Ադրբեջանական լրատվամիջոցները հոկտեմբերի 6-ին լուր են տարածել Արցախի՝ օրեր առաջ Ստեփանակերտում ձերբակալված եւ ներկայում Բաքվի կալանավայրում պահվող նախկին արտգործնախարար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Դավիթ Բաբայանի պահման պայմանների մասին:
Ադրբեջանական քարոզչամիջոցները միաբերան նշում են, որ իրեն այցելած Ադրբեջանի ՄԻՊ-ին Դավիթ Բաբայանը հայտնել է, թե «չի բողոքում պահման պայմաններից», բուժզննում է անցել, իր իրավունքները պաշտպանելու համար փաստաբան է տրամադրվել եւ նույնիսկ գրադարանից օգտվելու հնարավորություն է ընձեռվել։
Ուշագրավ է, որ ադրբեջանական լրավամիջոցները լուրին կցել են լուսանկար, որում կալանավորված Դավիթ Բաբայանը անխռով գրքեր է ուսումնասիրում:
Կամ ադրբեջանական լրատվամիջոցները «մոռացել են» հիշեցնել այն «աննշան մանրուքը», որ տարածվող լուսանկարը Դավիթ Բաբայանի մեկ ուրիշ կյանքից է, երբ նա հայաստանյան կամ արցախյան գրատներից մեկում իր համար գրքեր է ընտրում, կամ էլ լուսանկարը նոր է եւ արվել է Բաբայանի կալանքի վայրից (թերեւս Ադրբեջանի օմբուդսմենն իր պաշտոնական էջում Բաբայանի նախորդ կյանքից թռցրած լուսանկար չէր զետեղի):
Հնարավո՞ր է, որ մարդուն, որին օրեր առաջ ի տես աշխարհի ամենավերջին մարդասպանի պես կռացրած տանում էին կալանքի վայր, հանկարծ հագցնեն-կապցնեն, կալանավայրից ուղեկցեն մոտակա կոկիկ ու լուսավոր գրադարան, կանգնեցնեն նոր հրատարակված շքեղ մատենաշարերի կողքին, որոնց բազմազանությանը Բորխեսն անգամ կնախանձեր, «խնդրեն» ձեւացնել, թե ամեն ինչ կարգին է, ու գիրք ընտրել տալ: Դե իհարկե, հազարամյա պապենական հողակտորից օրեր առաջ արմատախիլ արված եւ այդ նույն հողը օտար ոտնձգությունից պաշտպանելու համար «ահաբեկչության», «մարդկայնության դեմ գործած հանցագործությունների» եւ այլ մտացածին հանցանքների մեջ մեղադրվող ժողովրդի ներկայացուցչի միակ մտահոգությունը Խալեդ Հոսեյնիի ու Ալեքս Մայքլիդիսի միջեւ ընտրություն անելն է… Միանգամայն խորթ չէ ամեն ինչ խեղաթյուրող ու աղավաղող ադրբեջանական քարոզչամեքենայի համար ու լիովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ:
Ի վերջո, էական չէ՝ լուսանկարը Բաբայանի նախո՞րդ կյանքից է, թե՞ բեմականացված է: Էականը Դավիթ Բաբայանի «անհոգ» կերպարն է, որով Բաքուն աշխարհին փորձում է ցույց տալ իր «լայնախոհությունը» եւ ադրբեջանական քաղաքակրթության բարձրագույն աստիճանի մասին «վկայող» կալանավայրի «դրախտային» պայմանները, որոնցից օգտվելու իրավունք է վերապահված նույնիսկ «անջատողական ռեժիմի» անդամ հայազգի կալանավորներին: