ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ի պատասխան Երասխի գործարանի «շինարարական աշխատանքներն անհապաղ դադարեցնելու» վերաբերյալ Ադրբեջանի նամակ-պահանջին, հայտարարել է, որ դրա համար որեւէ հիմք չկա։
Ադրբեջանն ավելի վաղ նամակ էր ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի՝ Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի (Էսպո) ներքո «անդրսահմանային վնասակար ազդեցության վերաբերյալ արդյունավետ խորհրդակցությունների անցկացումն ապահովելու նպատակով բավարար տեղեկատվության փոխանակման» վերաբերյալ։
Հայաստանը չի համարում, որ Էսպո կոնվենցիայի 3 (1) համաձայն պարտավոր է Ադրբեջանին ծանուցել կամ, նույն կոնվենցիայի 3 (7) հոդվածի համաձայն, Ադրբեջանի հետ տեղեկության փոխանակում կատարել նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Նախարարությունից նշում են, որ գործարանում նախատեսվող գործունեությունը փոքր ծավալների սեւ մետաղի ջարդոնի վերամշակում է բացառապես էլեկտրականությամբ աշխատող ինդուկցիոն վառարանի կիրառմամբ, ինչը կոնվենցիայի հավելված I-ում նշված չէ իբրեւ գործունեության տեսակ։
Հայաստանը միաժամանակ պահանջում է, որ Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ գնդակոծելով շինհրապարակի ուղղությամբ, հիշեցնելով, որ Ադրբեջանի գործողությունները ծանր վնասվածք են հասցրել երկու անմեղ աշխատակցի, ինչպես նաեւ զգալի նյութական կորուստներ պատճառել։ Ադրբեջանի վարքագիծը կոպտորեն խախտում է Էսպո կոնվենցիայի 15-րդ հոդվածով ամրագրված պարտավորությունը։ «Կողմերի միջեւ ծագած վեճի դեպքում կողմերը ձգտում են այն կարգավորելու բանակցությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով` իրենց հայեցողությամբ»»,– նշել են նախարարությունից` շեշտելով, որ Հայաստանը պահպանում է միջազգային իրավունքով նախատեսված իր բոլոր իրավունքները: