Կուրիլյան կղզիների պատկանելության հարցը մեկընդմիշտ փակված է՝ ըստ ՌԴ Սահմանադրության: Հունվարի 30-ին նման հայտարարություն է արել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը այն բանից հետո, երբ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան անդրադարձել է Մոսկվայի հետ տարածքային վեճերը լուծելու եւ խաղաղության պայմանագիր կնքելու Տոկիոյի ցանկությանը։
«Մենք թքած ունենք ճապոնացի ժողովրդի զգացմունքների վրա, այսպես կոչված, Հյուսիսային տարածքների վերաբերյալ։ Սրանք «վիճելի տարածքներ» չեն, սա Ռուսաստանն է։ Իսկ այն սամուրայները, որոնք առանձնապես տխուր են, կարող են կյանքին վերջ տալ ճապոնական ավանդական եղանակով»,- գրել է Դմիտրի Մեդվեդեւը «ՎԿոնտակտե»-ում։
Ըստ ՌԴ նախկին նախագահի՝ Կուրիլյան կղզիներում, որոնց ռազմավարական դերը կաճի, նոր զինատեսակներ կտեղակայվեն։ Դմիտրի Մեդվեդեւն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի կնքմանը ոչ ոք դեմ չէ, մնում է բավարարվեն Ռուսաստանի պահանջները։
Պատմական տեղեկանք
Ռուսաստանն ու Ճապոնիան 20-րդ դարի կեսից բանակցություններ են վարում Երկրորդ աշխարհամարտի արդյունքներով խաղաղության համաձայնագիր մշակելու հարցով։ Կղզիների պատկանելության հարցը ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների առանցքային թեման է: Գլխավոր խոչընդոտը Կուրիլների հարավային մասի նկատմամբ իրավունքների հարցում անհամաձայնությունն է։ Ճապոնիան առ այսօր վիճարկում է պատերազմի ավարտից հետո Խորհրդային Միության կազմում ընդգրկված ամբողջ կղզեխմբի՝ Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի եւ Հաբոմայի մի խումբ անմարդաբնակ փոքր կղզիների պատկանելությունը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին բազմիցս հայտարարել է, թե համապատասխան միջազգային իրավական նորմերով՝ այդ տարածքների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը կասկած չի հարուցում։ 1956-ին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել: ԽՍՀՄ-ում հույս ունեին, թե համատեղ հռչակագիրը վերջակետ կդնի տեւական վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից:
2018-ի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ճապոնիայի այն ժամանակվա վարչապետ Սինձո Աբեի հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին բանակցային գործընթացն արագացնելու մասին՝ որոշելով հիմք վերցնել 1956-ի փաստաթուղթը: Դա լուրջ զիջում դարձավ Ճապոնիայի կողմից, քանի որ մինչ այժմ նրա պաշտոնական դիրքորոշումը եղել է չորս կղզիները վերադարձնելու պահանջը եւ միայն դրանից հետո հաշտության համաձայնագրի կնքումը: