Արցախում համառ լուրեր են շրջում, որ սեպտեմբերի 11-ին ադրբեջանական ալյուրը ռուս խաղաղապահների փոխադրամիջոցներով կհատի Ասկերանի «բերդարգելքը» եւ կհասնի Ստեփանակերտ:
Իսկ տասներկու ժամ անց կբացվի Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետը, բայց՝ միայն մարդատար մեքենաների համար:
Սեպտեմբերի 9-ին Արցախի խորհրդարանը ընտրեց հինգերորդ նախագահին: Ազգային ժողովի հինգ խմբակցություններից չորսը միասնական թեկնածու էին առաջադրել Սամվել Շահրամանյանին, որին Արայիկ Հարությունյանը պետական նախարար էր նշանակել իր հրաժարականը հայտարարելուց հետո:
Ի՞նչ է տեղի ունենում:
Անցյալ տարվա նոյեմբերի 4-ին Արցախում պետական նախարար նշանակվեց ռուսաստանցի միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը եւ առաջին իսկ հարցազրույցում գուժեց, որ «ծանր փորձություններ են սպասվում»:
Օգոստոսին արցախյան կողմը ստիպված էր տարհանել Բերձոր քաղաքի, Աղավնո եւ Սուս գյուղերի բնակիչներին: Ժամեր անց ադրբեջանական բանակը մտավ այդ բնակավայրեր: Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց:
Ռուբեն Վարդանյանի պետական նախարար նշանակվելուց քսան օր անց Երեւանում գումարվեց ՀԱՊԿ գագաթնաժողով, որին մասնակցեց նաեւ ՌԴ նախագահ Պուտինը: Ըստ չհերքված տեղեկության՝ նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Պուտինը հանդիպում ունեցավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Տասն օր անց ադրբեջանցի «էկոակտիվիստները» փակեցին Շուշի-Քարինտակ խաչմերուկը եւ պահանջեցին, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-մայոր Վոլկովը ներկայանա եւ պատասխանի իրենց հուզող հարցերին:
Մինչ այդ «Թուրան» գործակալությունը, հղում անելով սեփական իրազեկ աղբյուրներին, գրել էր, որ Ռուբեն Վարդանյանը «մտադիր է ձեռք բերել Ղարաբաղի հանքարդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը Դրմբոնի եւ Կաշենի հանքերի շահագործման իրավունքը «վաճառել է»: Ո՞ւմ: Հստակ տեղեկություններ չկան: Փաստ է, որ ադրբեջանցի «էկոակտիվիստները» բողոքում էին «Ադրբեջանին պատկանող հանքերի ապօրինի շահագործման» դեմ:
Գեներալ Վոլկովի եւ «էկոակտիվիստների» միջեւ բանակցություններից հետո, որում ներգրավված էր նաեւ արցախյան կողմը, Ստեփանակերտը պաշտոնապես հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակցիան դադարեցնելու եւ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի բնական պաշարների եւ բնապահպանության նախարարության աշխատակիցների «միանգամյա մուտքը» Դրմբոնի եւ Կաշենի հանքավայր ապահովելու շուրջ:
Դեկտեմբերի 10-ին ադրբեջանցի «մասնագետները» ռուս խաղաղապահների եւ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ուղեկցությամբ մեկնեցին Դրմբոն, որտեղ նրանց դիմավորեցին ձեռնարկության աշխատակիցները եւ հարակից համայնքի բնակիչները՝ փակելով դեպի հանքավայր մուտքերը:
Ըստ վստահություն ներշնչող աղբյուրների՝ ցուցարարների առաջին շարքում էր պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: Դեկտեմբերի 12-ին «էկոակտիվիստները» վերստին եւ վերջնականապես փակեցին Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղին:
Այդպես է սկսվել Արցախի շրջափակումը:
Ինչ են քննարկել Վլադիմիր Պուտինը եւ Արայիկ Հարությունյանը՝ որեւէ տեղեկություն չկա: Հայտնի է միայն, որ դեկտեմբերին Արայիկ Հարությունյանը մեկնել է Ֆրանսիա:
Թե որն էր այդ ուղեւորության, ինչպես նաեւ մինչ այդ Գորիսում Փարիզի քաղաքապետի եւ Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից մեկի հետ հանդիպումների նպատակը եւ «տողատակը», Արայիկ Հարությունյանը, երեւի, պարզաբանումներ տվել է Անվտանգության խորհրդի անդամներին եւ խորհրդարանական կուսակցությունների առաջնորդներին:
Հանրային քննարկումներ այդ եւ այլ հարցերով չեն եղել, խորհրդարանական լեգիտիմ լսումներ չեն կազմակերպվել: Արձանագրենք միայն, որ անդրկուլիսային գործընթացը Ստեփանակերտում ուղեկցվում էր ընդդիմադիր համարվող խմբակցությունների կողմից Արայիկ Հարությունյանի դեմ հրապարակային հակաքարոզչությամբ, որի ելակետային նարատիվն էր. «Արայիկը Նիկոլի կամակատարն է, միասնաբար Արցախը տանում են Ադրբեջանի հետ ինտեգրման»:
Այս խոսույթը բառիս բուն իմաստով պայթեց անցած օգոստոսի 31-ին։ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին բողոքի ակցիա իրականացնողներին այցելեցին Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը (նախագահի միասնական թեկնածուն)։
Նրանք մարդկանց հորդորեցին թույլ տալ, որ ռուս խաղաղապահներն անցնեն ադրբեջանական կողմ, տեղի ունենա «հումանատար» բեռի վերաբարձում, եւ ալյուրը տեղափոխվի Ստեփանակերտ:
Նույն ժամին, երբ բանագնացները դեռեւս Ասկերանում էին, սոցիալական ցանցերում տարածվեց Ռուբեն Վարդանյանի հիմնադրած՝ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի» հայտարարությունը, որով Արայիկ Հարությունյանին էր վերագրվում Աղդամի ճանապարհը բացելու հարցում «ակտիվիստների նկատմամբ գործադրված ճնշումը։ Հայտարարությունն ավարտվում էր այսպես. «Դա վերջին գիծն է, որի հատումն այլեւս անհանդուրժելի է»: Առավոտյան Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս:
Արդյունքում ի՞նչ ունենք:
Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը կբացվի: Արցախն այսուհետեւ Հայաստանից ոչ միայն սնունդ, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ, այլեւ առհասարակ ոչինչ ներկրել չի կարող:
Հարցը կկարգավորվի Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ձեւաչափով: (Եթե, իհարկե, նման պայմանագիր ստորագրվի, եւ Արցախում հայ բնակչություն մնա):
Արցախի նոր իշխանությունը ստիպված կլինի ընդունել Եվլախում «բանակցությունների հրավերը»: Իսկ Ստեփանակերտում որոշ շրջանակներ սպառնում են, թե «եկել է նիկոլականների վերջը տալու ժամանակը»: Եթե ճիշտ է, որ Նիկոլ Փաշինյանը եւ Արայիկ Հարությունյանը «թուրք-ադրբեջանական տանդեմի դրածոներն են, եւ Արցախը հանձնում են Ադրբեջանին», ապա այն, ինչ տեղի է ունենալու մոտակա օրերին, բայց՝ Սամվել Շահրամանյանի կատարմամբ, ոչ այլ ինչ է, քան «հինգ ու խաչով նիկոլականություն»:
Բայց ինչո՞ւ հեռացրին Արայիկ Հարությունյանին:
Ինչո՞ւ ամեն գնով խոչընդոտեցին Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան համագործակցությունը եւ ձեւավորեցին կոնսենսուս՝ մինուս Սամվել Բաբայան քաղաքական միջավայր:
Եվ ինչո՞ւ ասացին, որ «Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից»: Մի՞թե դա Հայաստանին ներկայացված վերջնագիր չէր:

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։