• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սահմանամերձ դարձած Մաճկալաշենն ու Ամարասի հոգեւոր կյանքը

Անուշ Առաքելյան 15:54 | 10.03.2021
Անուշ Առաքելյան 15:54 | 10.03.2021
Amaras
լուս․ Արթուր Մանուչարյանի
Ամարաս վանքի հոգեւոր կյանքն ու պահակը՝ Կառլեն պապը

Կառլեն պապն իր տնկած թթենին է էտում, ասում է՝ պետք է ծառն էտել, երբ այն դեռ քնած է: Անցյալ տարի ուրախ սրտով էին ծառատունկ անում, վանահոր հետ ընդարձակում Ամարաս վանքի թթենու այգին, հիմա ամեն ինչ փոխվել է:

լուս․ Արթուր Մանուչարյանի

Վհատված է, մտքերով անհետ կորած քրոջորդու հետ է, քանի ամիս է՝ լուր չունեն զինվորից: Կառլեն պապը ծանր քայլերով մեզ ուղեկցում է երիցատան պատշգամբ: «Մարդ պիտի քարից սիրտ ունենա էս տեսարանին դիմանալու համար»,- դիմացի սարին ծածանվող ադրբեջանական դրոշն է ցույց տալիս:

Machkalashen village

լուս․ Արթուր Մանուչարյանի

Դեռ առաջին պատերազմի ժամանակ Մաճկալաշենի ինքնապաշտպանական գումարտակով այդ նույն դիրքերից կարողացել են պահել վանքն ու գյուղը, վեց զոհ են տվել, ինքն էլ երկրորդ կարգի զինհաշմանդամ է դարձել: Թեժ մարտեր էին այստեղ ընթանում, Մաճկալաշենի գումարտակը տասնութ տանկ է ոչնչացրել, մեծ թվով զինտեխնիկա առգրավել, վանքին հինգ արկ էր կպել: Այսօր վանքից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա են տեղակայված ադրբեջանական դիրքերը, շրջակայքում հայկական դիրքապահներն են:

44-օրյա պատերազմի ընթացքում Ամարասն էապես չի վնասվել: Վանքի կարգավիճակը երկար ժամանակ անորոշ էր: Նոյեմբերի 20-ին դեռ լուրեր էին պտտվում, որ Ամարասն ադրբեջանական վերահսկողության տակ է, 4 օր անց պարսպի վրա հայտնվեցին ռուսական ու արցախյան դրոշները, ռուս խաղաղապահներն են հսկում վանքը:

լուս․ Արթուր Մանուչարյանի

Amaras

լուս․ Արթուր Մանուչարյանի

Երրորդ կիրակին է՝ խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտից Կարմիր շուկա գյուղի միջով Ամարաս են գալիս հավատացյալներ Ստեփանակերտից՝ մասնակցելու պատարագի, մյուս խումբն էլ, որպես կանոն, ուղեւորվում է Դադիվանք:

«Մենք հոգեւոր պատերազմում պարտվելու իրավունք չունենք, գոնե պատարագներին պարտավոր ենք մասնակցել, վանքերում աղոթք պետք է հնչի: Սուրբ Գրիգորիսի բարեխոսությամբ մնաց Ամարասը. եթե աստվածահաճո ընթացք ունենանք, Աստված կվերադարձնի մեր հողերը, եկեղեցիները»,- ասում են ուխտավորները:

Վանքը՝ ռուս խաղաղապահների պաշտպանության տակ

Ամարասի վանք կարելի է նաեւ այլընտրանքային ճանապարհով, առանց խաղաղապահների ուղեկցության՝ Ստեփանակերտ-Մարտունի մայրուղիով հասնել, միայն թե այս կերպ ճանապարհը մի քանի անգամ երկարում է:

լուս. Արթուր Մանուչարյանի

Ամարասը միշտ ուխտավորներով լեցուն է եղել: «Սրբավայրը կրկին արթնացնելու համար չպետք է ջանք խնայել, որքան մեծ լինի մարդկանց հոսքը, անցուդարձ լինի, խաղաղապահ զորքերը շրջակայքում կդիրքավորվեն, կիմանան, որ վանքն անհրաժեշտ է պահել, որ իրենց ներկայությունը կարեւոր է»,- ասում է տեր Մաթեւոսը:

Շուտով կվերսկսվեն նաեւ բարեկարգման աշխատանքները, պատերազմի օրերին էին դադարել, առաջինը խցերն են նորոգվելու: Ռուս խաղաղապահները հաճախ են հետաքրքրվում վանքի պատմությամբ, երբեմն էլ ծիսակատարություններին են մասնակցում: Ռուսական մեդիաների ուշադրության կենտրոնում են հատկապես ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող վանքերը: Մեր այցելության պահին «Զվեզդա» ՀԸ աշխատակիցները տեսանյութ էին պատրաստում վանքի, ուխտավորների, մարդկանց տրամադրությունների մասին:

Alexey Kazannikov Zvezda TV
«Սա արդեն երրորդ հիասքանչ վանքն է, որ այցելում ենք, Դադիվանքում ենք եղել, մարդիկ արցունքներն աչքերին էին դուրս գալիս, հասկանալի է՝ որքան կարեւոր է սրբավայրը հայերի համար: Երբեմն տհաճ իրավիճակներ եւս լինում են, նախորդ շաբաթ, օրինակ, մեր ստեղծագործական թիմով միացել էինք Դադիվանք մեկնող ուխտավորների խմբին, ադրբեջանական ուժերն արգելեցին մուտք գործել վանական համալիր՝ պահանջելով անվանական ցուցակներ: Երկու ժամ սպասեցինք, հետ դարձանք: Խնդիրը հարթվել է: Գանձասարում էլ եղանք, բայց ո՛չ աշխատանքի բերումով, աննկարագրելի կոթողներ ու բնություն ունեք: Մարդիկ այստեղ բարեկամաբար են ընդունում մեզ, հյուրընկալ են արցախցիները, ցավալի է, որ կոնֆլիկտային գոտի է սա»,- ասում է լրագրող Ալեքսեյ Կազաննիկովը եւ հույս հայտնում, որ խաղաղապահները կայունություն կհաստատեն:

Փորձությունների ենթարկված ու վերստին վերականգնվող վանքը

Ամարասի վանքի պատմությունն առնչվում է Արցախում եւ Ուտիքում քրիստոնեության տարածման առաջին քայլերի հետ, սրբավայրը հոգեւոր-մշակութային կարեւոր կենտրոններից է դեռ վաղ միջնադարից: Ըստ մատենագրության՝ դեռեւս IV դարի սկզբին Գրիգոր Լուսավորիչն այստեղ հիմնադրել է Ամարասի վանքի եկեղեցին, ավարտին է հասցրել ու օծել թոռը՝ Գրիգորիս եպիսկոպոսը: 330-331 թթ. քրիստոնեության ամրապնդման համար մեծ գործունեություն է ծավալել Գրիգորիս եպիսկոպոսը, ինչի համար հալածվել ու նահատակվել է: Նրա աճյունը աշակերտներն ամփոփել են եկեղեցու բակում: Սրբի բարեխոսությունը խնդրելու համար հարյուրավոր ուխտավորներ են գալիս թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից: Ամարասը բազմիցս փորձությունների է ենթարկվել. ավերվել է Վարդանանց պատերազմի ընթացքում, նվաճվել արաբական արշավանքների ժամանակ, կողոպտվել թաթար-մոնղոլների կողմից, բայց ամեն անգամ ոտքի է կանգնել: Ամարասի վանքի ներկայիս կանգուն եկեղեցին վերակառուցվել է 1858 թվականին: Մեսրոպ Մաշտոցը, հայոց արեւելյան նահանգներ գալով, հենց Ամարասից է սկսել հայոց գրերի տարածումը, եւ առաջին դպրոցն էլ բացվել է Ամարասում։ Մինչ պատերազմը Արցախի առաջին դպրոցը սկսել էր հետաքրքրել նաեւ զբոսաշրջիկներին:

Մաճկալաշեն գյուղը՝ փոխված քարտեզով

Ամարասին ամենամոտը Մաճկալաշենն է, վանքից գյուղ ոտքի ճանապարհ է:


Խանութներից մեկի առջեւ գյուղի տարեցներին հանդիպեցինք, նարդի էին խաղում: Ամեն օր այստեղ են հավաքվում, զրուցում, քննարկում պատերազմի հետեւանքներն ու գլուխներով անցածը: «Լիցքաթափվելու միակ ձեւն է, գյուղում կյանքը գլխիվայր շուռ է եկել, Մաճկալաշենն այժմ նման է ռազմաբազայի»,- ասում է Կարո պապն ու ցույց տալիս ռուսական տանկը, ադրբեջանցի զինվորներն էլ ժամանակ առ ժամանակ հիշեցնում են իրենց ներկայության մասին:

Machkalashen village Artsakh

լուս․ Արթուր Մանուչարյանի


Մեր զրույցի ընթացքում էլ, ի դեպ, նրանց դիրքերից վեց կրակոց հնչեց: Ռուս խաղաղապահներն անմիջապես արձանագրեցին, տվյալները հաղորդեցին կենտրոնական շտաբ: Պարբերաբար հնչող կրակոցներից երեխաներն են շատ վախենում, պատերազմից առաջ գյուղով մեկ խաղում էին, հիմա տնից դուրս չեն գալիս կամ միայն մեծերի ուղեկցությամբ են ելնում: Գյուղում դպրոց ու մանկապարտեզ է գործում, մշակույթի ակումբում պատերազմից հետո հարեւան գյուղից պարի ուսուցիչ է եկել, սեփական նախաձեռնությամբ խմբակ բացել. դասերից հետո երեխաների միակ զբաղմունքն է:

«Եթե գյուղացիներով ինքնապաշտպանական ջոկատ չկազմեինք, գյուղը չէր մնա»,- վստահեցնում է Կամո պապը, հրացանը ձեռքին ինքն էլ էր կռվում, խրամատ փորում:

Պատմությունը կրկնվեց, բայց այս անգամ կորուստներն ավելի մեծ էին. 11 զոհ ունեցանք, ադրբեջանցին էլ ամեն օր դիմացի սարից մեզ աչքով է անում: Գյուղը թեպետ մերն է, բայց կորցրել ենք հողատարածքների գրեթե 90 տոկոսը: Ճիշտ է, յուրաքանչյուրն ունի իր տնամերձ հողակտորը, բայց այսօրվա պայմաններում միայն դրանով ապրելն անհնար է»:

1128.4 հա տարածքից 925,79-ը գյուղատնտեսական նշանակության է, 144.82-ը անտառային հողեր են: 146 տնտեսություն ունեցող գյուղում հիմնականում անասնապահությամբ ու հողագործությամբ են զբաղվում, պատերազմից հետո զրկվեցին ո՛չ միայն վարելահողերից, այլեւ արոտավայրերից:

լուս․ Արթուր Մանուչարյանի

«Կովերն ու ոչխարներն անցնում են չեզոք գոտի, է՛լ տերը չես, ադրբեջանցի զինվորները վերցնում տանում են: Վերջերս 50 ոչխար, 8 կով այդպես կորցրինք, վերադարձնելու բանակցություններն անօգուտ էին: Հիմա ո՛չ աշխատանք կա, ո՛չ կարող ենք անասուն պահել, որ վաճառենք, մի քանի կոպեկ աշխատենք, իմ 42000 դրամ թոշակն է միայն մնացել որպես ապրուստի միջոց: Գազի ու հոսանքի վարձերն այս ամիսներին փոխհատուցեցին, բայց մարտ ամսինը պետք է մարենք: Երիտասարդներն էլ մտածում են գնալու մասին, թեեւ ո՛չ գնալն է լուծում, ո՛չ մնալը»,- ասում է Կամո պապն ու շարունակում նարդի խաղալ:

Այդուհանդերձ, Կամո պապը լավատես է՝ «նորից ոտքի կկանգնենք, ուրիշ տարբերակ չունենք»:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվան շուտափույթ կարգավորման հույս ունի
հաջորդը
Ռուսաստանի համար Ղրիմի հարց չկա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն