• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Պոպուլիզմի եւ մեծախոսության հորձանուտում

Վարդան Հարությունյան 19:02 | 13.02.2025
Վարդան Հարությունյան 19:02 | 13.02.2025

Իշխանություն ձեռք գցելու ակնկալիքով դատարկ խոստումներ հնչեցնելը նոր չէ։ Այս հնարքը միշտ է եղել ու շատ հաճախ էլ աշխատել է։ Այսօր այն ավելի քան տարածված է։ Պոպուլիզմի դարաշրջանում ենք ապրում։ Պոպուլիստ Թրամփը, օրինակ, նախընտրական փուլում հայտարարում էր, թե ընտրվելու դեպքում 24 ժամ է իրեն պետք լինելու, որ դադարեցնի պատերազմը Ուկրաինայում։ Խոստանում էր իջեցնել գներն ու ամերիկացիներին շատ արագ մեծ գումարներ աշխատելու հնարավորություններ տալ։ Գները, իհարկե, չեն իջնելու, քիչ հավանական է, որ ամերիկացիները շատ արագ մեծ գումարներ աշխատեն, իսկ դաժան ու ոչնչով չարդարացված պատերազմը Ուկրաինայում ինչպես ընթանում էր, այնպես էլ ընթանում է։ Թրամփը, բայց, արդեն նախագահ է։

Նույն պատմությունը Հայաստանում է։ 1998-ից սկսած ականջահաճո խոսք հնչեցնող պոպուլիստներն են կերտել ու կերտում մեր կյանքը։ Հանրությանը սուտ խոստումներով ու հորինվածքներով են կերակրել։

Խոստանում էին, թե իրենց գործի արդյունքում Արցախն անկախ պետություն են դարձնելու, թե Արցախը Հայաստանի կազմ են մտցնելու։ Հայտարարում էին, թե ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Վստահեցնում էին, թե Արցախի խնդիրն արդեն լուծել են։ Հավատացնում էին, որ հարեւանների հետ հակամարտության ու թշնամության պայմաններում ու շրջափակված կարելի է զարգանալ ու հանգիստ ապրել։ Իսկ սթափեցնող խոսք ասողներին, զգուշացնողներին, որ արհավիրք է լինելու, պարտվողականներ էին անվանում ու ծափահարություններ կորզում։

… Պատերազմից, իհարկե, կարելի էր խուսափել։ Այն կարող էր չլինել, եթե հայկական կողմը փոխզիջումներով խնդիրը լուծելուն լիներ պատրաստ։ Բայց 1998-ի հեղաշրջումից հետո նման տարբերակ չի քննարկվել բոլորովին։ 98-ի հեղաշրջումը որեւէ զիջում բացառելու համար էր։ Այդ հեղաշրջումից հետո Հայաստանում ոչմիթիզականությունն է իշխել։ Ոչմիթիզականներ են եղել թե՛ իշխանությունները, թե՛ քաղաքական ու հասարակական դաշտի գերակշիռ հատվածը։

2018-ը մեծ հնարավորություն էր։ Հույս կար, որ համաժողովրդական աջակցությամբ իշխանության եկած Փաշինյանը կօգտագործի լեգիտիմության իր պաշարը, կգնա առարկայական բանակցությունների ու փոխզիջումներով խնդրի լուծման ճանապարհն ընտրելով՝ կբեկի դեպի պատերազմ տանող ընթացքը։ Բայց չգնաց նա այդ ճանապարհով։ Իրենից առաջ եղած պոպուլիստներից շատ ավելի պոպուլիստ լինելով՝ գերազանցեց իր նախորդներին։ Եվ պատերազմը, որ մի օր անպայման պետք է պայթեր, պայթեց 2020-ի սեպտեմբերի 27-ին։

Պատերազմն ու, հատկապես, ջախջախիչ պարտությունը, թվում է, պետք է անցած սխալները հասկանալու, անցած ճանապարհը վերագնահատելու, հին պատկերացումները վերանայելու, մեզ դեպի պատերազմ ու պարտություն տանողներին մերժելու առիթ լինեին։ Բայց չփոխվեց ոչինչ։ Մնացին նույն դեմքերն ու նույն սուտ խոստումները։ Մնաց նույն պոպուլիզմը։

2021-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավը սրա լավագույն վկայությունն է։ Հների ու նորերի թշնամության հորձանուտում մոլորված ընտրողը անիրականանալի խոստումներ էր միայն լսում։ Խոստանում էին հետ բերել Հադրութն ու Շուշին, գերիներին ազատել եւ Արցախի հարցը լուծել էին խոստանում։ Չէին էլ մտահոգվում, որ չկան այդ խոստումներն իրականացնելու հնարավորություններ։ Նրանց հնարավորությունների հարցը չի հուզել երբեք։ Նրանք ցանկություններն ու հնարավորությունները չեն համադրել երբեք։ Քսանհինգ ու ավելի տարիներ մեծախոսել են ու հնարավորություններից վեր ծրագրեր առաջադրել։

Պոպուլիստ ընդդիմադիրները, որ իրադրությունը ճիշտ գնահատել չկարողացան, որ մերժեցին կողքից հնչող խորհուրդներն ու առաջարկությունները, պարտվեցին իրենցից շատ ավելի պոպուլիստ Փաշինյանին։ Վերջին հաշվով, բայց, պարտվեց մեր երկիրը։ Հաջորդած բոլոր կորուստներն այդ ընտրության հետեւանքն են։

2026-ը, որ սարերի հետեւում չէ, ընտրությունների տարի է։ Եթե մինչեւ 2018-ը մեր երկրում ընտրողի կամքից ոչինչ կախված չէր, եթե համատարած կեղծիքներով էին ընթանում ընտրությունները, եթե ձայները գնվում ու վաճառվում էին, եթե ընտրություններն ընդամենը իշխանությունների վերարտադրությունը վավերացնող միջոցառումներ էին, ապա 18-ից հետո այս բնագավառում, բոլոր բացասական երեւույթներով հանդերձ, անցյալի սովորություններով ու անցյալի բեռով հանդերձ, շատ բան է փոխվել։ Ընտրողն այժմ որոշելու հնարավորություն ունի։ Կօգտվի՞ մեր ընտրողն իրեն ընձեռված հնարավորությունից, թե՞ կրկին, ինչպես 2021-ին, հների ու նորերի թշնամության, հների ու նորերի սուտ խոստումների, հների ու նորերի պոպուլիզմի զոհը կդառնա։

Սպասենք։ Շատ ժամանակ չի մնացել։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օրբանը հայտարարում է, որ լավ հանդիպում է ունեցել Կոբախիձեի հետ
հաջորդը
Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն