• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Մենք

Պատերազմական դրվագներ։ Էրիկ Միքայելյան

Գայանե Գասոյան 14:30 | 18.05.2021
Գայանե Գասոյան 14:30 | 18.05.2021
Erik Mikaelyan

Էրիկ Միքայելյանը չարաբաստիկ դեպքի օրը զանգել էր մորը եւ ասել, որ իր ծառայակից ընկերը՝ Էմանուելը, վիրավոր է, եւ նրան տեղափոխել են Երեւան, ու խնդրել էր անպայման իմանալ, թե որտեղ եւ ինչպես է ընկերը, ու լուր հասցնել իրեն։ Լիանան հաջորդ օրը գնացել էր հոսպիտալ, ընդունարանում ասել էին, որ Էմանուելն այլեւս չկա։ Նա մինչ այդ չէր ճանաչում Էմանուելին ու նրա ընտանիքին, իսկ հիմա տղայի մոր՝ Լուսինեի հետ ցավակից ընկերներ են․ միասին են այցելում Եռաբլուր։

«Էությամբ շատ բարի է, մարդամոտ, ընկերասեր։ Չգիտեմ որտեղից սկսել եւ բնավորության որ գծերը թվել, շատ լավն է, մարդկանց հասնող, նվիրվող,- ասում է մայրը՝ Լիանա Ավդալյանը՝ որդու մասին խոսելով ներկա ժամանակով,- սպիտակամաշկ եւ շեկ մազերով է իմ լույս տղեն»։

Լիանան պատմում է՝ Էրիկը գեղեցիկ եւ ջերմ ժպիտ ուներ, հարեւաններն ու բարեկամներն էլ հաճախ էին նրան համեմատում արեգակի հետ, հատկապես երբ ժպտում էր․ չէ՞ որ ինչպես արեւից, այնպես էլ Էրիկի ժպիտից մարդկանց տրամադրությունը բարձրանում էր, ներքուստ էլ ջերմություն էին զգում։

Էրիկը տղամարդու վարսահարդար էր։ Լիանան հիշում է, թե ինչպես մի անգամ կարողացել է որդուն համոզել, որ իր մազերն էլ կտրի։ Սկզբում չի համաձայնել, թե՝ «կապականի մազերը», բայց Լիանան պնդել է: «Դողդողալով էր կտրում, ես էլ ասացի, որ համարձակ կտրի, մազ է էլի, ասաց՝ «էս կինն ուզում է քաչալանալ»»,- ժպիտը դեմքին՝ հիշում է Լիանան։

Էրիկը հայրենասեր էր, մեծ ոգեւորությամբ եւ իր կամքով էր մեկնել բանակ։ Մինչեւ զորակոչվելը մոտ մեկուկես տարի էր արդեն, ինչ Մոսկվայում էր բնակվում, բայց վերադարձավ հայրենիք՝ իր երկրի առջեւ պարտքը կատարելու։

«Արդեն աշխատում էր, ինքը որոշեց հետ գալ, ուզում էր անպայման Հայաստանի զինված ուժերում ծառայել, թեև հնարավորություն ուներ մնալու ՌԴ-ում եւ ընդամենը մեկ տարի ծառայելու բանակում, բայց չհամաձայնեց։ Ասում էր՝ «Չէ՛, պիտի գնամ ու վերջ»»,- հիշում է մայրը։ Ավա՜ղ, տղան իր հայրենասիրության համար կյանքով վճարեց։

Երիտասարդը բազում նպատակներ ուներ. բանակից վերադառնալուց հետո մանկության երկու մտերիմ ընկերներով որոշել էին գեղեցկության սրահ բացել։ Բայց պատերազմը խառնեց նրանց ծրագրերը։

Երբ Էրիկը դիրքերում էր մարտնչում, նրա փոքր եղբայրներն էլ թիկունքից էին փորձում օգնել զինվորներին։ Բակի ընկերների հետ զինվորների համար իրեր, գումար եւ ուտելիք էին հավաքում, դասավորում արկղերի մեջ, հետո ուղարկում Արցախ։ Հատկապես ոգեւորված էր յոթամյա Աշոտիկը։

«Կատակով ասում էի՝ Աշո՛տ, մի հատ կոնֆետ կտաս, ասում էր՝ «Մամա՛ ջան, չէ՛, սա զինվորների համար է»։ Ոչ մեկին ոչինչ չէր տալիս, որովհետեւ դա պետք է ուղարկեր դիրքերում կռվող մեր պաշտպաններին»,- պատմում է Լիանան։

Erik Mikaelyan

Հենց չարաբաստիկ դեպքի գիշերը Լիանան զանգ է ստացել․ զինվորներ էին զանգահարել, որոնց հասել էր երեխաների պատրաստած արկղը, Աշոտիկի հետ էին ուզում զրուցել, զանգել էին շնորհակալություն հայտնելու։ Լիանան հեռախոսը փոխանցել է փոքր որդուն, զինվորներն ասել են՝ «Ախպե՛րս, մերսի, ուղարկածդ հասել է մեզ, հանգի՛ստ եղիր»: Փոքրիկ Աշոտիկն էլ մեծավարի պատասխանել է. «Դե լավ է, տղե՛րք ջան, անո՛ւշ արեք, բայց մի հատ ախպորս կգտնեք, անունը Էրո է, Հադրութից է»։

Բանն այն է, որ պատերազմի օրերին Էրիկը այնքան էլ հաճախ չէր զանգում, մայրը արցունքն աչքերին կարդում էր զոհված զինվորների անունները՝ մինչեւ վերջին վայրկյանը հուսալով, որ Էրիկի անունը չարաբաստիկ ցուցակում չի տեսնի։

««Չկա, Աստված ջան, բա ինչի՞ չի զանգում, ինքս ինձ հարցնում էի։ Հետո, երբ զանգում էր, ասում էր, որ լավ է, քնած էր, նոր է արթնացել։ Հարցնում էի՝ հանգի՞ստ է այդտեղ, ասում էր՝ «Հա, մա՛մ ջան», բայց դե լսվում էին պայթյունի ձայները»։

Erik Mikaelyan

«Դեպքի օրը զանգահարել էր՝ ասելու, որ իր ծառայակից ընկերը՝ Էմանուելը, վիրավոր է, տեղափոխել են Երեւան, ու որ ես նրան գտնեմ ու լուր հասցնեմ իրեն։ Խոստացա գտնել ընկերոջը, ու զանգը ընդհատվեց։ Սիրտս վախ ընկավ, զգում էի, որ մի բան այն չէ»,- հիշում է Լիանան։

Հետո Էրիկը մի անգամ էլ է զանգել մորը ու վստահեցրել, որ կապերի հետ է խնդիրը։ Չնայած որդու խոսքին՝ Լիանան չի հանգստացել։

Հաջորդ օրը նախ Աշոտիկի հավաքած իրերն են տարել հանձնման կետ, հետո գնացել են Էմանուելին փնտրելու։

«Հիվանդանոցում ահասարսուռ տեսարան էր, երիտասարդ տղաները՝ անվասայլակների վրա, վիրակապված, ոմանք առանց վերջույթների, բայց նույնիսկ այդ վիճակում մոտենում եւ հարցնում էին, թե ինչով կարող են օգնել։ Ընդունարանում իմացա, որ Էմանուելը մահացել է: Չկարողացա խոստումս կատարել, չհասցրի գտնել նրան։ Նույն օրը գիշերը քնիցս վեր թռա, ասես շնչահեղձ էի լինում. հենց այդ պահին եմ կորցրել որդուս»,- արցունքն աչքերին՝ պատմում է մայրը։

Դեպքը հակտեմբերի 25-ին է եղել։ Դիրքերից վերադարձած տղաներն են պատմել: Իրենց ջոկը ԱԹՍ-ի ռմբակոծության է ենթարկվել: Դիրքերից նրանց իջեցնելու ժամանակ Էրիկն ասել է, որ ինքը ավելի լավ վիճակում է, ուրիշները ավելի շտապ օգնության կարիք ունեն, ինքը կսպասի։ Մինչև մոտեցել է երկրորդ մեքենան, արդեն ուշ է եղել․ Էրիկի մոտ ներքին արյունահոսություն է սկսվել։

«Բեկորային վնասվածք է ստացել։ Բեկորը ասեղի պես բարակ է եղել, թոքն է խոցել:  Շատ ընկերասեր տղա էր, բարության մարմնացում։ Եթե մեքենայում իր տեղը չզիջեր, ու ժամանակին բժշկական օգնություն ցույց տային, երեւի թե փրկվեր,- ասում է Լիանան:- Ես չեմ տեսել նրան, եղբայրս է գնացել մարմինը ճանաչելու, ասում է, որ դեմքը այլայլված է եղել, տարեց մարդու է նմանվել, մարմնի սպիներով է ճանաչել. չեմ հավատում կամ էլ չեմ ուզում հավատալ ու հաշտվել իրողության հետ»։

Լիանան շարունակում է հուսալ, որ եղբայրը սխալվել է։

«Կամ ես եմ սկսել խենթանալ»,- ասում է նա։

Լիանան մեր զրույցի նախորդ օրն էր այցելել Էրիկին, Լուսինեն էլ՝ Էմանուելին: Երբ մոտեցել են Էրիկի շիրիմին, դրոշակը սկսել է ծածանվել։

«Այսպես են խոսում մեզ հետ»,- մեկնաբանել է Լուսինեն։

Լիանան նկատել է, որ տղայի շիրիմի վրայից հաճախ մրգերը գլորվում են կողքի գերեզմանի մոտ․ երեւի հյուրասիրում է։

Erik MikaelyanԵղբայրները շատ կապված էին Էրիկի հետ։ Չեն հավատում, որ Էրիկն այլեւս չկա։ Եռաբլուր գնալիս էլ պնդում են, թե իրենց ավագ եղբայրը չէ այդտեղ։ Շարունակում են հուսալ եւ սպասել նրա վերադարձին, հատկապես Աշոտիկը։ Մինչ օրս էլ, եթե ինչ-որ տեղ կամ համացանցում զինվորի է տեսնում, ասում է՝ «Մա՛մ, մի հատ հարցրու, էլի, կարո՞ղ է ախպորս ճանաչում են, կարո՞ղ է գիտեն՝ որտեղ է»։

Էրիկը շատ կապված էր Լիանայի հետ։ Նրանց հարաբերությունները ավելի շուտ ընկերական էին, քան թե մոր եւ զավակի։

Փոքր եղբոր հետ վերջին անգամ  խոսելիս խնդրել էր, որ մոր հանդեպ ուշադիր լինի եւ իր փոխարեն նրա մասին հոգ տանի։ Ու հիմա, երբ Աշոտիկը Լիանային լացելիս է տեսնում, մոտենում է, հիշեցնում Էրիկի խնդրանքը։

Erik Mikaelyan

«Տղաս ինձ երբեք չէր խաբել, երբեք, բայց առաջին ու վերջին անգամ խաբեց. խոստացել էր վերադառնալ ու հետ չեկավ»,- զրույցը եզրափակում է Լիանա Ավդալյանը։

պատերազմի դրվագներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
592 թեկնածու Իրանի նախագահական ընտրություններում
հաջորդը
Մենք ենք

Նման հոդվածներ

Գեւորգը կա

12:30 | 11.09.2021

Խրամատում ծառ ջրող Մեծ Սեպասարցի Կարոն

12:30 | 10.09.2021

Պատերազմական դրվագներ։ Սամվել Գեւորգյան

15:30 | 29.06.2021

Պատերազմական դրվագներ: Մովսես Դավթյան

17:00 | 17.05.2021

Պատերազմական դրվագներ: Ռաֆայել Խաչատրյան

14:00 | 13.05.2021

Պատերազմական դրվագներ: Մնաց Ասոյան

13:00 | 12.05.2021

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023
  • Դիրքորոշումների միասնություն եղել է միայն ռուս խաղաղապահների տեղակայման...

    18:44 | 23.03.2023
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 411 միլիարդ դոլար

    16:24 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա