Ինը տարի առաջ այս օրը երկրային կյանքին հրաժեշտ տվեց արձակագիր, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը։
Մկրտչյանի թարգմանչական ժառանգությունն արժեքավոր է ոչ միայն ընտրված հեղինակների բազմազանությամբ եւ գործերի քանակով, այլեւ հայոց լեզուն բացահայտելու նրա անկրկնելի հմտությամբ։
Սամվելի թարգմանությունները, կարելի է ասել, պեղումներ են մեր լեզվի խորքային շերտերում եւ, հաճախ թվում է, նա չի հավատացել, որ չի գտնելու այս կամ այն բառի կամ իմաստի համարժեքն ու չի տեղավորելու թարգմանվող տեքստի կառույցում։
Լավագույն օրինակները բազմաթիվ են։ Ներկայացնենք մի հատված Էդգար Ալան Պոյի «Ագռավը» բանաստեղծության թարգմանությունից։
Մի անգամ, երբ մութ գիշեր էր, երբ հոգիս իր ցավն հիշել էր,
Եվ թերթում էի նիշերը մոռացված մի գիտության.
Մինչ ննջում էր իմ մրմուռը, մեկն անդո՜րր բախեց իմ դուռը-
Եվ այնպես, ասես, զեփյուռը մե՜ղմ թակում էր դուռն իմ տան:
«Հյուր է,- լոկ անցավ մտքովս,- որ բախում է դուռն իմ տան:
Հյուր է լոկ, այսքան մի բան»:
Ցուրտ ձմռան այդ հուշն ահեղ է. մի պայծառ վառվող կանթեղ է-
Երբ ամեն մեռնող անթեղը ուրուներ էր ծածանում:
Լույս էին տենչում մտքերս — զո՜ւր էի թերթում գրքերս,
Ախ, չէի՜ն պատմի երգերս Լինորի կորուստն անհուն-
Ախ, չէի՜ն մեղմի վերքերս — Լինորի կորուստն անհուն-
Աստ՝ հավիտյա՜ն անանուն:
Մետաքսի տխուր խշշյունը, շղարշի շաղոտ շրշյունը-
Ո՜հ, խայտո՛ւմ… խայթո՜ւմ էր սիրտս սոսկումով մի խոլական.
Ետ դարձա ես իմ սենյակը — ու վառվե՜ց հոգուս կրակը,
Զի շուտով լսվեց նույն զարկը — նույն թակոցը մեղմաձայն:
«Դե իհա՜րկե` պատուհանն է, կամ այնտեղ ինչ-որ մի բան է…
Կպարզեմ այս առեղծվածը, կտեսնեմ, թե ինչ է այն…
Թող հանդարտ լինի իմ սիրտը, որ պարզեմ, թե ինչ է այն-
Հողմն է սոսկ, այդքան մի բան»: