• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը՝ «օդից կախված»

Գայանե Խաչատրյան 18:47 | 12.01.2021
Գայանե Խաչատրյան 18:47 | 12.01.2021
nuclear plant Armenia

Այս տարի՝ 2021 թվականին, ավարտվում է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման լիցենզիայի ժամկետը, եւ ՀԱԷԿ-ը նոր լիցենզիա պետք է ստանա: Դեռեւս 2012 թվականից սկսվել եւ ներկայումս էլ շարունակվում են էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքները:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը 2015 թվականին ՌԴ-ի հետ կնքել էր 270 մլն դոլարի վարկի եւ 30 մլն դոլարի դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր, որի մի մասից՝ շուրջ 100 մլն դոլարից, այս տարվա հունիսին որոշվեց հրաժարվել: Համամասնորեն չի տրամադրվի նաեւ դրամաշնորհի 10.7 մլն դոլարը: Նման որոշման պատճառը ռուսական կողմի խստացված պահանջներն էին, մասնավորապես ժամկետի երկու տարով երկարաձգման դեպքում առաջարկվում էր, որ վարկի 80 %-ը պետք է ուղղվեր ռուսական ընկերություններից ձեռքբերումներին, կիրառել միջանկյալ կոմիսիոն վճար 2020 թ. համար նախատեսված վարկի չօգտագործված գումարի 1 %-ի չափով, պետք է կատարվեր վարկի ապահովագրություն, որի վճարի չափն անհայտ էր, սահմանվում էր ծրագրի կառավարման վճար՝ տարեկան մինչեւ 6.5 մլն ԱՄՆ դոլարի չափով եւ այլն:

ՀԱԷԿ-ում աշխատանքներն ավարտելու համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից հատկացրեց 63 մլրդ 200 մլն ՀՀ դրամի չափով բյուջետային վարկ:

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ կայանի կյանքի տեւողության երկարացման աշխատանքների հիմնական, առավել ակտիվ մասը սպասվում է այս տարի՝ 2021 թվականին, իսկ ավարտը՝ 2022-ին:

«Հայատոմը կատարում է անվտանգության վերլուծություն եւ մշակում անվտանգության հիմնավորման հաշվետվություն, որի հիման վրա պետք է լիցենզիա տրամադրվի: Մենք հույս ունենք, որ կայանի անվտանգությունը կլինի բավարար մակարդակի, կայանը կստանա լիցենզիա եւ կշարունակի աշխատել»,- նշեց Վ. Պետրոսյանը:

Մինչ այս ՀԱԷԿ-ում կատարվել են անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներ, թարմացվել են հիմնական համակարգերը, համալիր կերպով փոխվել եւ արդիականացվել են մեքենայացված սրահի սարքավորումները, ավարտվել է փոփոխման եւ արդիականացման ենթակա համակարգերի եւ սարքավորումների նախագծումը, տեղադրվել են անհրաժեշտ սարքավորումներ:

Ըստ Վ. Պետրոսյանի՝ այս աշխատանքների արդյունքում նախատեսված է կայանի շահագործման ժամկետը երկարացնել 10 տարով՝ մինչեւ 2027 թվականը: Հաշվարկը կատարվում է 2016 թվականի դեկտեմբերի 1-ից, երբ լրացավ 1976 թվականին կառուցված ՀԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետը՝ 40 տարին:

«Իմ կարծիքով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը պետք է երկարացնենք նվազագույնը մինչեւ 2036 թվականը, որից հետո կորոշենք՝ եւս 10 տարով երկարացնե՞լ, թե՞ոչ: Դա կախված կլինի կայանի վիճակից: Աշխարհում նման փորձ կա, երբ ատոմակայանների կյանքի տեւողությունը երկարացվել է 30 տարով, օրինակ՝ Ռուսաստանի Վորոնեժի ԱԷԿ-ը, Ֆինլանդիայում, Հունգարիայում կան նման կայաններ: Այսինքն՝ երկարացրել են 10 տարով, հետո միջանկյալ աշխատանքներ են կատարել եւ նորից երկարացրել են 5 տարով, ապա՝ եւս 15 տարով: Իհարկե, եթե մենք մինչեւ 2036 թվականը կառուցեինք նոր միջուկային էներգաբլոկներ, շատ լավ կլիներ, որ 2036-ից շահագործեինք նորը, այս գործողն էլ դուրս բերվեր շահագործումից: Դրա համար մեզ անհրաժեշտ է, որ արդեն այսօրվանից մտածենք, թե 2026-ից հետո ի՞նչ պետք է անենք»,- նշեց Վ. Պետրոսյանը:

ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հարցն օրակարգում է արդեն 10 տարի: Դրա մասին Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները համաձայնագիր էին ստորագրել 2010 թվականին: Մշակվել էր նոր ԱԷԿ-ի կառուցման տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, նախագծի արժեքը մոտ 4.5 մլրդ դոլար էր, որի 50 %-ն իրականացնելու էր ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը, իսկ մյուս մասի վերաբերյալ բանակցություններ էին վարվում դոնորների հետ: Այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հայտարարել էր, թե «Հայաստանի համար առաջնահերթ է ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը, եւ կառավարությունը ծրագրել է մինչեւ 2014 թվականը սկսել նոր էներգաբլոկի հիմնային աշխատանքները»։ Այս մեգանախագիծը ներառված էր կառավարության գործունեության 2012-2017 թթ. ծրագրում, սակայն մեկ տարի անց 2013-2017 թթ. ծրագրի նախագծում դրան այլեւս որեւէ անդրադարձ չկար:

Այսօր էլ նոր էներգաբլոկի կառուցման հարցը «օդում կախված» է: «Ալիք Մեդիայի» հարցմանը, թե այդ ուղղությամբ ներկայումս ինչ աշխատանքներ են իրականացվում, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի՝ էներգետիկայի ոլորտը համակարգող տեղակալ Հակոբ Վարդանյանը պատասխանել է. «Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը կքննարկվի ավելի ուշ՝ համադրելով այն գործող էներգաբլոկի անվտանգ շահագործման ժամկետի ավարտի հետ»:

ՀՀ էներգետիկ համակարգի ռազմավարության (մինչեւ 2036 թ.) մեջ դիտարկվել են մի քանի սցենարներ, եւ բոլոր դեպքերում պարտադիր է համարվել կառուցել նոր ատոմային բլոկը, սակայն տնտեսապես հիմնավորված տարբերակ է համարվում 600 ՄՎտ ատոմային բլոկը՝ նախկինում քննարկվող 1000 ՄՎտ բլոկի փոխարեն:

Աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի համար պարզապես նպատակահարմար չէ մեծ հզորության ԱԷԿ շահագործել, քանի որ այդ դեպքում էլեկտրաէներգիայի ավելցուկ կառաջանա, իսկ արտահանման հնարավորությունները խիստ սահմանափակ են:

Ըստ ռազմավարության՝ 2027 թվականին նոր միջուկային բլոկ ունենալու համար Հայաստանն անհապաղ պետք է սկսի դրա կառուցման գործընթացները: Ատոմային էներգետիկայի զարգացումը հնարավոր է 670 ՄՎտ հզորությամբ ՋԾՋԷՌ (CANDU) տեսակի կանադական ռեակտորների, կամ 610 ՄՎտ հզորությամբ ԱՍՊ (ACP)-600 տեսակի չինական ռեակտորների, կամ 360 ՄՎտ հզորությամբ ՓՄՌ (SMR) (փոքր մոդուլային ռեակտոր) տեսակի ռեակտորների կիրառմամբ: Այս ռեակտորները մշակման եւ/կամ լիցենզավորման ավարտական փուլում են ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում: Ըստ փորձագետների գնահատումների՝ դրանք առկա կլինեն շուկայում 2020 թվականից հետո:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով նոր էներգաբլոկի համար ֆինանսական շատ լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, եւ կառավարությունը կողմնորոշվելու խնդիր ունի. «Գործող իշխանությունը վերջնականապես չի ճշտել իր մոտեցումներն այդ առումով: Բայց այդ հարցի պատասխանը շատ կարեւոր է, որովհետեւ էներգետիկայի բնագավառի ռազմավարությունը ճշգրտման կարիք ունի»:

Նրա համոզմամբ ՀԱԷԿ-ի՝ ռուսական վարկից հրաժարման մեջ քաղաքական դրդապատճառներ չկան, խնդիրը միայն տնտեսական է. միեւնույնն է, աշխատանքները կատարելու է ռուսական կողմը. «Ամբողջ ռեակտորը խորհրդային ժամանակաշրջանի է, ըստ էության՝ ռուսական տեխնոլոգիա է, որին «Ռոսատոմը» շատ ավելի լավ է տիրապետում: Մեզ բոլորիս պետք է անհանգստացնի ՀԱԷԿ-ի անվտանգության խնդիրը: Այս արդիականացման արդյունքում կտան պատասխան՝ մինչեւ ե՞րբ կարող է ՀԱԷԿ-ն անվտանգ շահագործվել: Ամեն տարի ընթացիկ վերանորոգումներ արվում էին վերալիցքավորման համար, բայց 1995 թվականի վերաբացումից ի վեր երբեւէ այս ծավալի աշխատանքներ չէին կատարվել ատոմակայանում»:

Վահրամ Պետրոսյանի կարծիքով միջուկային տեխնոլոգիաների տիրապետելը մեծ պատիվ եւ դիվիդենտ է երկրի համար, իսկ Հայաստանն արդեն 50 տարի այդ տեխնոլոգիայի մեջ է. «Այսօր Թուրքիան ատոմակայան է կառուցում, բայց սկզբնական շրջանում այն պետք է շահագործեն ռուս մասնագետները, մինչեւ իրենք կադրեր պատրաստեն: Մենք եւս խիստ ուշադրություն պետք է դարձնենք կադրերի պատրաստմանը, սերնդափոխությանը, սա չպետք է երկրորդ պլան մղվի, որովհետեւ ՀԱԷԿ-ը մեզ համար կենսական նշանակություն ունի: Մինչդեռ միջուկային էներգետիկայի մասին վերջերս չեն հիշում եւ շատ ակտիվ խոսում են այլընտրանքային էներգետիկայի մասին՝ արեւ, քամի, որը լավ բիզնես է, բայց արդյունաբերական խոշոր նշանակություն ունենալ չի կարող»:

Գայանե Խաչատրյան

Շուրջ 20 տարի լրագրության ոլորտում եմ: Լուսաբանում եմ սոցիալ-տնտեսական, քաղաքական թեմաներ: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու եմ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատերազմական դրվագներ։ Գեւորգ Թեմուրյան
հաջորդը
Հայաստան-Վրաստան հարաբերություններ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն