• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Մի՛ թերագնահատեք տարեցների ներուժը, գերտերությունների ղեկավարները տարեցներ են»

Հասմիկ Բալեյան 13:15 | 08.12.2022
Հասմիկ Բալեյան 13:15 | 08.12.2022
Armen Soghoyan

Երեւանում տեղի ունեցավ Գերիատրիայի եւ գերոնտոլոգիայի չորրորդ՝ «Տարիքը խոչընդոտ չէ» խորագրով միջազգային կոնգրեսը։ Հոգեբույժ Արմեն Սողոյանն իր ելույթում նշեց՝ տարեցները մեծ ներուժ, փորձ ու գիտելիք ունեն, իսկ դա պետք է գնահատել։

«Ոմանք իրենց տարեց հարազատներին ասում են՝ բիձա մարդ ես, նստի՛ր տանը, ի՞նչ աշխատել։ Այսօր գերտերությունների ղեկավարները տարեցներ են, որոնք որոշում են աշխարհի բախտը։ Այնպես որ, մի՛ թերագնահատեք տարեցների ներուժը։ Իհարկե, կան տարեցներ, որոնք օգնության ու խնամքի կարիք ունեն, բայց չպետք է մտածել, որ տարեցը չպիտի աշխատի կամ անպայման խնամքի կարիք ունի։ Այսինքն՝ պետք է պարզել՝ տարեցների որ խումբն ունի հոգածության ու բժշկական օգնության կարիք, եւ աջակցել նրանց»,- նշեց հոգեբույժ Սամսոն Խաչատրյանը։

Կարեւոր է, որ տարեցները հասարակական կյանքին լիարժեք մասնակցություն ունենան, նրանց իրավունքները պաշտպանված լինեն, եւ իհարկե, պետք է տարեցներին աշխատելու հնարավորություն ընձեռվի, հարկավոր է նրանց մրցունակ դարձնել աշխատաշուկայում։ Առողջ եւ ակտիվ ծերացման համար պետք է միջոցառումներ իրականացվեն։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ 2015-2050 թվականները 60-ից ավելի բարձր տարիք ունեցողների թիվը գրեթե կկրկնապատկվի՝ 12 տոկոսից հասնելով 22-ի։

Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 65 եւ ավելի բարձր տարիքի անձինք Ճապոնիայում բնակչության 29, Իտալիայում 24, Չինաստանում 12, Հնդկաստանում 7 տոկոսն են։ Սրանք այնպիսի երկրներ են, որտեղ կյանքի որակը բարձր է, իսկ տարեցները պետության, հատկապես առողջապահության համակարգի ուշադրության կենտրոնում են։

«Միջին եկամտաբերություն ունեցող երկրներում սովորաբար 65 եւ ավելի բարձր տարիքի անձինք բնակչության մոտ 11 տոկոսն են։ Մենք մի քիչ ավելի երկարակյաց ենք․ մեր երկրում 65+ տարիքի անձինք բնակչության 12, Վրաստանում 16, Թուրքիայում 9, Իրանում 7, Ադրբեջանում 7, Ռուսաստանում 16 տոկոսն են։ Տարածաշրջանում երկարակեցությամբ զիջում ենք միայն Վրաստանին»,- անդրադառնալով վիճակագրական տվյալներին՝ ընդգծեց հոգեբույժը։

2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակչության թիվը եղել է 2 961 400։ 65+ տարիքի մարդկանց թիվը եղել է 372 900։ Կանայք ավելի երկարակյաց են։ Հայաստանում 65 տարեկան եւ ավելի բարձր տարիքի անձանց 60,6 տոկոսը (221 100 մարդ) կանայք են։ 2021 թվականի տվյալներով Հայաստանում կանանց կյանքի միջին տեւողությունը 73,5, տղամարդկանցը՝ 68,4 տարի է։ Հայաստանում 56 տարին լրացած անձանցից աշխատանք ունի ընդամենը 11 տոկոսը, որը ցածր ցուցանիշ է։ Հոգեբույժը նշեց՝ շատ կարեւոր է, որ տարեցները զբաղվածություն ունենան, ֆինանսապես կախված չլինեն որեւէ մեկից։

«Ալիք Մեդիա»-ի թղթակցի հարցին՝ իսկ զբաղվածությունն ինչպե՞ս կարող է ազդել տարեցների առողջության վրա, հոգեբույժը պատասխանեց․ «Հայերի սովորույթներից է ծնողների մասին հոգ տանելը, բայց, այդուհանդերձ, եթե տարեցն ուզում է աշխատել, ապա նրան պետք է այդ հնարավորությունը տան նաեւ ընտանիքում, չխոչընդոտեն նրան։ Աշխատող մարդկանց ուղեղը մարզվում է, նրանք ավելի բարձր տրամադրություն են ունենում, երբ զբաղվում են իրենց սիրելի աշխատանքով։ Զբաղվածություն, աշխատանք ունեցող մարդիկ ավելի սթրեսակայուն են, քիչ են դեպրեսիաներ ունենում»։

Անդրադառնալով հոգեկան առողջության խնդիրներին՝ հոգեբույժը նշեց, որ 2022-ի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների թիվը 63 255 է, որից 24 678-ը (39 տոկոսը) հաշմանդամություն ունի, 435-ը՝ դեմենցիա։ Վստահաբար այս թվերը չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ կան մարդիկ, որոնք հոգեկան առողջության խնդիրներ կամ դեմենցիա ունեն, բայց հաշվառված չեն։

Մասնագետն ընդգծեց՝ նկատելի է, որ հոգեկան առողջության խնդիրներ եւ հաշմանդամություն ունեցողների թիվն այսքան մեծ է, քանի որ մարդիկ ուշ են բժշկի դիմել, հետեւաբար նրանց կյանքի որակը վատացել է, ապա հանգեցրել հաշմանդամության։

«Կան դեպքեր, երբ տարեցներն ու նրանց ընտանիքի անդամները կարծում են՝ ամոթ է բժշկի դիմելը, ամոթ է, որ մյուսներն այս մասին իմանան։ Ոմանք էլ կարծում են՝ նորմալ է, որ տարեցը թուլամտություն ունենա, կամ թուլամտությունն ընկալում են որպես տվյալ մարդու բնավորություն։ Օգնության կարիք ունեցողները պետք է ժամանակին բժշկի դիմեն․ սա պետք է գիտակցեն ե՛ւ տարեցները, ե՛ւ նրանց ընտանիքի անդամները, քանի որ այդ պարագայում հնարավոր կլինի կանխել կամ հնարավորինս դանդաղեցնել հիվանդությունների ընթացքը»,- եզրափակեց հոգեբույժը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ծառայությունների ծավալը՝ 2 տրիլիոն 74 միլիարդ 313 միլիոն դրամ
հաջորդը
Պուտինն ու Զելենսկին՝ հակամարտության ավարտի մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն