Շիրակի մարզում վերջին մի քանի տարիներին մկնանման կրծողների կտրուկ աճ է գրանցվել: Կրծողներն անարգել, մեծ խմբերով շրջում են դաշտերում, ոչնչացնում հասած հացահատիկը: Անցած տարի մարզում բերքի մինչեւ 100 տոկոս կորուստ է եղել մկների պատճառով: Այս տարի եւս մկների պակաս չկա, ավելին՝ դաշտերում բերքի պակասելու հետ կրծողները քաղաքներ են հասել, լցվել ծայրամասային թաղամասերի տներ:
Խնդրի լուծման համար էկոնոմիկայի նախարարությունը գյուղացիական տնտեսություններին թունանյութ է տրամադրում, որոնք բաշխվում են այն բնակավայրերում, որտեղ հողատարածքներն առավել վարակված են:
Այս տարի մկնանման կրծողների պայքարն իրականացվել է երկու փուլով. գարնանը՝ 1040 լիտր, աշնանը 1300 լիտր թունանյութ է տրամադրվել Շիրակի մարզին: Մկնդեղը նախատեսված է մարզում այս տարի մշակվող 78 հազար հեկտարից 18 հազար հեկտարի համար:
Անցած տարի նույն ժամանակահատվածում՝ 1507 լիտր, այս տարի 2340 լիտր թունանյութ էր հատկացվել:
Շիրակի մարզպետի աշխատակազմի տվյալներով՝ կրծողները թեեւ ամբողջ մարզում են տարածված, բայց ամենավարակվածները Անիի, Ախուրյանի եւ Արթիկի հողատարածքներն են:
Նախորդ տարիներին թունանյութը տրամադրվում էր անձամբ հողօգտագործողին, երաշխիք չկար՝ արդյոք հող մշակողն իրեն տրամադրված մկնդեղը բարեխղճորեն եւ ժամանակին կտեղադրեր դաշտերում: Այս տարի ընտրվել է կենտրոնացված պայքարի մեթոդ. բնակավայրի բնակիչները մեկ օր հավաքվում, մկնդեղը գրավչանյութի են վերածում եւ համատարած տեղադրում դաշտերում:
Ախուրյան խոշորացված համայնքի գյուղատնտեսության ոլորտը համակարգող Հովիկ Մելքոնյանի տվյալներով՝ 384 լիտր թունանյութ են ստացել, բաժանել 33 վարչական տարածքներում: Համայնքում այս տարի թեեւ 18 հազար հեկտար հողատարածք է մշակվել, բայց մկնդեղ ստացել են միայն 4800 հեկտարի համար:
Ըստ Մելքոնյանի՝ կրծողների դեմ ընտրված այս պայքարի ձեւն արդյունք կտա, բայց ոչ լիարժեք եւ երկարաժամկետ: Կլիմայի փոփոխությամբ եւ գլոբալ տաքացմամբ պայմանավորված՝ կրծողների թիվը կտրուկ աճել է: «Հարցին ավելի համակարգված լուծում տալու համար մեկ գերատեսչության աշխատանքը բավարար չէ, դա մեկ ոլորտով լուծելու հարց չէ, պետք է տարբեր ոլորտներից ներգրավվածություն ապահովել, լուծման ուղիներ գտնել»,- ասում է Մելքոնյանը եւ հավելում, որ մեկ ցուրտ ձմեռը հարցին որոշակի լուծում կտա. եթե հողաշերտի սառցակալումը 35 սմ-ից անցնի, մկների մեծ մասը ձմեռումից կենդանի դուրս չի գա:
Ախուրյան համայնքի՝ մեծությամբ երկրորդ բնակավայրում՝ Ազատանում, 2700 հեկտար հողատարածք է մշակվել, սակայն գյուղին բաժին է հասել ընդամենը 750 հեկտարի համար նախատեսված թունանյութ: Գյուղի վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանն ասում է՝ ում մկնդեղ հասել է, էլի են ուզում, ում չի հասել՝ պահանջում են: Ըստ վարչական ղեկավարի, թեեւ անցած տարվա համեմատ ավելի շատ թունանյութ են ստացել, բայց մկներն էլ ավելի շատ են: «Վերջին երեք-չորս տարում կրծողների թիվը գնալով ահագնանում է, պակասելու միտում չկա, այս պահին էլ օր օրի տեսնում ենք, որ նախորդ օրվա համեմատ ավելացել են»:
«Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը միայն մկնդեղով պայքարի ձեւը լիարժեք չի համարում, ասում է՝ խնդրին խնդիր ենք ավելացնում. խաթարվում է բնության եւս մեկ շղթա: Գիշատիչ թռչունների զանգվածային անկում է լինում, ինչը շղթայաբար կրկին ազդում է կրծողների ավելացման վրա:
Խնդրի վրա ոչ շատ, բայց որոշակի ազդեցություն ունի նաեւ աղվեսների որսի անարգել թույլտվությունը: Աղվեսների քանակի պակասը եւս նպաստում է կրծողների քանակի ավելացմանը:
Իսկ եթե խնդրին մոտենանք ավելի լայն շառավղով, այն մեզ կտանի դեպի համամարդկային խնդրի՝ գլոբալ տաքացման ակունքներ:
Բնապահպանն ասում է՝ տաք ձմռանը մկներն արագ են բազմանում, իսկ սաստիկ սառնամանիքներին քչերն են կենդանի մնում մինչեւ գարուն: Դա է բնության սահմանած բալանսավորումը, իսկ գլոբալ տաքացումը խախտում է այդ հավասարակշռությունը:
«Ի՞նչ ենք անում գլոբալ տաքացման վտանգները փոքր-ինչ մեղմելու համար, ո՞ւմ է սպառնում կլիմայի փոփոխությունը» հարցը պետք է հուզի յուրաքանչյուրիս, քանի որ բացասական հետեւանքների ուղիղ կրողը ամեն մեկս ենք:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։