Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին այսօր անդրադարձել է Հայաստանի Ազգային ժողովը՝ դռնփակ նիստում ընդունելով հայտարարության նախագիծ, որի օգտին միաձայն քվեարկել է 120 պատգամավոր:
ՀՀ Ազգային ժողովը, ինչպես նշված է հայտարարության մեջ, դատապարտել է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտումն ու արձանագրել. «Գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի բացարձակ անթույլատրելի այս վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը եւ վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային եւ տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը»:
ՀՀ Ազգային ժողովն այսօր կոչ է արել բոլոր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ողջ միջազգային հանրությանը եւ միջազգային եւ տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին՝ խիստ գնահատականի եւ դատապարտման արժանացնելու Ադրբեջանի վերը նշված վարքագիծը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ օրերս արված հայտարարությունը, թե Բաքուն վերադարձրել է հայազգի քաղաքացիներին, որոնք գերեվարվել էին Լեռնային Ղարաբաղում 2020-ին տեղի ունեցած պատերազմի ընթացքում, եւ Ադրբեջանում պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները», դատապարտել են բազմաթիվ կառույցներ, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ու Արցախի արտաքին գործերի նախարարությունը:
«Ադրբեջանի հրաժարումը՝ ռազմագերու կարգավիճակ տրամադրել իր կողմից գերեվարված հայ զինծառայողներին եւ իրականացնել նրանց հայրենադարձությունը, ինչպես նաեւ ազատ արձակել քաղաքացիական անձանց, միջազգային մարդասիրական իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է եւ ոչ մի քննադատության չի դիմանում»,- նշված է Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Սկզբունքորեն անթույլատրելի է գերիների առկայությունը եռակողմ հայտարարության սոսկ ամսաթվով պայմանավորելը: Եվս մեկ անգամ հստակ շեշտում եմ, որ, անկախ գերեվարվելու ամսաթվից, Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները եւ քաղաքացիական անձինք գերիներ են իրենց կարգավիճակով»,- օրերս հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
Գերիների հարցով զբաղվում է նաեւ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը, որը Ադրբեջանի դեմ Հայաստանի Հանրապետության կողմից ՄԻԵԴ է ներկայացրել միջանկյալ միջոցներ կիրառելու դիմումներ, ինչպես նաեւ դրանց արդյունքում ընդունված որոշումներ, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին հստակ տեղեկություն տրամադրել գերեվարված անձանց վերաբերյալ, ինչպես նաեւ ապահովել վերջիններիս կյանքի եւ խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքները:
Ադրբեջանի տրամադրած տեղեկությունները միշտ չէ, որ բավարարում են հայկական կողմին: Բաքուն մե՛կ հաստատում, մե՛կ հերքում է իր մոտ պահվող գերիների փաստը՝ անորոշություն մտցնելով այս հարցում:
Հայ գերիների հարցով Լիբանանը միակ օտարերկրյա պետությունն է, որ դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ այնտեղ պահվող իր քաղաքացիներին վերադարձնելու հարցով: «Ալիք մեդիա»-ի տվյալներով Ադրբեջանը հաստատել է իր մոտ պահվող լիբանանահայերի փաստը, բայց Լիբանանի կառավարության՝ նրանց ազատ արձակման դիմումներին ընթացք չի տվել. Լիբանանի քաղաքացիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում:
Գերիներին ավանդաբար այցելում է Կարմիչ խաչի միջազգային կոմիտեն, որը, սակայն, ըստ հայաստանյան գրասենյակի, չի հանրայնացնում այցի մանրամասները եւ տեղեկություններ է տրամադրում միայն գերիների հարազատներին: Միաժամանակ կոմիտեն հայտնում է, որ կոչված չէ զբաղվել գերիների ազատ արձակման հարցով, այլ ընդամենը մարդասիրական առաքելություն ունի՝ դիտարկելու ազատազրկման պայմանները, ազատազրկվածների հանդեպ վերաբերմունքն ու օգնելու, որ նրանք կարողանան կապ պահպանել իրենց ընտանիքների հետ՝ փոխանակելով բանավոր կամ գրավոր հաղորդագրություններ։
«Մենք երկկողմ եւ գաղտնապահ երկխոսություն ենք վարում ազատազրկման պայմանների վերաբերյալ, հետեւաբար չենք տարածում մանրամասներ»,- հայտնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից:
Ադրբեջանում պահվող հայ գերիների թվի մասին տվյալները հակասական են. գերիների հարցով զբաղվող հայ փաստաբանների ունեցած տեղեկություններով նրանց թիվը շոււրջ 200 է, տարբեր հարթակներում շրջանառվում են նաեւ ավելի բարձր թվեր: Հայկական կողմը մինչեւ այժմ չունի Ադրբեջանում պահվող հայ գերիների ամբողջական անվանացանկ:

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։