Երեւի 2010-ականներին էր, որ ադրբեջանական մամուլում արծարծվեց վարչատարածքային փոփոխություններ կատարելու, խորհրդային տարիներից ժառանգություն մնացած շրջանները լուծարելու եւ «տնտեսական կոոպերաիցիայի սկզբունքով» պետական կառավարման համակարգն արդիականացնելու թեման։
Այսօր Բաքվի մամուլը գրում է, թե «խոսակցություններ կան, որ սահմանադրական հանրաքվե է նախապատրաստվում, առկա յոթանասութ շրջանները կարող են լուծարվել, փոխարենը կկազմավորվի տասնչորս վարչա-տնտեսական շրջան»։
Քառասունչորսօրյա պատերազմից հետո Իլհամ Ալիեւի հրամանագրով ձեւավորվել է երկու՝ «Ղարաբաղի» եւ «Արեւելյան Զանգեզուրի» տնտեսական շրջան»։ Ըստ մամուլի՝ «վարչա-տնտեսական շրջանները կգլխավորեն նախագահի լիազոր ներկայացուցիչները»։ Խոսք կա, որ սահմանադրական փոփոխությամբ «պետք է կատարելագործվի նաեւ տեղական ինքնակառավարման համակարգը»։ Ադրբեջանում այսօր «ընտրությամբ ձեւավորվում են մունիցիպալիտետներ», սակայն յուրաքանչյուր բնակավայր փաստացի ղեկավարում է գործադիր իշխանության ներկայացուցիչը։
«Ադրբեջանը չի ընդունում Ղարաբաղի ծագումով հայ բնակիչներին անվտանգության հատուկ երաշխիքներ տալու նախապայմանը»,- Reuters-ին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Հատուկ երաշխիքներ» ասելիս, հավանաբար, նա նկատի է ունենում քաղաքական կարգավիճակը, ինչը հունիսի 23-ին հաստատեց Իլհամ Ալիեւը։ Բաքվի նպատակադրվածությունն ըստ այդմ երեւակվում է լիովին։ Առկա է մտահոգություն, որ Լեռնային Ղարաբաղին քաղաքական երաշխիքներ տրամադրելու դեպքում նույնը կարող են պահանջել լեզգիները, թալիշները, թաթերը։
Այսպիսով՝ Իլհամ Ալիեւը փորձում է ավարտին հասցնել դեռեւս իր հոր ձեւակերպած՝ «ադրբեջանական ինքնության» հաստատման նպատակը, որը հակիրճ պարզաբանվի այսպես․ «Ադրբեջանում կա քաղաքական մեկ ինքնություն՝ ադրբեջանցի, բայց յուրաքանչյուր ոք ազատ է դավանելու իր կրոնը, խոսելու մայրենի լեզվով, ունենալու էթնիկ-մշակութային ինքնագիտակցում»։ Ահա թե ինչու է Իլհամ Ալիեւը պնդում, որ «չկա Լեռնային Ղարաբաղ, չկա ԼՂ խնդիր»։
Թե քանի «խանություն» կձեւավորվի Ադրբեջանում՝ առարկայորեն մեզ չհուզող թեմա է, բայց որքանո՞վ է միջազգային իրավունքին ներգրվում Ալիեւի նախապայմանը, որ Հայաստանը «փաստաթղթով Ղարաբաղը պետք է ճանաչի Ադրբեջանի անբաժանելի մաս»։ Երբ դեռ նոր էին հրապարակայնացվել «խաղաղության պայմանագրի» ադրբեջանական «հինգ սկզբունքները», բոլորը մտասեւեռված էին տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման անընդունելիության վրա։ Տողերիս հեղինակն այն ժամանակ զգուշացրեց, որ Հայաստանը չպետք է քննարկի Ադրբեջանի «քաղաքական ամբողջության ճանաչման» դրույթը։
Սա քմահաճույք չէ, ոչ էլ՝ հավակնոտություն։ Հայաստանը միջազգային պարտավորություն եւ իրավասություն չունի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ճանաչել ադրբեջանահպատակ։ Դա արցախահայության որոշելիքն է՝ նրա ազատ կամարտահայտությամբ կամ ավելի մատչելի ասած՝ ինքնորոշման իրավունքի իրացմամբ։ Ալիեւը, իհարկե, փորձելու է, ինչպես Բաքվում են երբեմն ձեւակերպում՝ «Ղարաբաղի հայաբնակ տարածքները» վարչականորեն կցել որեւէ «խանության»։ Այդ ուծացումն արդարացնելու համար է նրան պետք «Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է» ձեւակերպման տակ Հայաստանի ստորագրությունը, որից հետո ոչ մի միջազգային կազմակերպություն, ոչ մի երկիր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների հարց նույնիսկ չի հնչեցնելու։
Ի՞նչ անել։
Կա՛մ Հայաստանը պետք է հրաժարվի բանակցություններից, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը եւ իրավունքները միջազգայնորեն երաշխավորված չեն լինի, կա՛մ Ստեփանակերտը պետք է պատասխանատվությունն իր վրա վերցնի եւ Բաքվի հետ ուղղակի բանակցություններով փորձի հասնել ստատուս-քվոյի երկկողմ ամրագրմանը, ապաշրջափակմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը եւ շփման գծի արմատական ապառազմականացմանը՝ քաղաքական բնույթի հարցերը թողնելով ապագային։
Հնարավո՞ր է։ Չափազանց դժվար է, բայց ո՞րն է այլընտրանքը։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։