Ռուսայան բանակը զգալիորեն ակտիվացրել է ռազմական գործողությունների ինտենսիվությունը՝ հիմնական ջանքերը կենտրոնացնելով Պոկրովսկու ուղղությամբ՝ չնայած մայիսի 8-11 հրադադար հաստատելու պատրաստակամության մասին հայտարարություններին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին՝ տելեգրամի էջում կատարած գրառման մեջ։
«Օպերատիվ եւ տակտիկական տեսանկյունից հեռանկարների բացակայությունն անգամ չի կանգնեցնում թշնամուն․ նա համառորեն փորձում է ճեղքել մեր զորքերի պաշտպանությունը այդ ուղղությամբ եւ դուրս գալ Դնեպրոպետրովսկի շրջանի վարչական սահման։ Այդ նպատակով ռուսական հրամանատարությունը ամեն օր մարտի է նետում նոր ստորաբաժանումներ, մահվան է ուղարկում իր զինվորներին, զեկուցում է երեւակայական հաջողությունների եւ հաղթանակների մասին», — գրել է Սիրսկին։
Գեներալը նաեւ տեղեկացրել է, որ օրը նվիրել է այն բրիգադների հետ աշխատելուն, որոնք հենց այդ ուղղությամբ են պահում պաշտպանությունը՝ «խնդրահարույց հարցերի լուծման եւ ստորաբաժանումների հրամանատարներին մարտական գործողությունների կազմակերպման գործում աջակցություն ցուցաբերելու նպատակով»։
The Wall Street Journal պարբերականը երեքշաբթի գրել էր, որ այս գարնանը ուկրաինական բանակին հաջողվել է կայունացնել ռազմաճակատի գիծը երկրի արեւելքում։ Սակայն Ուկրաինայի զինված ուժերը սպասում են ռուսական զորքերի նոր հարձակմանը՝ դա կապելով ճանապարհների ցեխոտ շրջանի ավարտի եւ ծառերի վրա տերեւների հայտնվելու հետ, ինչը կբարդացնի անօդաչու թռչող սարքերի կիրառումը եւ, հակառակը, կհեշտացնի ծանր տեխնիկայի օգտագործումը։
Ըստ DeepState նախագծի եւ այլ մոնիթորինգային տելեգրամյան ալիքների տվյալների՝ ռուսական զինված ուժերի հիմնական ջանքերն այս պահին կենտրոնացած են Պոկրովսկից հարավ եւ արեւելք, ինչպես նաեւ Դոնեցկի մարզի Տորեցկի շրջակայքում։ Որոշ հատվածներում ռուսական զորքերը մոտեցել են Դնեպրոպետրովսկի շրջանի սահմանին։
Ապրիլի 28-ի կեսօրին Կրեմլում հայտարարեցին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է տվել ռուսական զորքերին դադարեցնել կրակը «Հաղթանակի 80-ամյակի օրերին»՝ մայիսի 8-ին, 9-ին եւ 10-ին։