝ օրինակ՝ եթե մեկին հետաքրքրում է խոհանոցը, ապա կարող է խոհարարական դասերի հաճախել, նոր ուտեստներ պատրաստել սովորել, իմանալ աշխարհի տարբեր ազգերի խոհանոցների առանձնահատկությունների մասին։

Զրույցի վերջում մասնագետը հիշեցնում է՝ դեմենցիան բուժել հնարավոր չէ, բայց, միանշանակ, կարելի է եւ անհրաժեշտ է կանխարգելել։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը Ադրբեջանում եւ Վրաստանում գտնվող զինվորականներին կարգադրել է վերադառնալ երկիր
հաջորդը
Վրաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար․ Կոբախիձե

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն