• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Պատերազմական դրվագներ: Լիդա Բալեյան

Անուշ Իգնատյան 17:15 | 17.02.2021
Անուշ Իգնատյան 17:15 | 17.02.2021

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7.40-ին, տագնապի ազդանշանով հասա զորամաս: Ամսվա ընթացքում երկու-երեք ուսումնական տագնապ է լինում, բայց այս անգամ, երբ տեղ հասա ու տեսա հրամանատարիս, ժպիտը դեմքիս քարացավ. հասկացա, որ տագնապն ուսումնական չէ, բայց նաեւ չուզեցի հավատալ, որ պատերազմ է սկսվել»,- պատմում է Արցախյան երրորդ պատերազմի մասնակից քսանվեցամյա Լիդա Բալեյանը:

Ասում է՝ մոտ մեկ շաբաթ ընտանիքի անդամները չեն իմացել՝ ինքը որտեղ է, չի ասել, որ Արցախ է մեկնել, հեռախոսն էլ միշտ փորձել է հասանելի պահել, որ ծնողները չլսեն օպերատորի ձայնը՝ «Բարի գալուստ «Ղարաբաղ Տելեկոմ»»: Բայց ի վերջո հնարավոր չի եղել հեռախոսի մարտկոցը լիցքավորել, եւ ծնողները զանգել ու իմացել են, որ արդեն ութ օր է՝ Արցախում է: Հասկանալով ծնողների անհանգստությունը, նրանց միակ երեխան է, փորձել է լուր ուղարկել, որ ողջ է: «Երբ զանգեցի մորս, արդեն գիտեր, թե որտեղ եմ: Տագնապած էր, ձայնի մեջ անհանգստություն, ցավ ու հպարտություն կար: Ծնողներիս, ընկերներիս, հարազատներիս համար ես հերոս եմ: Ապրիլյան պատերազմին էլ եմ մասնակցել, բայց երբեք չեմ մտածել, որ հերոս եմ. ես գիտակցված եմ անում իմ գործը ու պարտավոր եմ դա անել»,- ասում է Լիդան:

Լիդան Էջմիածնից է: Ծառայում է հայկական բանակում: Ասում է՝ ազատ ժամանակ քիչ է ունենում, հաճախ է գնում գործուղումների կամ զորավարժությունների: Եթե ազատ մի քանի ժամ է ունենում, ընտանիքի ու ընկերների հետ է անցկացնում, քանի որ նրանց շատ քիչ է տեսնում: Սիրում է զբաղվել սպորտով: Սիրած զբաղմունքը կրակելն է: «Չնայած բարդ ու կոպիտ կյանքիս՝ աշխատում եմ ամեն տեղ խաղաղություն տարածել, սիրելի մարդկանց երջանկացնել. բանակի դժվարություններն ու լարվածությունը փորձում եմ այդ կերպ թեթեւացնել»:

Արցախյան պատերազմի օրերին Լիդան եղել է Մատաղիսում ու Մարտակերտում: Նրա կարծիքով սա հերոսական ու չտեսնված պատերազմ էր: Ասում է՝ ոչ ոք չի կարող նկարագրել իրավիճակները, որոնցում եղել է, վախն ու ոգեւորվածությունը, որ զգացել է: «Երբ լուրջ վտանգ կար, վախը կորչում էր, մենք ջանում էինք ողջ մնալ հանուն մեր հարազատների: Երբ նոր էինք դիրքեր գնացել, փորձեցինք արագ ու աննկատ մտնել խրամատ: Դժբախտաբար, այդ դիրքերում մեր զինակից ընկերներն արդեն զոհվել էին, իսկ թշնամին գրոհում էր: Շոկի մեջ էինք, խառը զգացողություններ ունեինք, չգիտեինք ինչ անել, բայց սրբեցինք մեր արցունքները, հավաքեցինք մեզ ու սկսեցինք մարմինները տեղափոխել մեքենայի մեջ, որ հասկանանք, թե ով է կենդանի, որ հոսպիտալ տանենք: Առանց շունչ քաշելու եւ վախենալու էինք անում այդ գործողությունը: Մեզ «Դարոյինք»-ի ու «Գրանդ Քենդի»-ի մեքենաներն էին տրամադրել, որ կարողանանք շատ մարդ տեղափոխել: Թշնամին ճանապարհին ոչնչացնում էր մեքենաները: Մեզ էլ նկատեցին ու կրակեցին մեր ուղղությամբ: Մեքենայի մեջ շատ զոհվածներ ու վիրավորներ կային: Վստահ էինք, որ ողջ չենք մնա, բայց վարորդը մեքենան հնարամտորեն հանեց այդ ծուղակից: Դուրս եկանք մայրուղի, վարորդը վիրավոր էր, կանգնեցրեց մեքենան, դուռը բացեց, որ դուրս գանք, ու չգիտեմ՝ ինչ արագությամբ ենք մտել դիակների տակ, որ պաշտպանվեինք. զրահաբաճկոններն արդեն չէին օգնում: Ընկերներիցս երկուսը, ցավոք, զոհվեցին: Մի քանի ողջ մնացածներով իջանք, լացելով գրկեցինք իրար ու միմյանց ծնունդ էինք շնորհավորում, որովհետեւ նորից էինք ծնվել… Չգիտեմ, թե այս պատերազմն ում ինչ տվեց, բայց մեզ մեր կյանքերը տվեց»,- ասում է Լիդան:

Լիդան պատերազմի մասին գիտեր ֆիլմերից, դպրոցից, համալսարանից, բայց այն, ինչ եղավ իրականում, շատ էր տարբերվում նրա պատկերացրածից: «Թնդանոթների ամեն ձայնից մահանում ես, ու երբ դրանք լռում են, նորից ես ծնվում. ես նախկինում այդպիսի զգացողություններ չեմ ունեցել: Պատերազմի ժամանակ զարմանում ես այն ուժից, որի մասին մինչ այդ չգիտեիր: Հիշում եմ, ոչ ոք չէր խոսում, բացարձակ չէր խոսում, մենք իրար հայացքներով էինք հասկանում: Չգիտեմ էլ, թե ինչպես էինք հասցնում իրար նայել, բայց ամեն նայելիս թվում էր, թե դա վերջին անգամ է: Կարոտով էինք նայում ամեն ինչին: Հիշում եմ, փափուկ խոտ կար, ձեռքս մեջն էի մտցնում, ուզում էի բույրը զգալ: Անգամ այրված բարութի [վառոդի] հոտն էինք ագահաբար շնչում, դա մեզ այդ պահին հարստություն էր թվում»,- հիշում է Լիդան:

Նա կարծում է, որ պատերազմը դադարեցնելն անհրաժեշտություն էր, մարդիկ արյունաքամ էին լինում: Ուժերն անհավասար էին, հայկական կողմի դեմ նաեւ ահաբեկիչներ էին կռվում: Տասնութ տարեկան նոր զորակոչված տղաները կռվում էին երեսունհինգից քառասուն տարեկանների դեմ, բայց համառորեն առաջ էին գնում, շատերն էլ հետ չէին գալիս: «Այդ փաստաթղթի ստորագրման շնորհիվ մենք ողջ մնացինք, մեր ուժերն արդեն չէին հերիքում: Ես շնորհակալ եմ ստորագրողին, որ այսօր շատ մարդիկ, երեխաներ, խաղաղ բնակիչներ շնչում են: Եթե մի քանի օր շուտ ստորագրվեր, հավատացե՛ք, Եռաբլուրում ազատ տեղեր կլինեին…»,- ասում է Լիդան:

Վերջում զրուցակիցս խոսում է պատերազմում կրած պարտության մասին. «Իմ կարծիքով ո՛չ Ադրբեջանը մեզ հաղթեց, ո՛չ Թուրքիան, մե՛նք մեզ հաղթեցինք ու պարտվեցինք: Մեր ազգում ու բանակում շատ թերություններ կան, միայն ուժն ու ոգու արիությունը զինվորին բավարար չեն, մեզ ամուր թիկունք էր պետք, ամուր պետություն: Մեր պարտությունը տրամաբանական էր. անհավասար պայքար էր, պահեցինք այն, ինչ կարողացանք մեր ուժերով պահել: Բայց եթե պետք լինի, էլի կգնանք ու կկռվենք՝ տղա թե աղջիկ, մեզ ոչինչ ծնկի չի բերի»:

պատերազմի դրվագներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կին առաջնորդները՝ հակամարտությունների թեմայով
հաջորդը
Խոսքի ազատության սահմանափակումներ Սյունիքում

Նման հոդվածներ

Գեւորգը կա

12:30 | 11.09.2021

Խրամատում ծառ ջրող Մեծ Սեպասարցի Կարոն

12:30 | 10.09.2021

Պատերազմական դրվագներ։ Սամվել Գեւորգյան

15:30 | 29.06.2021

Պատերազմական դրվագներ։ Էրիկ Միքայելյան

14:30 | 18.05.2021

Պատերազմական դրվագներ: Մովսես Դավթյան

17:00 | 17.05.2021

Պատերազմական դրվագներ: Ռաֆայել Խաչատրյան

14:00 | 13.05.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն