Լեռնարշավ, մշակութային եւ սպորտային միջոցառումներ, վրանային գիշերակաց եւ կրթական ծրագրեր բնության գրկում։ Հունիսի 21-22-ին Լոռու մարզում կանցկացվի «Արահետ» լեռնարշավային ամենամյա առաջնությունը։ Այն առաջին անգամ մրցութային է լինելու, որին մասնակցելու են թե՛ սիրողական եւ թե՛ պրոֆեսիոնալ թիմեր։
Պրոֆեսիոնալ թիմերը հաղթահարելու են 28 կմ երկարությամբ հետեւյալ երթուղին՝ Մարց – Քարինջի Սուրբ Սարգիս եկեղեցի – Եղնախաղաց — Մղձաքար – Դժարասար – Մարց։ Իսկ սիրողական թիմերի համար երթուղու երկարությունը 11 կմ է՝ Մարց – Խաչքարեր – Քարինջի Սուրբ Սարգիս եկեղեցի – Քարինջի խաչ – Մարց։
«Արահետ 2025»-ին մասնակցում է 33 թիմ՝ 198 մասնակիցներով։ Լեռնարշավային առաջնությանը ներգրավված են մոտ 60 կամավորներ, հյուրեր։
Լոռու լեռներում սպասվող երկօրյա տոնն ուղեկցվելու է ազգային երգ ու պարով՝ «Վարը Վարենկ»-ի հետ, համերգներ են լինելու Վահագն Ռաշի եւ Լիլիթ Պիպոյանի մասնակցությամբ։ Նախատեսվում է հատուկ հանդիպում լեռնարշավորդ Գեղամ Օհանյանի հետ, վրանային գիշերակաց Մարցում, խարույկի շուրջ զրույցներ, վարժանքներ, թիմային խաղեր եւ այլն։
«Արահետ» լեռնարշավային առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 2023-ին։ Նախաձեռնության նպատակն է վերականգնել հայի կենսական կապը լեռների հետ, զարգացնել լեռնագնացության մշակույթը, ամրացնել թիմային ոգին եւ նպաստել հայրենաճանաչությանը։

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։