• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

ՀՀ քաղաքացի ես ուզում դառնալ, ամուր նյարդեր ունեցիր

Արմինե Ավետյան 12:00 | 02.12.2022
Արմինե Ավետյան 12:00 | 02.12.2022
immigration

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով ոստիկանություն է ներկայացվել շուրջ 20 հազար դիմում։ Համեմատելու համար նշենք, որ անցած ամբողջ տարում եղել է 8591 դիմում։ Դիմողների ավելի քան 90 տոկոսը ազգությամբ հայեր են, եւ գերակշիռ մասը՝ վերջին տվյալներով շուրջ 14700-ը, Ռուսաստանի քաղաքացի է։

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների այսպիսի կտրուկ ավելացումը լարված իրավիճակ է ստեղծել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում, մեծ հերթեր են գոյացել, եւ չեն հասցնում պատշաճ ժամանակում ընդունել բոլոր գործերը։

«Ալիք Մեդիան» ահազանգ էր ստացել, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար մարդիկ երբեմն մինչեւ մեկ տարի սպասում են։ Ամենածանրը դիմումները հանձնելու համար հերթագրումների գործընթացն է։ Եվ այնպես չէ, որ մարդ երբ ցանկացավ, նույն պահին իր փաստաթղթերը կարող է ներկայացնել։ Խնդիրը բարդ է հատկապես, երբ փորձում ես դիմել արտերկրից։ Այս դեպքում գործերը պետք է ներկայացնեն հյուպատոսություններում, որտեղից էլ սկսվում են սպասումներն ու խնդիրները։

«ԱԳՆ-ն հյուպատոսություններում հերթագրման այնպիսի համակարգ է ներդրել, որ եթե այսօր հերթագրվես, քեզ օր կտա մայիսին։ ԱՄՆ-ում հյուպատոսությունը բարեկամիս սեպտեմբերի սկզբին օր էր տվել, որ գործերը հանձնի դեկտեմբերի վերջին։ Դրանից ամենաքիչը երեք ամիս հետո միայն քաղաքացիություն տալու կամ չտալու պատասխանը կտան։ Իսկ եթե հիմա դիմես, մինչեւ ապրիլի վերջը հերթագրման օրերը սպառված են»,- ասում է ահազանգողը, որը չցանկացավ ներկայանալ։

Մեր զրուցակիցը, որն աշխատանքի բերումով քաջ ծանոթ է քաղաքացիություն ստանալու ընթացակարգերին, ասում է՝ Հայաստանում դրա համար իրավական կարգավորումները հնարավորինս պարզեցված են, ժամկետները՝ երեք անգամ կրճատված։ Դժգոհություն է առաջացնում հիմնականում կառավարման եւ հերթագրումների համակարգը։ Նույնպիսի դժվարություններ են առաջանում, երբ մարդը կորցնում է իր անձնագիրը։ Խնդիրն այն է, որ բոլոր այս դեպքերում մարդը չի կարող դիմել առցանց, փաստաթղթերը ոչ թե անձամբ ներկայացնել, այլ էլեկտրոնային եղանակով ուղարկել, պատասխանն էլ նույն ճանապարհով ստանալ։

«Յակուտսկում, որը Մոսկվայից 9 ժամ թռիչքի հեռավորության վրա է, տոմսն արժի 1000-2000 դոլար։ Մարդը կորցրել է անձնագիրը եւ պիտի վերադարձի վկայական ստանա։ Օրենքն ասում է անձամբ ներկայանալ դեսպանատուն, բայց դեսպանատունը ժամը 9-12-ն է աշխատում։ Օդանավն ուշացավ՝ կմնա փողոցում, հերթ եղավ՝ պիտի սպասի։ Իսկ եթե հանկարծ մի թուղթ պակաս կամ սխալ է բերել, պիտի նորից գնա-գա։ Ինչո՞ւ չի կարելի մարդուն առցանց սպասարկել, չէ՞ որ քաղաքակիրթ աշխարհում այդպես է։ Կամ ինչո՞ւ չի կարող մարդը մեկ ուրիշին լիազորել, որ իր փոխարեն դիմումը ներկայացնի։ Ինչո՞ւ են պահանջում, որ մարդն անպայման անձամբ գա ու նման դժվարությունների առաջ կանգնի»,- դժգոհում է ահազանգողը։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ալիք Մեդիան» մի քանի հարց էր ուղղել ՀՀ ոստիկանությանը, որն էլ պատասխանել էր, թե «ինչ վերաբերում է ձեր ներկայացրած չորրորդ հարցադրմանը` կապված ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու հերթագրումներին, հայտնում ենք, որ դա պայմանավորված է դիմելիության աճով»:

Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության նախկին ղեկավար Հովհաննես Քոչարյանը թեեւ համաձայն է, որ դիմումներն ընդունելու հերթագրումները երկար ժամանակ են պահանջում, կարծում է, որ այդպիսի իրավիճակ է ստեղծվել անսպասելի հոսքի հետեւանքով։

«Մենք ստանդարտ իրավիճակում չենք աշխատում, այսօր աշխարհաքաղաքական շատ գործոններ ստիպում են, որ ՀՀ քաղաքացիություն ստանան հատկապես ՌԴ քաղաքացիները, որոնց թիվը շատ մեծ է։ Բնականաբար մեր ստորաբաժանումները հարմարեցված չեն նման ռեժիմով աշխատելուն, եւ հերթեր են գոյանում։ Իսկ հերթերը կառավարելու մեխանիզմների դեպքում միգուցե կարելի է մտածել նոր՝ ավելի ժամանակակից համակարգ ներդնելու մասին, բայց դրան դեռ պետք է գալ»,- ասում է նա։

«Ալիք Մեդիա» ահազանգած քաղաքացին ընթացակարգերի անհարկի ծանրաբեռնվածություն է համարում նաեւ այն, որ դիմողի գործերը ոստիկանությունից եւ ազգային անվտանգության ծառայությունից զատ անցնում են մի շարք գերատեսչություններով՝ նաեւ ԱԳՆ, արդարադատության նախարարություն, միջգերատեսչական հանձնաժողով, Կառավարություն, որն էլ ուղարկում է նախագահի ստորագրմանը։ Գործերը նույն երկար ճանապարհով էլ վերադառնում են։

Եվ հարց է բարձրացնում, թե եթե քաղաքացիություն տալու գործընթացում ամենակարեւոր օղակները ոստիկանությունն ու ԱԱԾ-ն են, որոնք ստուգում են դիմողի փաստաթղթերն ու անձի մասին տեղեկությունները, իսկ մյուս մարմիններն ընդամենը ձեւական գործառույթ ունեն, ապա ինչո՞ւ են նման երկար ընթացակարգ սահմանել։ Հատկապես որ ՀՀ նախագահը երբեք չի մերժում արդեն իրավապահ այդ մարմինների կողմից ստուգված անձանց գործերը։

Նա մեկ այլ խնդիր էլ է մատնանշում՝ քաղաքացիության գործերը ստուգում է դիվանագետը։ Դա համարում է օրենսդրական սխալ եւ հիշեցնում, չէ՞ որ դատարան դիմելիս մարդը հենց դատավորին չի տալիս դիմումը կամ նոտարին դիմելիս նրա օգնականին է գործը հանձնում։ Եվ կարծում է, որ քաղաքացիություն ստանալու դեպքում ԱԳՆ-ն պարզապես իր դերն է կարեւորում։ «Կամ կորպորատիվ շահեր ունի, որ այնտեղ մարդ ուղարկեն աշխատելու։ Կամ էլ կոռուպցիոն շահեր կան. տելեգրամյան ալիքներում կարդում ենք, որ դիմումն առանց հերթի հանձնելն արժի 500 դոլար, երբեմն՝ 1000 դոլար»,- դժգոհում է մեր զրուցակիցը։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հիմնական խոչընդոտը Բաքվի առավելապաշտական դիրքորոշումն է. Միրզոյան
հաջորդը
Ռուսաստանում աճել է վրացերենի եւ հայերենի ուսուցման պահանջարկը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն