«Հայ ժողովրդի պատմություն» եւ «Հայաստանի պատմություն» դիլեման ինձ երեւում է այսպես. մասնագետներն ուզում են ստեղծել դասագրքային իմաստով «անխոցելի Հայաստան»:
Այսինքն՝ կարող են պատմել հարյուրավոր լեգենդներ, թե ինչ էինք, բայց վերջնարդյունքը պետք է լինի, թե ինչ դարձանք: Ենթադրենք՝ ծովից ծով էինք, ենթադրենք՝ Ավստրալիայից մինչեւ Ալյասկա էինք, բայց հիմա ունենք էն, ինչ ունենք:
Իսկ ունենք էն, ինչ ունենք, որովհետեւ մեր նախարարների մի մասը Սասանյանների կողմից է, մյուս մասը՝ Հռոմեական Թեոդոս 1-ին Մեծ կայսեր: Այսինքն՝ պետք է գրվի դասագիրք, որում ՀՀ քաղաքացին առաջին անգամ ոտքը մեկնում է իր վերմակի չափով:
Մասնագետներն ու իշխանությունն ուզում են հրաժարվել «Հայ ժողովրդի պատմությունից», որովհետեւ այն քաղաքական պատմություն չէ, այլ լեգենդների ամբողջություն: Այնտեղ սխալները մերը չեն, այնտեղ հանգամանքներն ուժեղ են մեզնից, այնտեղ մենք լավն ենք, մյուսները՝ քըխ:
Հայ ժողովրդի պատմության մեջ ժողովուրդն ավելին է, քան պետականությունը: Այս մեծամտությունը թելադրվում է արդեն գոյություն ունեցող պետականության դիրքերից: Այսինքն՝ քանի որ արդեն ունենք Հայաստան, հանգիստ կարող ենք շատախոսել հայ ժողովրդի անցած ուղու մասին, որն ինչպիսին էլ լինի, Հայաստանն արդեն կա, այդ Հայաստանը մեզնից ոչ ոք չի խլի:
Հայ ժողովրդի պատմությունը գրեթե միշտ հերոսական է կամ ողբերգական (համենայն դեպս առանց քաղաքական հիմնավորումների կամ բացատրությունների), իսկ Հայաստանի պատմությունը հակահերոսականության պատմություն է, թերեւս Սարդարապատից բացի:
Դիցուք՝ մեծ Հայքը ավելի շատ հայ ժողովրդի պատմության դրվագ է, քան Հայաստանի պատմության, որովհետեւ Տիգրան Մեծը ցույց տվեց, թե մենք էլ կարող ենք ձեւել աշխարհի քարտեզը: Հենց այդ հերոսական ժամանակների մասին է խորհրդահայ բանաստեղծ Պարույր Սեւակն ասում. «Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ»:
Բայց հարց է ծագում՝ նոր պատմիչը որտեղի՞ց է սկսելու Հայաստանի պատմությունը, այսինքն՝ քաղաքական միավորի պատմությունը: Եթե դա սկսվում է Վանի թագավորությունից, թուրքերն ու ադրբեջանցիներն էլ ունեն իրենց պատմությունը հենց այս կողմերի վրա: Մարդիկ մինչեւ հիմա էլ մեզ ասում են՝ դուք քոչվոր եք, մենք՝ բնիկ: Այսինքն՝ ինչպե՞ս ես գրելու խաղաղության օրակարգ սպասարկող քո պատմությունը, որտեղ Մասիսը մերն էր, հետո մերը չէ, ու պետք էլ չէ, որ մերը լինի, Ղարաբաղը մերն էր, հետո մերը չէ, ու պետք էլ չէ, որ մերը լինի:
Բանն այն է, որ հայ ժողովրդի պատմության մեջ դու որպես ազգ ոչ մի տեղ չես ընդհատվում, ավելին՝ դու կաս նաեւ Հայաստանից առաջ, մինչդեռ Հայաստանը քո՝ որպես քաղաքական մտածողություն ունեցող հանրության ընդհատումների պատմությունն է, Հայաստանի պատմությունը քեզ դարձնում է կարկատան:
Հեղափոխական իշխանությունն ուզում է պատմության նոր դասագրքերի ողնաշար դիտարկվի պետականությունը: Այսինքն՝ վերցնում ես Հայաստանը ու դրա վրա հավաքում նրա պատմությունը: Այդ պատմության մեջ ժողովուրդը տեղավորվում է իր ցանկացած կերպարով՝ որպես քաղաքականությունից ոչինչ չհասկացող, որպես ստրկամիտ, որպես կղերամիտ, որպես այնպիսին, ինչպիսին Խորենացին նկարագրում է իր հայտնի «Ողբ»-ում: Գլխավորը՝ գրել մի դասագիրք, որը ոչ թե պետք է կենտրոնանա, թե ինչպես հասանք այս օրվան, այլ այն բանի վրա, թե ինչպես ավելի վատ չլինի:
Հենց այս տրամաբանությամբ հեղափոխական իշխանությունն ուզում է փոխել Սահմանադրությունը, որը, այո՛, անկասկած հարեւան պետությունների պահանջն է՝ Սահմանադրությունից դուրս թողնել Անկախության հռչակագիրը: Գրել նոր մի բան, որում այսօրվա Հայաստանի մտապատկերում չկան Լեռնային Ղարաբաղ եւ Արեւմտյան Հայաստան: Ու այս մասին իշխանությունը շուտով ավելի բաց կխոսի: Խաղաղության օրակարգն ունի իր հրամայականները:
Գուցե այս ամենը լավ է, մասնագետները հաստատ ինձնից լավ կհիմնավորեն, բայց երբ Թուրքիան ու Ադրբեջանը հենց դասագրքերով են պանթուրքիզմը դարձնում պետականության տեսլական, մեր տեսլականը ո՞րը պիտի լինի։ Արդյո՞ք այն, որ մինչեւ 2050 թվականը մեր ֆուտբոլի ընտրանին դառնա Եվրոպայի առաջնության կամ աշխարհի առաջնության հաղթող: Ասենք՝ դարձանք, բա հետո՞:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: