• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Էհ, Միշա, Միշա

Վահրամ Աթանեսյան 11:30 | 23.02.2021
Վահրամ Աթանեսյան 11:30 | 23.02.2021

Նրա հայրենի Գյուրջեւան գյուղը հիմա թուրքաբնակ է՝ Ադրբեջանի Իսմայիլիի շրջանում, որտեղ հարյուր տարի առաջ ահեղ կռիվներ են եղել: Բաքվից՝ բոլշեւիկյան կոմունայի, Գանձակից՝ թուրքական էքսպեդիցիոն կորպուսի եւ թաթարական զինյալների հոծ բազմությունները բախվել են, եւ Ստեփան Շահումյանի զորքը ծանր մարտերով նահանջել է:

Շրջակայքի հայերն սպանվել, բռնագաղթել, մի մասով էլ ապաստանել են լեռներում: Մինչեւ անգլիացիները պարսից Էնզելիից եկել՝ որոշ չափով կարգուկանոն են հաստատել: Հետո դարձյալ բոլշեւիկներն են եկել, կյանքը մտել է հունի մեջ: Դարձյալ շենացել են գյուղերը; երեխաներ են ծնվել, դպրոցներում զանգ է ղողանջել: Այդպես:

Մինչեւ անցյալ դարի 60-ականների վերջին գյուղական ուսուցիչ Գրիգոր Հաջյանը Միքայել որդուն տարել է Բաքու՝ Ադրբեջանի Լենինի անվան պետական մանկավարժական ինտիտուտի հայկական բաժին, որտեղ չորս տարի հայոց լեզու, հայ, ռուս, համաշխարհային գրականություն, մարքսիստական փիլիսոփայություն, քաղտնտեսություն եւ աթեիզմ է ուսանել: Եւ լսել հին պատմություններ հայ-թուրքական կռիվների, մխացող թշնամանքի եւ այն մասին, որ մի քսան-երեսուն տարի առաջ Բաքվում զրնգուն հայկական կյանքի է ծաղկել։

Ծառայել է խորհրդային բանակում, աշխատանքի անցել «Կոմունիստ» հայերեն թերթում, Հեռուստառադիոպետկոմի հայկական հաղորդումների խմբագրությունում: Թարգմանություններ է արել, տպագրվել «Գրական Ադրբեջան» հանդեսում:

Ամուսնացել է սյունեցի աղջկա հետ, որի պապը կամ պապի հայրն ինչ-որ ժամանակ թողել է լեռնային աղքատ գյուղը եւ բախտ որոնել Բաքվի նավթային աշխարհում: Կամ առեւտրական է եղել՝ կարեւոր չէ: Հույժ բնութագրական է, որ գյուրջեւանցի Միքայել Հաջյանը Բաքու կոսմոպոլիտ քաղաքում ծնված զավակներին տվել է Նորայր եւ Երվանդ անունները:

Ի սկզբանե է ընդդիմացել ուծացմանը: Ի սկզբանե է տղաներին հայ կնքել: Ոչ թե եկեղեցական արարողակարգով, այլ՝ անունով: Անուններ, որ երբ թուրք, ռուս, հրեա գործընկերների մոտ հպարտությամբ հնչեցրել է՝ Նորայր, Երվանդ, թուրքերը հաստատ կասկածել, մյուսները զարմացել են: 1990-ին թողել է ուսուցիչ հոր նվիրատվության, գիշերային դժվար աշխատանքի հոնորարներից խնայողության գումարով գնված տունը: Ոչ թե քաղաքային բարձրահարկի պլանային բնակարան, այլ՝ սեփական դուռ ու դարպասով, բակի ծառերով տուն: Թողել եւ ոչ թե եղբայրների, հորեղբոր որդիների կանչով Ռուսաստանի, այլ՝ մութուցուրտ, կիսաքաղց Երեւանի ճանապարհն է բռնել՝ կնոջ, երկու տղաների հետ:

Էհ, Միշա, Միշա…

Բաքվի երեք հարյուր հազար հայերից քանի՞սը եկան Ղարաբաղ կամ գոնե մնացին Երեւանում։ Ցրված են ռուսաստաններում, ամերիկաներում, իսրայելներում։ Աշխարհով մեկ ցրված՝ նրանք ֆեյսբուքյան սարդոստայններում միմյանց գտել, վաղեմի թուրք, ռուս, հրեա ընկերներին գտել՝ դպրոցական, վաղ երիտասարդության իրենց հիշողություններն են հիմա պատմում։

Եւ կարողանում են կարոտել…

Իսկ ես քեզ հիշում եմ հայկական ռադիոյի խմբագրությունից հետիոտն Հատուկ ծրագրերի կոմիտե, այնտեղից՝ պաշտպանության նախարարություն, նախագահի աշխատակազմ աճապարելիս՝ պատերազմի սպասումներից տագնապահար Երեւանում, որտեղ թուրքական մամուլ կարդացող, ռադիոյի թուրքերեն հաղորդումներ լսող եւ հարկավոր տեղեկություններ քաղող միակը, երեւի, դու էիր:

Իսկ Նորիկը, տասնչորս-տասնհիգ տարեկան Նորիկը հանրակացարանային բնակարանից դուրս եկել՝ հասել էր Գորիսի պապոնց գյուղ, այնտեղից՝ Ղարաբաղ։ Նորիկը, որը պատերազմից հետո նաեւ ժամկետային ծառայություն անցավ: Շենշող, զվարթ, ապոլոնյան գեղեցկության Նորիկը։ Նորիիկի ժպիտը, երբ այտին փոքրիկ փոս էր բացվում, ապա ժպիտը մարելու հետ՝ դանդաղ լցվում։

Ապրիլյան մի օր ֆեյսբուքում ինձ գրեցին, որ Նորիկը զոհվել է:

Ինչու՞, ինչպե՞ս…

Հետո ռազմաճակատ կամավոր մեկնողների ավտոբուսում Նորիկի զվարթ-խրորխտ խոսքուծիծաղի կադրերը հազար անգամ նայվեցին: Եւ վաստակավոր լրագրող Միքայել Հաջյանի փութկոտ քայլվածքը միանգամից ծերունական դարձավ, ծիծաղը մարեց: Բայց ինքը շարունակ գործի վրա էր՝ ռադիոյի համար քաղաքական մեկնաբանություններ, ադրբեջաներեն հաղորդումներ, Ստեփանակերտից՝ Բեյրութ՝ «Ազդակ» թերթի համար քաջատեղյակ վերլուծություններ, որ տագնապներ, սպասումներ, բայց հիմնականում հավատ էին փոխանցում Լիբանանի, Մերձավոր արեւելքի հայկական համայնքների դարձյալ դժվար կացության մատնված հայրենակիցներին:

Փոխկանչի այդ կապը Միքայել Հաջյան հեղինակին մի օր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի օրհնությանը տարավ: Ոգեւորված էր, հավատով առլեցուն: Եւ, կարծես, մի փոքր վերագտել էր իրեն: Ոչ նախկին շռինդով, բայց քայլքը վերստին հաստատուն էր, նվիրումը՝ լիաբուռն, գիրը՝ հիմնավոր: Պայծառ հավատով։

Էհ, Միշա, Միշա…

Պատերազմի ո՞ր օրն էր՝ չեմ հիշում, նկուղում ասացին, որ Երվանդը… Ինչպե՞ս: Արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հետ կապերի վարչության պետն ինչո՞ւ պիտի կամավոր ռազմաճակատ գնար: Երվանդը: Համեստ, ուշիմ, նրբանկատ: Երվանդի ժպիտը, երբ երեխաների ձեռքից բռնած՝ պապոնց տան ճանապարհին երբեմն հանդիպում էինք:

Ես չկարողացա նայել քո աչքերին, Միշա: Հինգ ամիս է անցել՝ դարձյալ չեմ զորում: Ի՞նչ ասեմ: Չգիտեմ: Խոսք չեմ գտնում: Անկարելի մի բան է՝ բնակարանի զանգը հնչեցնել, մտնել այնքա՜ն ծանոթ հյուրասենյակ, որտեղ քանի՜ անգամ խրախճացել ենք: Որտեղ Նորիկից հետո դեռ մի-մի բաժակ բան խմել լինում էր: Նորիկից եւ Երվանդից հետո էլ ի՞նչ:

Չգիտեմ… Ոչինչ չգիտեմ, Միշա: Իմ ավագ ընկեր, իմ խմբագիր, իմ լավ բարեկամ…

Էհ, Միշա, Միշա.. Ինչո՞ւ այսպես եղավ: Ինչո՞ւ չկարողացանք գոնե չպարտվել…

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Ղարաբաղյան էսքիզներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գրեթե 3 միլիոն իսրայելցի
հաջորդը
Առաջինը՝ Ադրբեջան

Նման հոդվածներ

Իրականության դեմ

11:30 | 09.03.2021

Փետրվարի 23

11:30 | 27.02.2021

Բան չասեք Երեւանիս

11:30 | 16.02.2021

Փետրվարի տաք օր

11:30 | 09.02.2021

Խնջույք ժանտախտի ժամին

11:30 | 06.02.2021

Զատկական խորոված

11:30 | 02.02.2021

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • ԿՄԽՄԿ-ի միջոցով Արցախից 3 հիվանդ տեղափոխվել է ՀՀ...

    13:59 | 31.01.2023
  • ՀՀ եւ ԵՄ միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրն...

    13:37 | 31.01.2023
  • Լեհաստանն ավելացնում է ռազմական ծախսերը

    13:11 | 31.01.2023
  • Ահաբեկիչներին կզրկեն քաղաքացիությունից

    12:46 | 31.01.2023
  • Դիզելային վառելիքի գլոբալ շուկայում անհանգիստ վիճակ է

    12:23 | 31.01.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 3

    «Ափսոս էր երեխան»

  • 4

    Հայաստանում խաղադրույքների գումարը հերթական ռեկորդն է սահմանել

  • 5

    ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
« Հնվ   Մրտ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա