• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀաղորդումներՏեղ սահմանի մոտ

Խաղաղությունն էն ա, որ ձեն չի գալիս

aliq 20:01 | 30.10.2021
aliq 20:01 | 30.10.2021

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դիմաց օազիսի նման ձգվում է ադրբեջանական Ալիբեյլի գյուղը։ Իննամյա Ալեքսի տունն ուղիղ Ադրբեջանին է նայում, Ալիբեյլին նրա անփոփոխ տեսադաշտն է։

Alex
Ալեքսը գրեթե ամեն օր սարսափելի բաներ է լսում ընդամենը մեկ կիլոմետր հեռու գտնվող ադրբեջանցիների մասին։ 44-օրյա պատերազմի ձայները նրա ականջին հասել են համագյուղացիներից մեկի՝ Տիգրանի մահվան լուրով:

«Ինքը 24 տարեկան ա եղել, գնացել ա դիրքեր, դիրքերում զոհվել ա, ունեցել ա ընկերուհի, ինքը տանկիստ ա եղել»,- ասում է իննամյա տղան։

Խաղաղության մասին այս երեխան իմացել է ո՛չ գրքերից, ո՛չ էլ պատմության դասերից: Խաղաղությունը Ալեքսի համար միս ու արյուն ունեցավ անցյալ տարվա հուլիսյան պատերազմի ժամանակ, որը ծավալվեց հենց իրենց եւ հարեւան հայկական Այգեպար գյուղի դիրքերում։

«Խաղաղությունն էն ա, որ ոչ մի կրակոց չի լինում, որ ձեն չի գալիս, ծպտուն չի գալիս, դու լուռ նստած ես»,- ասում է Ալեքսը։

Նա լսել է, որ թուրքի հետ կռվելու համար պետք է լավ սովորել, մեծանալ ու բանակ գնալ: Նրա դպրոցում պատին խոշոր տառերով գրված է. «Գրագիտությունն ավելացնում է հրացանի օգտագործման ճշգրտությունը»:

Nara Papyan
«Մենք հիմա իրենց հարձակվել ենք սովորեցնում, ոչ միայն պաշտպանվել։ Մենք սովորեցնում ենք կրակել»,- ասում է Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրեն Նաիրա Պապյանը։

Դպրոցի տնօրենն ինքն էլ խաղաղասիրությունը մի կողմ դրեց, երբ 44-օրյա պատերազմի առաջին օրերին որդուն ճանապարհեց բանակ։ «Ես ինքս գիտակցում եմ, որ հիմա շատ բաների ընդունակ եմ, առաջ այդպիսին չէի»։

Սակայն ուսուցիչներ կան, որոնց սրտով չէ նույնիսկ «թշնամի» բառը։ Նրանք Երեւանից են եկել Ներքին Կարմիրաղբյուր «Դասավանդի՛ր Հայաստանի համար» ծրագրով:

Mariam Alexanyan
«Մեր մեդիայում, մեր հեռուստատեսությունում շատ է օգտագործվում «թշնամի» բառը, մեր խոսույթում նման բառերը շատ են, բայց միաժամանակ խոսում ենք խաղաղության մասին։ Եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, ապա էդ եզրույթները կամաց-կամաց պիտի դուրս գան»,- ասում է Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի առաջնորդության զարգացման նախագծի աշխատող Մարիամ Ալեքսանյանը։

Նրանք գիտեն, թե ուր են եկել դասավանդելու. դպրոցի պատերին այսօր էլ պահպանվել են ադրբեջանցիների տարբեր տարիների ռմբակոծությունների հետքերը: Բայց հայ-ադրբեջանական հակամարտությունը փորձում են այնպես ներկայացնել երեխաներին, որ նրանք սեփական եզրակացություններ անելու հնարավորություն ունենան։

Nelli Grigoryan
«Մենք ներկայացնում ենք այն, ինչ եղել է, եւ ինչ ունենք։ Երեխաներն արդեն գիտակցելով հասկանում են՝ մեկի համար դա կարող է լինել թշնամի, մյուսի համար՝ բարեկամ։ Յուրաքանչյուր անհատ ինքը պետք է որոշի, հա՞, մենք չենք պարտադրում մեր կարծիքը»,- ասում է աշխարհագրության ուսուցիչ Նելլի Գրիգորյանը, որը նույնպես «Դասավանդի՛ր Հայաստանի համար» ծրագրով է այստեղ։

Գյուղապետ Լեւոն Առաքելյանը, սակայն, վհատ է՝ ինքը եւ գյուղացիները երբեք էլ այստեղ իրենց հանգիստ չեն զգացել, գնալու տեղ էլ չկա. գյուղում մնալն իրենց խաչն է։

«Երբ որ ապրում են [ադրբեջանցիներից] մի քանի մետրի վրա, ո՞նց կարան հանգիստ ապրեն: Էնքան վատ բաներ ա եղել, երիտասարդներ են զոհվել, տարիքով մարդիկ են զոհվել, էնքան մեզ հարազատ մարդիկ են զոհվել, որ չենք կարա էդ մարդկանց հետ շփվենք»,- ասում է Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը։

Tigran Simonyan
Նրա խոսքը հաստատում է 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Սիմոնյանի մայրը՝ Անուշ Սիմոնյանը. «Էդ կողմի մարդիկ մի ժամանակ առաջ իմ մորն են սպանել, էս ամեն ինչի մեջ ապրում եմ, գիտեմ։ Էդ մարդկանց արյան մեջ ա թշնամությունը, իրանք չեն կարա փոխվեն»։

Anush Simonyan
Արցախյան վերջին պատերազմում գյուղի միակ զոհի՝ Տիգրան Սիմոնյանի մարմինը գյուղ հասցնելուց հետո են մորն ասել, որ տղան զոհվել է պատերազմում։ Մայրը մինչեւ հիմա էլ չի հավատում։

«Ճիշտ ա, իրան բերել են, ես տեսել եմ, բայց մեկ-մեկ մտածում եմ, ասում եմ՝ չէ՛, սուտ ա, ինչ-որ ժամանակ հետո երեւի կգա։ Մեկ-մեկ, որ դուրս եմ գալիս, ինձ թվում ա՝ էրեխուս տանը մենակ եմ թողնում»,- ասում է տիկին Անուշը։

Aharon Gogoryan
Արթիկցի Ահարոն Գոգորյանն ապրում էր Քաշաթաղի Վուրգավան գյուղում։ Նրա բազմանդամ ընտանիքը տնավորվել էր ադրբեջանցիներից գրաված տարածքում։ Շքեղ տուն ուներ, կայացած տնտեսություն։ Պատերազմը նրան ստիպել է տեղափոխվել Հայաստան, բայց արդեն բոլորովին ուրիշ գյուղ, որտեղ ադրբեջանցիները նրա աչքի առջեւ են։

«Պառնիկ (ջերմոցը) ունեի, 350 քմ պառնիկ էի սարքել, հեկտարուկես կուկուռուզի (եգիպտացորենի) դաշտ ունեի, մնաց, որ մե 40 տոննա բերք էր ամենաքիչը։ Խաղողի այգիներ ունեինք, լավ էինք ապրում»,- ասում է Ահարոնը։

Հայ-ադրբեջանական հակամարտությունը երբեք նրան չի հետաքրքրել, չգիտի էլ, թե ով էր մեղավոր պատերազմի համար, կամ ով է պատասխանատու խաղաղության համար, չի էլ ուզում իմանալ, նրան իր Վուրգավանն է հետաքրքրում, կորցրած տնտեսությունը։ Այստեղ ամեն ինչ պետք է սկսի զրոյից, պետությունը նրան տուն է տվել ու ջերմոց կառուցելու պարագաներ, բայց նույն ոգեւորությամբ չի աշխատում։

«Ստեղ էլ որ մնում ենք, գիտենք, որ օրըմ կարող է ստեղ էլ կռիվ էղնի։ Սաղ տեղերն էլ Հայաստանը ընպես է, որ լրիվ հարվածի տակ է»,- ասում է նա։

Ադրբեջանի հետ խաղաղության անհրաժեշտությունն այստեղ ամենաշատը տեսնում է գյուղապետը, բայց չի պատկերացնում ադրբեջանցիների հետ շփումը։

Levon Arakelyan
«Մարդիկ իրանց հողերը մշակեն, իրանց այգիները օգտագործեն, պարտադիր չի, որ շփվեն իրար հետ, չեմ կարծում, որ կլինի որեւիցե մեկը, որ ուզենա իրանց հետ շփվի»,- ասում է Լեւոն Առաքելյանը։

Սահմանին մերձ հողերն այլեւս բերքատու չեն, գյուղացիներից մեկը հեգնում է՝ դժգույն ու դժբախտ հողեր են, իսկ գյուղի մնացած տարածքներն ուղիղ ադրբեջանցիների նշանառության տակ են, մշակել չեն կարող։ Խաղաղությունն, ըստ գյուղապետի, կվերադարձնի այդ հողերը, եթե հանկարծ չպարզվի, որ դրանք է՛լ մերը չեն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մայր աթոռը լիահույս է
հաջորդը
Գիտակցել պատվաստման կարեւորությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն