• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Վերաբացվեց Հայաստան-Թուրքիա օդային հաղորդակցությունը

Անուշ Թրվանց 14:45 | 02.02.2022
Անուշ Թրվանց 14:45 | 02.02.2022

Այսօր՝ 18:00-ին, Airbus A320 օդանավը Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից կուղեւորվի եւ մոտ 1 ժամ 50 րոպե հետո վայրէջք կկատարի Ստամբուլի միջազգային օդանավակայանում: Ստամբուլից ուղեւորներ բերող օդանավը «Զվարթնոց»-ում վայրէջք կկատարի կրկին այսօր՝ 23:30-ին: Այսպիսով՝ կարող ենք ասել, որ վերականգնվում է Հայաստան-Թուրքիա օդային հաղորդակցությունը, որ երկու տարուց ավելի ընդհատված էր:

Հայաստանի անկախացումից հետո՝ 1990-ականների կեսերից, «Հայկական ավիաուղիներ» եւ «Արմավիա» ընկերությունների իրականացրած Երեւան-Ստամբուլ-Երեւան կանոնավոր թռիչքները ավիաընկերությունների սնանկացումից հետո 2000-ականների սկզբին արդեն դադարել էին: Երկու երկրների միջեւ ուղիղ չվերթերի գիծը զբաղեցրել էր թուրքական «Ատլաս գլոբալ» ընկերությունը, վերջինս էլ, ֆինանսական ինչ-ինչ հարցերով պայմանավորված, 2019-ի վերջից դադարեցրել էր թռիչքները:

Airbus A320-ը պատկանում է մոլդովական Flyone ավիաընկերությանը, որի հետ համագործակցաբար էլ 2021-ին ստեղծվեց Flyone Armenia հայ-մոլդովական ավիաընկերությունը: Մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Flyone Armenia-ի 54% բաժնեմասը պատկանում է ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, սակայն փաստաթղթերում նշվում են Սուքիասյաններին փոխկապակցված անձանց անուններ, իսկ մնացած 46%-ը տնօրինում է մոլդովական կողմը:

Առաջին հայկական բյուջետային ավիաընկերություն համարվող Flyone Armenia ընկերությունն է այսօրվանից սկսում ոչ կանոնավոր, կոմերցիոն չվերթեր իրականացնել Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով: Ավիաընկերությունը, ինչպես տեղեկանում ենք, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կենտրոնից (ՔԱԿ) համապատասխան թույլտվություն ստացել է 2020-ի դեկտեմբերին, իսկ թուրքական ավիացիոն իշխանություններից՝ այս տարվա հունվարին: Այս տարվա հունվարին Հայաստանի ՔԱԿ-ից Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել նաեւ թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը (նույնպես բյուջետային ավիաընկերություն է, հիմնադրվել է 1990 թվականին, թռիչքներ է իրականացնում դեպի 42 երկիր՝ 111 ուղղություններով): Վերջինիս՝ դեպի Հայաստան թռիչքները, ըստ ՔԱԿ-ի տված թույլտվության, լինելու են ոչ կանոնավոր, չարտերային, առեւտրային: Pegasus Airlines-ին, նրա ներկայացրած հայտի հիման վրա, հայկական ավիացիոն իշխանությունները թույլատրել են փետրվարի 3-ից մինչեւ 2022 թվականի փետրվարի 6-ը դեպի Երեւան իրականացնել երկու չվերթ եւ 2022 թվականի փետրվարի 7-ից մինչեւ 2022 թվականի մարտի 27-ը՝ շաբաթական երեք չվերթ:

Aram Ananyan«Ալիք Մեդիա»-ն Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանից տեղեկացավ, որ ավիաընկերության Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթերը սկզբնական շրջանում լինելու են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի եւ ուրբաթ։ «Ավիաընկերությունը նախատեսում է առաջիկա ամիսներին Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով իրականացնել շաբաթական երեք թռիչք՝ երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ»,- հայտնեց Արամ Անանյանը՝ ավելացնելով, որ այս պահին ոչ մի խոչընդոտ չկա, եւ Flyone Armenia-ն պատրաստ է դեպի Ստամբուլ առաջին թռիչքին:

«Ինչպե՞ս է գնահատում երթուղով հետաքրքրված ուղեւորների աշխուժությունը» հարցին Արամ Անանյանը, որն, ի դեպ, մասնագիտությամբ պատմաբան է, եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենը եւ օդագնացության ոլորտում նոր է, պատասխանեց.

«Ինչպես յուրաքանչյուր ավիաընկերություն, այնպես էլ Flyone Armenia-ն, իրականացնում է շուկայի համապարփակ ուսումնասիրություն։ Ընդհանուր առմամբ, այս պահին աշխուժության մակարդակը համապատասխանում է ընկերության նախնական կանխատեսումներին»։

Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքը հաշվի առնելով՝ Հայաստանից դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղություններով չվերթերը (առհասարակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները) միանշանակ չեն ընդունվել Հայաստանում: Թռիչքների վերսկսման մասին ԶԼՄ-ների հաղորդած լուրերը սոցցանցերում ուղեկցվում են այլեւայլ բացասական մեկնաբանություններով: Արամ Անանյանը, սակայն, քաղաքական գնահատական չի ուզում տալ Հայաստան-Թուրքիա օդային ճանապարհի բացմանը: «Ալիք Մեդիա»-ին նա ասաց. «Մեր համոզմամբ, ավիաընկերությունները քաղաքական գնահատականներ հնչեցնելու սուբյեկտներ չեն։ Մենք կարեւորում ենք Երեւանի եւ Ստամբուլի միջեւ օդային հաղորդակցության վերականգնումը փոխադարձության հիմքի վրա։ Այդ հաղորդակցության վերականգնումը տրանսպորտային եւ գործարար նշանակությունից բացի շատ լավ հնարավորություն է պոլսահայ համայնքի եւ մայր հայրենիքի միջեւ կապն ամրացնելու համար»:

Հայաստանյան հանրության մի հատվածի բացասական ընդունելությանը զուգահեռ երկկողմ ուղիղ չվերթի եւ հարաբերությունների կարգավորման առթիվ Ստամբուլի հայկական համայնքից հիմնականում դրական արձագանքներ են հնչում: «Ալիք Մեդիա»-ն դրանց անդրադառնալու առիթ ունեցել է:

SibilՊոլսահայ նշանավոր երգչուհի Սիբիլը (Սիբիլ Բեքթորոսօղլու), որ հաճախ է Ստամբուլից Հայաստան գալիս (համերգային եւ այլ ծրագրերով) «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ ուղիղ թռիչքների դադարից հետո մի քանի անգամ Հայաստան է եկել՝ երկու անգամ Կիեւով, մեկ անգամ Մինսկով, եւ հանդիպել է շատ դժվարությունների:

«Այս ուղիղ թռիչքների վերսկսումն ինձ պես Երեւան հաճախ այցելող մեկի համար փրկություն է ուղղակի: Երկու ժամից էլ պակաս ճանապարհը վերջին տարիներին մոտավորապես յոթ-ութ ժամ էր տեւում: Եվ նաեւ տոմսերն էին թանկ: Իսկ համաճարակն ավելի էր դժվարացրել ամեն ինչ: Մի անգամ Հայաստան եկա Ուկրաինայով, 44-օրյա պատերազմը դեռ չէր վերջացել, եւ ահագին դժվարությունների հանդիպեցի՝ ուղեբեռի մանրամասն զննում եւ այլն: Հիմա ես անհամբեր սպասում եմ, որ հաջորդ Հայաստան այցիս օգտվեմ այս երթուղուց»,- ասում է երգչուհին եւ նշում, որ Ստամբուլում իր շրջապատի հայերը նույնպես ոգեւորված են ստեղծված առիթի համար:

Ari KenderliԵրեւանում աշխատող զբոսաշրջության մասնագետ, պոլսահայ Արի Քենդիրլին, որ ընտանիքի հետ երկու տարի առաջ Ստամբուլից Հայաստան վերջնական տեղափոխվելիս տարանցիկ երկիր էր ընտրել Վրաստանը, «Ալիք Մեդիա»-ին ասում է, թե շատերի պես ինքն էլ ուրախ է, որ արդեն հնարավորություն կա հաճախակի գնալու եւ նույնիսկ ուշացած է համարում թռիչքի վերականգնումը: «Ստամբուլի իմ հարազատներն էլ են սպասում, որ ուղիղ ճանապարհը բացվի, այդ պատճառով Հայաստան գալ-գնալը հետաձգում էին»:

Իսկ թե ովքեր են այսօր Երեւանից Ստամբուլ առաջին օդանավով գնացող ուղեւորները, Արամ Անանյանը չի մանրամասնում, կոմերցիոն գաղտնիքով պայմանավորված՝ չի նշում նաեւ, թե արդյոք վաճառված են առաջին թռիչքի բոլոր տոմսերը: Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով Երեւանից առաջին ուղեւորները հիմնականում գործարարներ են՝ հատկապես առեւտրականներ, որոնք Թուրքիայից ապրանք են ներմուծում Հայաստան: «Վերջին շրջանում Հայաստանում պաշտոնապես վերացվել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը, ինչը գործարարներին հնարավորություն է ընձեռում իրենց թուրք գործընկերների հետ առեւտրական հարաբերությունները վերսկսելու»,- գրում է թերթը: Առաջին թռիչքով Ստամբուլ կմեկնի նաեւ Flyone Armenia ավիաընկերության խորհրդի անդամներից կազմված խումբը:

Անձնական տվյալները չհանրայնացնելու նկատառումներով չի նշվում նաեւ Ստամբուլում Երեւանի տոմս գնողների մասին, սակայն ակնհայտ է, որ այլ ուղեւորներից բացի Թուրքիայի հայաստանցի միգրանտներն էլ են օգտվելու այս հնարավորությունից: Ոչ պաշտոնական տվյալներով մինչեւ համաճարակն ու 44-օրյա պատերազմը Թուրքիայում ապրում եւ աշխատում էր մոտ 50 հազար հայաստանցի, որոնք այդ երկրում մնում էին անօրինական, սակայն իշխանությունների լուռ համաձայնությամբ: Վերջին երկու տարում նրանց մի մասը լքել է Թուրքիան, սակայն դեռեւս մեծ է այնտեղ ապրող հայաստանցիների թիվը. նրանք Ստամբուլում ունեն դպրոց, հայաստանյան սննդի կենտրոններ եւ այլն: Flyone Armenia-ի սահմանած 39 եվրո միակողմանի տոմսը Հայաստան գնալ-գալու մատչելի տարբերակ են համարում շատերը, 69 եվրոյից էլ սկսվում են Pegasus-ի միակողմանի տոմսերի գները:

Մեզ հետ զրույցում Արամ Անանյանը նշում է, որ առայժմ ուսումնասիրություն չկա, թե արդյոք Հայաստանից եւ Թուրքիայից ինչ-որ մարդիկ Երեւան-Ստամբուլ-Երեւան գիծը կօգտագործեն այլ երկրներ թռչելու համար: Ուսումնասիրություն չկա, բայց Երեւան-Ստամբուլ-Երեւան ուղիղ չվերթերի պատմությանը նայելով՝ պարզ է դառնում, որ Ստամբուլն այլ երկրներ թռչող ուղեւորների համար միշտ էլ ամենահարմար տարանցիկ գոտիներից է եղել, Pegasus-ի քաղաքականության հիմքում նաեւ այդ հանգամանքն է շեշտված՝ ընկերությունն իր կայքում Ստամբուլի միջոցով այլ երկրներ թռչելու համար զեղչեր է առաջարկում ավիաընկերության ծառայություններից օգտվողներին:

Այս թեմայով տարբեր քննարկումներում նշվում է, որ երթուղու շահավետության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ Թուրքիայից էլ Երեւանի միջոցով այլ երկրներ կուղեւորվեն այդ երկրի բնակիչները կամ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրների բնակիչները կհաղթահարեն հոգեբանական արգելքներն ու ազատ կայցելեն միմյանց երկրներ: Անշուշտ, համաճարակային սահմանափակումներն այսօր ամբողջ աշխարհում են ազդում ավիացիոն ոլորտի շահույթների վրա:

Առայժմ Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթերը ոչ կանոնավոր են, ինչի պատճառը, ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ստացված տեղեկության, Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է, երկու երկրների միջեւ չկա օդային հաղորդակցության մասին համաձայնագիր:

Yerevan-Istanbul air

«1995-ին էլ մեր վիճակն ավելի լավը չէր, դիվանագիտական հարաբերություներ չկային, բայց մենք կարողացանք հաստատել կանոնավոր չվերթեր, ավելին՝ բացել Հայաստան-Թուրքիա օդային սահմանը, որը Թուրքիան 1993-ից փակել էր»,- «Ալիք Մեդիա»-ին ասում է 1993-1996-ը ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ աշխատած Շահեն Պետրոսյանը: Նա պատմում է, որ այդ ժամանակ Հայաստանը Թուրքիայի հետ օդային սահմանը բացելու հարցով դիմել էր Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսին՝ ECAC-ին (որին Հայաստանը դեռ դիտորդի կարգավիճակով էր անդամակցում), եւ վերջինս ուղղակի պարտադրել էր Թուրքիային, որ բացի միակողմանի փակած օդային սահմանը:

Shahen Petrosyan«Այդ հարցը պետք էր ինչ-որ կերպ լուծել, քանի որ մենք, ցամաքային շրջափակումից բացի, նաեւ օդային շրջափակման մեջ էինք հայտնվել, իսկ Թուրքիան դրա իրավունքը չուներ, ինչ-որ պատճառաբանություններ էր բերում, որ արդարացված չէին: Այն ժամանակ էլ բարդ էր գործընթացը, բայց մենք հասանք նրան, որ Թուրքիան ինքը պատրաստեց համաձայնագրի բոլոր փաստաթղթերը, մեզ էլ կանչեց ստորագրելու: Անշուշտ, քանի որ նաեւ հայ-թուրքական բանակցություններն էին ընթանում այն ժամանակվա իշխանությունների կողմից, դա էլ նպաստեց»,- պատմում է Շահեն Պետրոսյանը, որ եղել է Հայաստան-Թուրքիա օդային սահմանի բացման մասին միջգերատեսչական համաձայնագրի կնքման ակունքներում:

Այսօր նույնպես երկու երկրների միջեւ օդային հաղորդակցությունը բացվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խոսակցություններին զուգահեռ: Շահեն Պետրոսյանը ողջունում է ուղիղ չվերթի վերագործարկումը, նշում, որ ի տարբերություն այսօրվա, 1995-ին չկար քննադատություն: «Առաջին թռիչքով ես նույնիսկ դաշնակցակաների եմ տարել, հետո «Երկիր» թերթում հոդված տպվեց, ողջունեցին Հայաստան-Թուրքիա ուղիղ չվերթը: Հարեւանների հետ, անշուշտ, պետք է լավ լինել, իսկ ինչքան շատ ճանապարհներ ունենաս, այնքան ազատ կլինես»,- ասում է Հայաստանի օդագնացության նախկին պատասխանատուն:

Երեւան-Ստամբուլ-Երեւան թռիչքն այսօր իրականանալու է՝ հակահամաճարակային բոլոր կանոնները պահպանելով: Արամ Անանյանն ասում է, որ ավիաընկերության օդանավերը հագեցած են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կիեւը ժամկետային զինծառայության զորակոչը կչեղարկի
հաջորդը
Սահմանափակում է նույնիսկ Կարմիր խաչի մուտքն Արցախ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանցիները կրակել են Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ

    15:18 | 30.03.2023
  • Գագաթնաժողովում ընդունված հռչակագրին Հայաստանը միացել է վերապահումով

    14:36 | 30.03.2023
  • Ռուս-ուկրաինական պատերազմը կհարվածի ընթացիկ տարվա գլոբալ տնտեսական աճի...

    14:06 | 30.03.2023
  • Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին

    13:25 | 30.03.2023
  • Օ, սպորտ, դու խաղաղությո՞ւն ես

    19:23 | 29.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 3

    Ղարաբաղյան պոեմ

  • 4

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 5

    Արեւմուտքը տարբեր հիմքեր կգտնի, որ ՀՀ-ի օգտին ընդունված...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա