Գործընկերներս սեպտեմբերի 1-ին «աչքալուսանք» տվեցին, թե տե՛ս՝ Նիկոլ Փաշինյանն ինչ է ասել համալսարանների խոշորացման մասին.
«… մենք մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ: Այդ բուհերը, ուշադրություն դարձրեք, լիարժեք պետական ֆինանսավորմամբ, կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին՝ սկսած ֆիզիկական, այդ թվում՝ կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից մինչև միջազգային կրթական ծրագրերը և որակավորված ու պատշաճ վճարվող պրոֆեսորադասախոսական կազմը: Մենք արդեն կողմնորոշվել ենք ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում…»:
Պատասխանեցի. «Հերթական կոմունիստական լոզունգն է՝ նախատեսված ՔՊ-ականների ծափահարությունների եւ միամիտների ականջներից խմորարտադրանք կախելու համար, որպեսզի նրանք ասեն «Օ՜, մեծն Նիկոլ…»։
Փաշինյանի խոսքերը մարդկանց մեծ մասը լսել է, չի կարդացել։ Իսկ լսելով՝ ոչ մեկը դետալներին ուշադրություն չի դարձնում։ Մարդիկ լսել եւ մտապահել են միայն «ութ բուհ» եւ «ակադեմիական քաղաք Աշտարակում» բառերը։ Էության մեջ, որ թաքնված է մեջբերված հատվածում, լսողների մեծամասնությունը չի խորացել։ Իսկ այդ հատվածը խոսում է ենթակառուցվածքներից։
Արդ, ի՞նչ է ենթադրում ակադեմիական քաղաքը՝ իր ենթակառուցվածքներով։
Նախ՝ բուհական շենքեր։ Ութ բուհ, հաստատ ամեն մեկը մի քանի մասնաշենքերով կամ յուրաքանչյուրը մի մեծ, շատ մեծ շենքով, որը լսարաններից զատ պիտի ունենա գրադարաններ, լաբորատորիաներ, փորձասենյակներ, գիտահետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ շատ այլ հարմարություններ։ Պատկերացրի՞ք։ Շինարարության արժեքը մտքներումդ հաշվեցի՞ք։
Հիմա հաշվենք, թե մոտավորապես քանի ուսանող պետք է սովորի այդ ութ բուհում։
Իբրեւ հիմք վերցնենք պոլիտեխնիկի այսօրվա ուսանողների թիվը՝ շուրջ 8 հազար (ավագ դպրոցն ու քոլեջն էլ հետը), ու ենթադրենք, թե ամեն բուհում մոտավորապես այդքան ուսանող է լինելու։ Ութ բուհում՝ մոտ (կամ՝ ավելի քան) 64 հազար ուսանող։
Բնականաբար այդ ուսանողների մեծամասնությունը (անգամ երեւանցիների) չի ցանկանա բնակվել Երեւանում կամ Գյումրիում կամ Թալինում կամ հենց Աշտարակում, այլ կգերադասի բնակվել ակադեմիական քաղաքի տարածքում։ Սա նշանակում է առնվազն հիսուն հազար հոգու համար նորմալ պայմաններով ժամանակակից ուսանողական հանրակացարանների կառուցում։
Ընդ որում՝ հանրակացարանները պիտի լինեն մատչելի վարձով։ Չեմ ասում սովետի նման տարվա համար 19 ռուբլի, բայց նաեւ ոչ ամսական 150 հազար դրամ։ Այդ հանրակացարաններում ապրողների սննդի պահանջմունքները բավարարելու համար անհրաժեշտ կլինեն ուսանողական ճաշարաններ, որտեղ ուսանողները կարող են սնվել էժան, բայց որակով։ Պատկերացրի՞ք քանի ուսանողական ճաշարան պիտի հիմնվի։ Բայց, դե, ուսանողը հո միայն չի՞ սովորելու եւ ուտելու, նա պետք է ժամանցի հնարավորություններ ունենա։ Ակումբներ, սրճարաններ, ռեստորաններ, պարահրապարակներ, զբոսայգիներ, ատրակցիոններ։ Էլ չեմ ասում սուպերմարկետների եւ առեւտրի այլ օբյեկտների մասին։ Շարունակե՞մ թվարկումը։
Դառնանք դասախոսներին։
Յուրաքանչյուր բուհ ունենալու է մոտավորապես 3000-4000 հոգանոց դասախոսական անձնակազմ։ Նույնիսկ այսօրվա պրոֆեսորի (լրիվ դրույքի դեպքում՝ մաքուր, այսինքն՝ բոլոր հարկերը հանած) մոտ 200-250 հազար դրամ աշխատավարձի պարագայում դասախոսը ամեն օր Երեւանից չի գնա Աշտարակ ու վերադառնա։ Էլ չխոսենք կես կամ քառորդ դրույքով կամ ժամավճարով աշխատողների կամ վարչական կազմի՝ ռեկտորատների, դեկանատների, ամբիոնների աշխատակիցների մասին։
Հետեւաբար պետք է ապահովել բնակարանաշինություն նույն ակադեմիական քաղաքի տարածքում եւ դասախոսներին, աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին ապահովել ոչ թե պարզապես ինչ-որ ապրելու տեղով, այլ այնպիսի բնակարանով, որ նա ցանկանա Երեւանից տեղափոխվել Աշտարակ։
Բայց հո մենակ բնակարանը չի՞։ Այդ դասախոսը աշխատող կին/ամուսին կունենա։ Վերջինս ի՞նչ պիտի անի։ Նրանք ունեն երեխաներ, որոնք պիտի նորմալ մանկապարտեզ ու դպրոց գնան նույն ակադեմիական քաղաքի տարածքում։ Հո չե՞ն կարող ամեն օր երեխաներին Աշտարակի կամ Երեւանի այլ դպրոց/մանկապարտեզ տանել։ Այդ երեխաները պիտի ունենան խաղալու, ժամանցի միջավայր. դարձյալ մանկական խաղահրապարակներ, զբոսայգիներ, բակեր…
Նման ակադեմիական քաղաքներում սովորաբար տրանսպորտի (բացառությամբ սպասարկողի) մուտքն արգելվում է։ Սա նշանակում է, որ դասախոսների, օժանդակ ծառայողների եւ ուսանողների անձնական մեքենաների համար ակադեմիական քաղաքի հարեւանությամբ պիտի կառուցվի չգիտեմ քանի հազար տեղանոց կայանատեղի։ Ոչ թե քաղաքում, ոչ թե շենքերի նկուղներում, այլ հենց ակադեմիական քաղաքից դուրս։
Վերջապես՝ անվտանգությունը։ Եկե՛ք պատկերացնենք 18-25 տարեկան 60-65 հազար երիտասարդ մի, գուցե եւ ընդարձակ, բայց ամեն դեպքում սահմանափակ տարածքում։ Քանի՞ ոստիկան ու անվտանգության այլ ծառայությունների աշխատակիցներ պետք կլինեն, ի՞նչ աշխատավարձով։
Ես թվարկեցի էն նվազագույնը, որ պիտի լինի ակադեմիական քաղաքի եւ նրա ենթակառուցվածքների համակարգում։
Դե, հիմա դուք ասեք՝ իշխանությունը, որ երկու տարի է՝ չի կարողանում Տաթեւ-Կապան ճանապարհի նորմալ նորոգում կատարել, մի ամբողջ ակադեմիական քաղաք քանի՞ տարում կկառուցի։ Կամ կկառուցի՞ արդյոք։
Մեղմ ասած՝ խիստ կասկածելի մի նոր «Եվրոպոլիս» է։
Եվ սա էլ կմնա իբրեւ լոզունգային փուչիկ, ինչպես Փաշինյանի նախկին բոլոր խոստումները։
Հ. Գ. Բայց դե ասել-ասել էր. կարող էր գլոբալ մտածել, հեռանկարով ու միանգամից հայտարարել, թե ակադեմիական քաղաքը կկառուցեն Gliese 581g էկզոմոլորակի վրա եւ կապահովեն մշտական տիեզերական երթուղի դեպի այդ մոլորակը. ամեն երկուշաբթի 60 հազար ուսանողները, 40 հազար դասախոսներն ու ակադեմիական քաղաքի մյուս բնակիչները տիեզերանավերով կմեկնեն դասի, իսկ ուրբաթ երեկոյան կվերադառնան։ Ֆանտա՛զիա չկա, ֆանտա՜զիա։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։