• Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
  • մեր մասին
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
ՀայաստանՄենք

Մեր ընկեր Վալերը

Վահրամ Աթանեսյան 11:30 | 30.01.2021
Վահրամ Աթանեսյան 11:30 | 30.01.2021

Պատերազմի խառնակ մի օր ֆեյսբուքում կարդացի, որ կորոնավիրուսից մահացել է Վալերի Պետրոսյանը: Ասկերանի «Բերդ» թերթի երկարամյա խմբագիրը, վաստակավոր լրագրողը: Շարժման, ղարաբաղյան առաջին պատերազմի ֆոտոտարեգիրը:

Արդեն շատ հեռավոր անցյալի մի օր նա ինձ Նորագյուղի հայրական տուն էր հրավիրել: Հայրը, մայրը կային՝ վշտից կորացած, աշխարհից խռով: Պատերազմը խլել էր իրենց որդուն: Գյուղի մշակույթի տանը Վալերին ցույց էր տալիս եղբոր որմնանկարը եւ պատմում, թե որքան տաղանդավոր էր նա:

Այսօր Նորագյուղի գերեզմանոցում, որտեղ պատերազմի նահատակների պատվավոր ծառուղին է՝ միանման, մի չափի խաչ-մահարձաններով, թարմ շիրիմներ կան՝ ծաղիկների եւ պսակների մեջ կորած: Վալերին հանգչում է հոր կողքին, մոր կողքին, որ աշխարհից հեռացան խաղաղ, բայց իրականության հետ, երեւի, անհաշտ:

Հին Նորագյուղը սարի վրա է: 1960-ականների ղարաբաղյան իշխանությանն ենք պարտական, որ Նորագյուղն այսօր մեծ, համարյա քաղաքատիպ համայնք է՝ կանոնավոր փողոցներով, աչք շոյող առանձնատներով, մինչեւ վերջին սանտիմետրը փխրեցրած հողակտորներով: Արդեն ցելոֆանապատել են ջերմոցները: Մայիսին շուկա կհանեն Նորագյուղի փշփշոտ վարունգը, վաղահաս լոբին: Նորագյուղցիների տնամերձում կլոր տարին կանաչեղեն կա: Աշխատավոր մարդիկ են:

Վալերի Պետրոսյանը լրագրության մշակ էր, կազմակերպիչ: Զինվոր եւ հրամանատար: Կյանքի, զարգացման, ներսի զսպանակը բացելու-ծավալվելու սուր զգացողությամբ օժտված՝ նա քսան-քսանհինգ տարի առաջ մտավորականի իր բողոքն էր հայտնել, թե հայ երեխան ինչո՞ւ պիտի դպրոց գնա թուրքական «օքյուլ դեֆտեր»՝ ընդհանուր տետրով: Այն էլ՝ ով գիտի՝ ինչ սիմվոլիկայի նկարազարդումներով:

Նա ինձ՝ Ազգային ժողովի նորընտիր պատգամավորիս, վրա էր հույս դրել: Որ միասնաբար կկարողանանք կրթության ոլորտի պատասխանատուներին, իշխանություններին համոզել՝ վերջ տալ թուրքական գրենական պիտույքների ներկրմանը: Իր լուծումներն էր առաջարկում: Ֆոտոլրագրողի, ինքնուս կամ չգիտեմ՝ գուցե մասնագետ-նկարչի՝ աշխարհում գեղեցիկը, մերայինը տեսնող աչքով Վալերին համակարգչի առաջ գիշերներ էր լուսացրել եւ պատկերել իր երազանքի աշակերտական տետրերը՝ ազգային առասպելներից, հեքիաթներից քաղած ուսանելի նկարազարդումներով: Ինչպես ամեն մի գեղեցիկ նախաձեռնություն՝ այդ մեկն էլ բախվեց չինովնիկական անհասկացողության կամ, թերեւս, բիզնես-դիմադրության սառը պատին եւ փշրվեց: Իսկ նա չընկճվեց: Ասկերանում ստեղծեց ստեղծագործական իր անկյունը, որտեղ շրջանային թերթի խմբագրի հյուծող ծանրաբեռնվածությունից ազատ ժամերին առանձնանում եւ վերստեղծում էր անկախ Արցախի իր բաժին տարեգրությունը:

Մեզնից ով այդ հուշ դարձող տարիներից ինչ պատկերի կարիք ունենար՝ պարտադիր դիմում էր Վալերի օգնությանը: 88-ի փետրվարյան առաջին ցույցերը միայն ինքն է լուսանկարել: Հիմա այդ սեւ-սպիտակ պատկերները պատմական վավերագրի ուժ եւ ինքնությամբ հպարտանալու զորություն ունեն:

Անցած, թե նախանցյալ տարի Վալերին Երեւանում լուսանկարների ցուցահանդես էր կազմակերպել: Մամուլի արձագանքները ջերմ էին, մի քանի օր նա լրահոսքի կենտրոնական դեմքերից էր: Զանգեցի, շնորհավորեցի: Անկեղծորեն հպարտ էր, ուշադրությունից շոյված: Երեւանյան շրջանակների համար էլ նրա ցուցահանդեսը, երեւի, հայտնության պես էր եղել:

Շիրմին երկու ճերմակ վարդ եմ դնում: Կինը, որդիները՝ կարմիր մեխակներ: Լուռ ենք: Ի՞նչ խոսես: 63-ամյա ամուր, բարձրահասակ, շուրթերին միշտ մի առեղծվածային ժպիտ, բայց հոնքերն իրար տված տղամարդու դեռեւս շենշող կյանքն ընդհատվել է դարի խարդավա՞նք, թե՞ աղետ ասես՝ անհեթեթ հիվանդությամբ 2020-ի հոկտեմբերի մի օր՝ երեւանյան մի հիվանդանոցում:

Ճշտումների անհրաժեշտություն չկա: Գերեզմանոցը գյուղից դուրս է, մեկուսի: Եւ որովհետեւ հազիվ կեսդարյա պատմություն ունի՝ շիրմաքարերը նոր ոճի են, գրեթե՝ նույնանման: Շքեղություններ չկան: Վալերին գեղեցկությունների սիրահար էր, բայց՝ ոչ ճոխության: Ազատ, անկաշկանդ էր ապրում: Նա անկախ Արցախի հետ հասունացած, կյանքն Արցախով իմաստավորած մտավորականի տեսակ էր, որ, սակայն, սեփական աշխարհն ունենալու իրավունքը երբեք չզիջեց ոչ ավանդապաշտությանը, ոչ պաշտոնական աստիճանահարգությանը, ոչ արարողակարգին:

Նա երկրորդ ծաղկումն ունեցավ: Եւ դա շատ գեղեցիկ, գրողի ընկալման արժանի կյանք է, որ շարունակվում է ձմեռնուկ սիրուց ծնված նրա զավակներով եւ կնոջ նվիրվածությամբ, երբ ասում է, որ լուսանկարների նոր, շքեղ ցուցահանդեսով է նշելու Վալերի ծննդյան օրը՝ օգոստոսին: Որ ավարտելու է իրենց տան կառուցումը՝ Ասկերանում, որ նոյեմբերի 10-ից հետո այլեւս սահմանային է:

Ոչ կարգին գյուղ է, ոչ՝ քաղաք: Միջանցիկ քամիների եւ արեւադարձային շոգ ամառների Ասկերանը, որտեղ Վալերի Պետրոսյանը քառորդ դար շրջանային թերթի խմբագիր էր: Տաք մի անկյուն ուներ, որտեղ անցնող-դարձողներս հաճախ մտնում՝ մի գավաթ սուրճ կամ ոտի վրա հիսուն-հիսուն օղի էինք խմում՝ պինդ նստելն ամեն անգամ հետաձգելով հաջորդ տեսությանը: Չեղավ: Չստացվեց: Մնաց մեր բոլորիս Վալերի ֆոտոտարեգրությունը, որ եկողներին պիտի պատմի երեսուն տարվա ոգորումների մասին:

Ետդարձի ճանապարհին տեսա՝ հին Խոջալուում, որ Իվանյան է վերանվանված, ամենուր ռուսական դրոշներ են փողփողում: Վալերին հաստատ կասեր՝ ինչո՞ւ: Եւ՝ թե ինչ է լինելու վաղը…

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վեցակողմ Կովկաս
հաջորդը
Պուտինը եւ Բայդենը համաձայնել են

խմբագրական

Հոբելյանին ընդառաջ

Promotion Image

լրահոս

  • Ռուս-թուրքական սրացումներ ուկրաինական ճակատում

    20:22 | 12.04.2021
  • Իսրայելի եւ Իրանի հին ու նոր մարտահրավերները

    19:10 | 12.04.2021
  • Ուժեղացրել են ռազմական ակտիվությունը

    17:53 | 12.04.2021
  • Պատերազմը բացառում է, քաղաքացիական պատերազմը՝ ոչ

    16:28 | 12.04.2021
  • Նաեւ չինական պատվաստանյութ

    16:11 | 12.04.2021

ընտրանի

  • 1

    Աղավնոյի «անկախ պետությունը»

  • 2

    Եթե հաղթեինք

  • 3

    Պատերազմական դրվագներ։ Գոռ Սարկիսյան

  • 4

    Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսել է պետք. մղձավանջային...

  • 5

    Աննախադեպը

Facebook Youtube Email Telegram
Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

արխիվ

Հունվարի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Դկտ   Փտր »

@2020 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա