Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում «Ալիք Մեդիան», համագործակցելով «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ, Երեւանում անցկացրեց անկուսակցական զրույց-քննարկում։ Հիշեցնենք՝ այս ծրագրի շրջանակում եւս արդեն իսկ երկու քննարկում տեղի էր ունեցել Մասիս եւ Գավառ քաղաքներում։
Ծրագրի նպատակն է խոսել ժողովրդավարական արժեքների, դրանց գործնական կիրառելիության եւ օգուտների մասին, ինչպես նաեւ ներկայացնել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում։
Այս ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Մայրաքաղաքում տեղի ունեցած զրույց-քննարկման բանախոսներն էին կոնֆլիկտաբան, «Ալիք Մեդիայի» հիմնադիր Արսեն Խառատյանը, Վրաստանից ժամանած քաղաքական եւ մշակութային գործիչ Իրակլի Կակաբաձեն եւ քաղաքական գործիչ, «Լելո» քաղաքական ուժի առաջնորդներից Բադրի Ջափարիձեն։
Քննարկման ընթացքում Իրակլի Կակաբաձեն անդրադարձավ Վրաստանում տեղի ունեցած ընտրական գործընթացներին, ընդգծելով, որ ամենաժողովրդավարը համարվում է 1990 թվականին տեղի ունեցած ընտրությունները, երբ ձեւավորվեց Վրաստանի անկախությունից հետո առաջին խորհրդարանը։ Ընդ որում, ամենաժողովրդավար իշխանությունները եւս համարվում է հենց այդ ժամանակ կառավարող ուժը, թեեւ այն երկար չկառավարեց․ 1992 թվականի նոյեմբերին նոր խորհրդարան ընտրվեց։
«Մենք՝ վրացիներս եւ հայերը, ասում ենք, որ պետք է հավասարվենք Եվրոպային, եւ իհարկե, ողջունում ենք այն փորձառությունը, որ ունի Արեւմուտքը՝ Անգլիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն․․․ Այս երկրները ժողովրդավարությանն առնչվող հարցերում հսկայական փորձառություն ունեն՝ նրանք հաջողում են։ Բայց, մենք միշտ չէ, որ հիշում ենք՝ մեր տարածաշրջանում՝ Կովկասում, նույնպես եղել է ժողովրդավարություն։ Վրաստանի առաջին նախագահ Զվիյադ Գամսախուրդիան ունի մի շատք հայտնի խոսքեր, որոնք շատ կարեւոր են Վրաստանի քաղաքական կյանքի համար։ Նա նշում է՝ հունական ժողովրդավարության սկիզբը ծնունդ է առել Կովկասում, եւ մենք դրա վրա կարող ենք հենվել»,- ասաց Կակաբաձեն։
Բանախոսի համոզմամբ, Գամսախուրդիան հիմնվել է Նիկողայոս Մառի տեսությունների վրա՝ մինչեւ հունական ժողովրդավարությունը՝ նախաբրոնզեդարյան շրջանում եւդրանից հետո Կովկասում՝ Քուռ-Արաքսյան դաշտավայրում եղել է ժողովրդավարական քաղաքակրթություն, որտեղ կինն ու տղամարդն իրավահավասար էին։ Բացի այդ, ըստ նրա հայերը, վրացիները, խուռիները, իբերները եւ մի քանի այլ ժողովուրդներ ծնունդ են տվել այս քաղաքակրթությանը, որից առաջացել է Պլատոնի քաղաքակրթությունը։ Ք․ա․ 594 թվականին Սոլոնն Աթենքում բարեփոխումներ էր իրականացնում, Ք․ա․ 360 թվականին Պլատոնը Սոկրատեսի հետ գրում էր «Պետություն» աշխատությունը․․․ Նրանց քաղաքակրթությունը հիմնվել է Կովկասում ծնունդ առած քաղաքակրթության վրա։
Խոսելով արդեն մեր օրերի մասին՝ Կակաբաձեն ասաց՝ այժմ Հայաստանը Կովկասում ժողովրդավարության կենտրոնն ու առաջատարն է։
«Հույս ունենք, որ Վրաստանն էլ առաջ կընթանա։ Մենք, իհարկե, ջանում ենք այնտեղ ինչ-որ աշխատանքներ իրականացնել, թեեւ այս պահին դժվար է։ Կովկասն ունի ժողովրդավարական հնագույն արմատներ, որոնք հունական քաղաքակրթությունից առաջ՝ Պլատոնից առաջ են եղել։ Գիտականորեն, իհարկե, կարելի է բանավիճել այս հարցի վերաբերյալ․․․ Բայց, օրինակ, այսօր երբ քայլում ենք Երեւանի փողոցներում, ոչ մեկը չի մտածում, որ սա եվրոպական քաղաք չէ։ Մեզ մոտ՝ Վրաստանում, եւս նման իրավիճակ էր, պարզապես այժմ ժամանակավորապես, այսպես ասած ոչ բարի ուժերի ազդեցությունն է տիրում, սակայն մեր երկու ժողովուրդների մեջ կան մշակութային, ժողովրդավարական արժեքներ, որոնք վերարժեւորման կարիք ունեն։
Արսեն Խառատյանը նշեց, որ շատերը կարծում են՝ Հայաստանում եկեղեցին ավելի շատ ներկայացնում է մեր հյուսիսային հարեւանների շահերը, քան պրոեվրոպական ուղղությունը։
Վրաստանում եւս այս հարցում խնդիրներ կան, եւ հարց է առաջանում այստեղ կա՞ կոնֆլիկտ, թե՞ կարող է լինել ներդաշնակություն։ Անդրադառնալով այս հարցին՝ Բադրի Ջափարիձեն պատասխանեց, որկա նման երեւույթ, բայց մի բան պետք է հիշել, այն է՝ քրիստոնեությունը չի հակասում ժողովրդավարությանը։ Քրիստոնեական արժեքները հիմնված են ժողովրդավարական արժեքների վրա։
Ջափարիձեն հավելեց՝ հարգանքով է վերաբերվում բոլոր ժողովուրդներին, բայց հայ ու վրացի ժողովուրդները յուրահատկություն ունեն, եւ կարող են իրենց յուրահատկությամբ միանալ եվրոպական ընտանիքին։
«Որպեսզի մեր երկրների անվտանգությունն ապահովվի, մենք ձգտում ենք եվրոպական ընտանիքին։ Իհարկե, կան պնդումներ, թե եվրոպական արժեքները հակասում են մեր արժեքներին, մեր յուրահատկությանը, բայց դա անհիմն է։ Ընդհակառակը, Եվրամիությունն ունի Հայաստանի ու Վրաստանի յուրահատկության կարիքը․ մենք պահպանել ենք մեր արժեքները, ավանդույթները, կրոնը, իսկ դա հենց Եվրոպական միության էությունն է։ Եվրոպական ընտանիքում բոլոր պետությունները պահպանում են իրենց յուրահատկությունը, անկրկնելիությունը եւազդեցություն են ունենում ԵՄ-ի կայացրած որոշումների վրա․ պետությունները վետոյի իրավունք ունեն»:

Ջափարիձեն հույս հայտնեց, որ Վրաստանն ու Հայաստանը մոտ ապագայում կդառնան եվրոպական մեծ ընտանիքի անդամ, ապա հավելեց՝ քանի որ առաջիկայում Հայաստանում տեղի են ունենալու ընտրություններ, կարեւոր է, որ քաղաքացիներն ընտրություն կատարելուց առաջ մտածեն նաեւ այս մասին, այսինքն՝ ընտրել այնպիսի ուժի, որը երկիրը կտանի դեպի եվրոպական մեծ ընտանիք։

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։
