ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է սահմանափակել նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքներն Արցախում եւ ստիպել կառույցին տեղավորվել այն քաղաքականության մեջ, որն ինքն է ուզում։
«Սա միակ կառույցն է, որը վերջին տարիներին մուտք է ունեցել եւ ներկայացված է եղել Արցախում»,- ընդգծել է Միրզոյանը Ավստրիայի Եվրոպական եւ արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ ասուլիսում։
ՀՀ արգործնախարարն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Շալենբերգը, պատասխանելով Բաքվի կողմից միջազգային կառույցների աշխատանքը խոչընդոտելու մասին հարցին, ասել է, որ միջազգային հանրությունը շահագրգիռ է խաղաղ կարգավորման հարցում, բայց չի կարող դա անել առանց երկու կողմերի համաձայնության։
«Միջազգային հանրությունը ձգտում է, որ Երեւանն ու Բաքուն, ադրբեջանցիներն ու հայերը կամք դրսեւորեն այդ ուղիով առաջ գնալու համար։ Գիտենք, որ վերքը դեռեւս բաց է»,– ասել Շալենբերգը: Նա Ավստրիայի, ԵՄ-ի ու ԵԱՀԿ-ի անունից օգնելու պատրաստակամություն է հայտնել եւ հավելել, որ Երեւանը պետք է ցանկանա ընդունել այդ օգնությունը։
Ավստրիացի պաշտոնյան նաեւ հայտարարել է, որ տեսնում է «ճիշտ քայլերի դիմելու» կողմերի պատրաստակամությունը եւ հավելել, որ երկու երկրների ղեկավարները դրա համար «քաջություն պիտի» դրսեւորեն։
Ռազմագերիների առկայությունը չի նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը
Արարատ Միրզոյանը եւս ընդգծել է, որ որքան էլ միջազգային հանրությունն իր գործիքակազմը կիրառի եւ խրախուսի կողմերին գալ համաձայնության տարբեր հարցերում, այնուամենայնիվ էական է, որ կողմերն ունենան այդ քաղաքական կամքը։ Նա հավելել է, որ Հայաստանը պատրաստ է եւ ցանկանում է տարածաշրջանում խաղաղություն կառուցել եւ լուծել բոլոր «կնճռոտ» հարցերը:
«Ցավով պետք է արձանագրենք, որ մշտապես հակառակ ուղերձներ ենք ստանում պաշտոնական Բաքվից։ Հակահայ հռետորաբանությունն ու սահմանին ագրեսիվ քայլերը, ինչպես նաեւ ռազմագերիների շարունակական առկայությունը Ադրբեջանում չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը»,– ընդգծել է ՀՀ արգործնախարարը։
Միրզոյանը շեշտել է, որ թեեւ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէր, այնուամենայնիվ, Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, քանի որ մարդկությանը նոր մահեր պետք չեն։