Երեւանի՝ «ՀայԱրտ» կենտրոնում, մարտի 13-ից ապրիլի 1-ը տեղի ունեցավ «Մեղադրանքը՝ հայ. խորհրդային տեռորը ցեղասպանության ստվերի ներքո» խորագրով ցուցահանդեսը։
Այս ցուցահանդեսը գերմանահայկական «Fear-Less-Hope․ շրջանակելով ժամանակը» խորագրով արվեստի փառատոնի մաս էր։ Փառատոնն իրականացվում է Ֆրայբուրգի համալսարանի «Ցվետաեւա» կենտրոնի եւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» կենտրոնի համագործակցությամբ։
Ցուցահանդեսը ներկայացնում էր Հայաստանում խորհրդային բռնաճնշումների շրջանի որոշ հետաքրքիր մանրամասներ: Այստեղ պատմում էին խորհրդային տարիների բռնաճնշումների դիմադրած մարդկանց ճակատագրերի ու անցած ճանապարհի մասին: Ներկայացված էին նաև պատմաբանների կատարած հետազոտություններից հատվածներ, լուսանկարներ, աուդիո եւ վիդեո նյութեր, արտեֆակտեր։
«Մեղադրանքը՝ հայ» ցուցադրության համադրողը արվեստագետ, հետազոտող Աննա Մարգոլիսն է, համահամադրողը՝ Արեն Վանյանը։ Աննա Մարգոլիսի ընտանիքը եւս խորհրդային բռնաճնշումներ է տեսել։ Նրա՝ Ռուսաստանում ապրող նախապապը փիլիսոփա է եղել, ով բանտարկվել է, աքսորվել ու մահապատժի ենթարկվել 1937-ին։ Մարգոլիսի գիտական հետաքրքրությունը խորհրդային բռնաճնչումների տարիների հետ կապված՝ միայն իր ընտանիքի ապրած ողբերգությունը չէ։ Նա ուսումնասիրում է նաեւ Հայոց Ցեղասպանությանն ու Հրեից Ողճակիզմանը (Հոլոքոսթ) առնչվող թեմաները։
«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Աննա Մարգոլիսը ասաց, որ համանման բովանդակությամբ առաջին ցուցահանդեսը ներկայացվել է Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում 2025-ի դեկտեմբերին։ Հայաստանում կազմակերպված ցուցադրությունը փոքր-ինչ տարբերվում է. ցուցահանդեսի կազմակերպիչները որոշ տարրեր փոխել են։ Գերմանիայում ներկայացված ցուցահանդեսը եղել է ավելի փոքր։ Այդ քաղաքում ապրող հայերը շատ չեն։ Այդուհանդերձ, ըստ նրա, ցուցահանդեսն օտարերկրյա այցելուների պակաս չի ունեցել:
«Խորհրդային բռնաճնշումների թեման այլ թեմաների ստվերում է գտնվում, օրինակ՝ Հայոց ցեղասպանության, որն ավելի ցավալի ու մասշտաբային է եղել կամ ավելի ուշ՝ վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքերի՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժ, արցախյան պատերազմներ, 2023 թվականին Արցախում տեղի ունեցած դեպքեր, էթնիկ զտում․․․․ Այս դեպքերը տեղի են ունեցել վերջերս, եւ այս ֆոնին խորհրդային բռնաճնշումներին առնչվող թեման, այո՛, ստվերում է մնացել։ Ուստի, կարեւոր է` այս թեմայի մասին էլ խոսել, հիշեցնել մարդկանց։ Սա, իհարկե, խորհրդային բռնաճնշումների մասին առաջին ցուցահանդեսը չէ։ Այս ցուցահանդեսի միջոցով մենք ցանկացել ենք երեւան հանել ոչ միայն խորհրդային բռնաճնշումների թեման, այլեւ դրանց ընդդիմանալու դեպքերը, բողոքները, այլախոհական շարժումները, այն մարդկանց պատմությունները, որոնք հանիրավի մոռացվել են։ Մենք կարեւորում ենք նաեւ հիշողությունը։ Մեզ համար չափազանց կարեւոր է, թե որքանով են այսօր անկախ Հայաստանում հիշում այդ մարդկանց կամ հիշո՞ւմ են արդյոք», — մանրամասնեց Մարգոլիսը։
Ցուցահանդեսին ներկայացվող տեքստերը կազմել են խորհրդային շրջանն ուսումնասիրող մի խումբ հետազոտողներ՝ ազգագրագետ եւ պատմաբան Հրանուշ Խառատյանը, Armenia Total(itar)is նախագծի հետազոտող, ազգագրագետ Գայանե Շագոյանը, իրավապաշտպան, նախկին խորհրդային քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը։
Խոսելով այլախոհության, բռնաճնշումներին ընդդիմանալու մասին՝ Աննա Մարգոլիսն առանձնացրեց1965 թվականի ազգային պոռթկումը, երբ տեղի ունեցան խորհրդային ժամանակների համար բավականին անսովոր լայնամասշտաբ ցույցեր։ Սա ազգային շարժում էր, որի շնորհիվ հնարավոր եղավ խոսել Հայոց ցեղասպանության մասին, ապա կառուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը։
Մեր թղթակցի հետ զրույցի ընթացքում Անա Մարգոլիսը ուշադրություն հրավիրեց որոշ հետաքրքիր արտեֆակտերի ու անձնական պատմությունների վրա։
Ցուցահանդեսում ներկայացված էր Գուրգեն Մահարու սիբիրում կրած երկարաճիտ կոշիկները: Այն ցուցադրության համար տրամադրել էր գրողի ծոռնուհին՝ Բիայնա Մահարին։
Իսկ տիկնիկ-ասեղնամանը, որը լցված է բանտարկյալ կանանց մազերով, ճամբարում կարել եւ պահպանել է Սերիկ (Սիրուհի) Դավթյանը՝ Դիլիջանի երկրագիտական թանգարանի հիմնադիրը։ Նա Հայաստանից միակ կին բռնադատվածն է, որին դատապարտել են այսպես կոչված ստալինյան ցուցակով։


Ցուցահանդեսում ներկայացված էր նաեւ ճամփորդական պահարան: Այն պատկանել է Փարիզի բնակիչ Ա. Թադավորյանին, ով, հավատալով սովետական քարոզչությանը, 1948 թվականին հայրենադարձվել էր Խորհրդային Հայաստան։ Թե հետագայում ինչ է կատարվել նրա կյանքում, անհայտ է, սակայն մի հայտնի փաստ կա․ այդ շրջանում բազմաթիվ հայրենադարձներ հետապնդումների էին ենթարկվում՝ հիմնականում լրտեսության մեղադրանքով։

Ցուցահանդեսի այցելու՝ բռնաճնշումների զոհ ունեցող ընտանիքի անդամների նշումներ
Ցուցահանդեսում աչքի ընկնող արտեֆակտերից էին նաեւ երգիծաբան Լեռ Կամսարի իրերը։
Աննա Մարգոլիսը պատմեց՝ Լեռ Կամսարը (Արամ Թովմաս Թովմաղյան) (1888–1965) մանկության տարիներին անցել է Համիդյան կոտորածների սարսափների միջով։
1915 թվականին մասնակցել է Վանի ինքնապաշտպանությանը եւ հրաշքով փրկվել։ Առաջին հանրապետության շրջանում եւ խորհրդային իշխանության առաջին տարիներին նա հայտնի էր որպես երգիծաբան, սակայն 1931 թվականին հեռացվել է աշխատանքից։ Այդպիսով՝ երգիծաբանի ընտանիքը սովի են մատնել, իսկ 1935 թվականին Լեռ Կամսարը ձերբակալվել եւ ուղարկվել է Վորկուտի ճամբար։ 1938 թվականին ազատվել է, բայց խոշոր քաղաքներում բնակվելու արգելքի պատճառով եւս տասներեք տարի անց է կացրել աքսորում՝ Վարդենիսում։
«Լինելով բռնաճնշումների «դժոխքի» բոլոր շրջանների զոհ եւ ականատես՝ նա մինչեւ վերջին շունչը մնաց խորհրդային իրականության ամենաանխնա եւ միաժամանակ ամենասրամիտ քննադատներից մեկը հայկական մշակույթում»,- գտնում է Մարգոլիսը։
Ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներից մեկն էլ Գեորգի Խոմիզուրիի՝ Հայաստանի հայտնի քաղբանտարկյալներից մեկի ճամբարային վերնաշապիկն էր։ Ըստ կանոնների՝ հագուստը պետք է մնար ճամբարում, բայց Խոմիզուրին ազատվել է շատ արագ՝ 1987 թվականին Գորբաչովյան համաներմամբ, եւ դուրս է եկել հենց այդ վերնաշապիկով։ Ցուցահանդեսում ներկայացված իրերի, փոքրիկ պատմություն-գրառումների, արտեֆակտերի միջոցով ներկայացվում էր շատերի կյանքի պատմությունը, այդ ժամանակի դաժան իրականությունը․․․․
Զրույցի վերջում Աննա Մարգոլիսը դարձյալ նշեց՝ պատմական հիշողությունը կարեւոր է, եւ խորհրդային բռնաճնշումների թեման պետք է պարբերաբար վեր հանել, որպեսզի մարդիկ իմանան, հիշեն պատմության այդ ժամանակաշրջանի մասին։







Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։
