• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Աղվեսի, ծառի շվաքի եւ հիմնականի մասին

Վահրամ Աթանեսյան 11:30 | 05.11.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 05.11.2022
Levon Ter-Petrosyan & Vano Siradeghyan

Տատս կրթություն չէր ստացել։ Մի քանի ամիս կամ մի տարի, երբ նորահարս է եղել, գնացել է «լիկկայան» եւ հասցրել շրջանային «Սոցիալիզմի ուղիով» թերթի գլխագրերը կարդալ։ Բայց նա իմաստուն կին էր եւ ասում էր, որ եթե «Բաղդադ մի էշ քուռակատի, աքացին մեզ է կպնելու»։ Տատիս իմաստախոսություններից հիշում եմ նաեւ, որ ասում էր․ «Աղվեսը ծառի շվաքի տակ քնում է, բայց գիտի, թե իր ագին է հով անում»։

Նորից Վանո Սիրադեղյան էի կարդում։ Ցավում է, որ 1919-ին Հայաստանի «գրեթե գործադիր իշխանության ղեկավար» (նրբանկատորեն չի ասում՝ փաստացի վարչապետ) Արամ Մանուկյանին տիֆից չեն փրկել։ Ցավալի է, իհարկե, որ Արամ Մանուկյանը Երեւանում մոլեգնած համաճարակի զոհ է դարձել։

Անշուշտ, կառավարությունը պիտի փորձեր եւ կարողանար փրկել նրան։ Նույնիսկ կարելի է համակերպվել Վանո Սիրադեղյանի այն ակնարկին, որ եթե Հայաստանում տիֆի դեմ մի հատիկ բուժամիջոց եղել է, ապա պիտի սրսկվեր Արամ Մանուկյանը, որովհետեւ հազար մարդ համաճարակի զոհ չդարձնելու համար նախ պետք է փրկել պետական բարձրաստիճան պաշտոնյայի կյանքը։

Ամեն ինչ տրամաբանության կամ, ավելի ճիշտ, հայկական հակատրամաբանության մեջ է, բայց Վանո Սիրադեղյանն ինչո՞ւ է Արամ Մանուկյանին «գրեթե գործադիր իշխանության ղեկավար» անվանում, երբ ստույգ է, որ անկախ Հայաստանի առաջին վարչապետ է եղել Հովհաննես Քաջազնունին։ Ինչ-որ «զարհուրելի» ենթատեքստ չկա՞։ Վանո Սիրադեղյանը չի՞ ակնարկում, որ երրորդ հանրապետության «գործադիր իշխանության փաստացի ղեկավարն» ինքն էր (կամ ինքն ու Վազգեն Սարգսյանն էին)։ Այս նրբանուրբ հարցին չէի անդրադառնա, եթե օրերս Ֆեյսբուքում անծանոթ օգտատերը չհակադարձեր ինձ, թե «Լեւոնը Վազգենի մոտ նախագահ էր աշխատում»։ Ուրիշներն ասում են՝ «Վանոյի մոտ», սկզբունքային տարբերություն չկա։

Էական է, որ հետխորհրդային Հայաստանի իշխանությունը վերագրվում է անձի, անհատականության, խարիզմատիկ մարդու։ Սա «անե՞ծք» է։

ՀՅԴ-ն, ըստ դիտարկումների, ո՛չ Քաջազնուն է պանծացնում, ո՛չ Խատիսյանին կամ նույնիսկ Սիմոն Վրացյանին։ Նրա հերոսը Դրոն է, պետական գործչի էտալոնը՝ Արամ Մանուկյանը, ում նաեւ Վանո Սիրադեղյանն է վերագրում Հայաստանի անկախության հռչակման եւ պետականաշինության նախակարապետությունը։

Բայց դա ստույգ գնահատակա՞ն է, դիմանո՞ւմ է պատմա-քննական հայացքի։ 1915-ի մի քանի ամիսներին Արամ Մանուկյանը եղել է Վանի «գեներալ-նահանգապետ»։ Մնացածը հայտնի է։ Պատմագրությունը խուսափել է, բայց Գուրգեն Մահարին Վան-Վասպուրականի ողբերգությունը քանդակել է «Այրվող այգեստաններ» վեպով։ Եվ ի՞նչ։ Այդ բացառիկ Արամ Մանուկյանը ինչո՞ւ ոչ միայն չհաղթեց Վանում, այլեւ անգամ չկարողացավ կանխել աղետը։ Այդ բացառիկ Նժդեհն ինչո՞ւ չպահեց Նախիջեւանի գոնե իր ծննդավայր գավառը, բայց Սյունիքում փառահեղ հաղթանակ տարավ։

Ուշադիր ընթերցողը Սիմոն Վրացյանի «Հայաստանի հանրապետություն» գրքի մի դրվագում կնկատի, թե որքան անհանդուրժողական են եղել Վահան Տերյանի նկատմամբ, երբ նա փորձել է Երեւանում ապաստանած վասպուրականահայության փրկվածներից վկայություններ հայթայթել, թե իրականում ինչ են տեսել նրանք Վանում Արամ Մանուկյանի «գեներալ-նահանգապետության» օրերին։

Մի քանի օր առաջ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «գաղտնիք բացեց» եւ ուշադրություն հրավիրեց պատմության վրա․ որ Սյունիքում Նժդեհը դիմադրություն, ախր, կազմակերպել է Պարսկաստանի՜ օգնությամբ։ Իսկ դա առանց հայ-իրանական բարձրագույն համաձայնության չէ՜ր կարող։

Ահա այս նկատառումներով՝ երրորդ հանրապետության հենասյուներից մեկն, անկասկած, Վանո Սիրադեղյանն էր, Վազգեն Սարգսյանն էր, Սամվել Բաբայանն էր։ Բայց ո՞վ էր հենասյուների հենասյունը։ Քաղաքական ի՞նչ համաձայնությունների արդյունք էր 1994 թվականի ռազմա-աշխարհագրական ստատուս-քվոն։ Ֆեյսբուքյան մի օգտատեր ժամեր շարունակ ինձ փորձում էր ապացուցել, որ առաջին պատերազմում «մենք հաղթել ենք, որովհետեւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Գրաչովը եւ Վազգեն Սարգսյանը մտերիմ ընկերներ էին»։

Երբ հարցրի՝ իսկ ինչո՞ւ 1992-ի հուլիս-օգոստոսին Ադրբեջանը գրավեց Շահումյանի շրջանը եւ ԼՂԻՄ-ի գրեթե կեսը, նա շատ հանգիստ պատասխանեց․ «Որովհետեւ հողերը ծախել էին»։ Ով էր ծախել, ինչպես՝ դա նրան հետաքրքիր չէ։ Միջին վիճակագրական հայը առաջին հանրապետության հիմնադիր է ճանաչում Արամ Մանուկյանին։ Քաջազնունին «նրա մոտ վարչապետ էր աշխատում»։ Վազգեն Սարգսյանի կամ Վանո Սիրադեղյանի «մոտ նախագահ էր աշխատում» Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Բայց թե ինչու այսօր չի ծնվում, չկա մեկը, ում մոտ Նիկոլ Փաշինյանը «վարչապետ կաշխատի», եւ նա, ի հեճուկս Փաշինյանի, ոչ միայն աղետի շեմից կփրկի Հայաստանը, այլեւ վերստին կազատագրի Արցախը եւ նրա շուրջ տարածքները, ոչ ոք այս հարցին նույնիսկ մոտենալ չի ուզում։ Տատս ճիշտ էր․ աղվեսը ծառի տակ հանգիստ քնում է՝ հավատալով, որ շուք է անում իր թավամազ ագին։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել մեր դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
հաջորդը
Վահագնիում հողերն ու այգիները կմշակեն Եվրոպայի փորձով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն