Հայտնի ճշմարտություն է, որ անկախություն չունեցող ժողովուրդները ձգտում են անկախության։ Ճանապարհը դեպի անկախություն, որպես կանոն, լինում է դժվարին, վայրիվերումներով լի, կորուստներով, բայց եւ ձեռքբերումներով։ Այդ ճանապարհն անցնելուց է ձեւավորվում անկախ մտածողության տեր քաղաքացին։ Եվ այդ ճանապարհին նա ունակ է արարելու հրաշքներ։
Այդպիսի մի հրաշք էր Ղարաբաղյան շարժումը։
Ղարաբաղյան շարժումը մասնագիտական գրականության մեջ, որոշ փոքր բացառություններով, դիտարկվում է լոկ հայ-ադրբեջանական, «էթնոտարածքային» որակում ստացած կոնֆլիկտների համատեքստում։ Մեր կարծիքով, Ղարաբաղյան շարժման հայաստանյան մասն արեւելաեվրոպական «թավշյա» հեղափոխությունների շարքի առաջնեկն է, եւ որպես այդպիսին, այն մեծ դեր է խաղացել խորհրդային հասարակության ժողովրդավարացման եւ նշանակալի դեր՝ Խորհրդային Միության ապամոնտաժման ու, այդպիսով՝ կոմունիզմի վտանգի վերացման գործում։
Լինելով առաջինը, այն չի նկատվել, չի ընկալվել որպես հեղափոխություն, որպես այդպիսին մնացել է անհայտ մասնագիտական շրջանակների համար, մինչդեռ «չճանաչված հեղափոխության» օրինաչափությունները կարող են նոր լույս սփռել 20-րդ դարավերջի արեւելաեվրոպական ժողովրդավարությունների ծագման ուսումնասիրման ու գնահատման գործում։
Ղարաբաղյան շարժման կարեւորագույն բնութագրական գիծը նրա համաժողովրդական լինելն էր։ Միակ խավը, որն այս կամ այն կերպ ընդդիմանում էր Շարժման զարգացումներին՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության նոմենկլատուրային բյուրոկրատական վերնախավն էր, որը շատ լավ տեսնում էր, որ Ղարաբաղի՝ Հայաստանին միացման հարցի լուծման ճանապարհ էր ընտրված ժողովրդավարական վերափոխումների քաղաքականությունը։
Ընդ որում, Շարժման համաժողովրդական դառնալը եւս միանգամից չեղավ։ Այսպես, 1988 թվականի փետրվարին դրան նպաստող կարեւորագույն գործոնը՝ Ղարաբաղի ինքնորոշման հարցին չսատարելուց զատ, նաեւ միութենական ու հանրապետական իշխանությունների պահվածքն էր, ինչը դրսեւորվեց, մասնավորապես, հետեւյալ երկու տիպի գործողություններում. միութենական մամուլն ու «Վրեմյա» հեռուստատեսային լրատվական ծրագիրը, Հայաստանի քաղաքացիների գնահատմամբ, իրականությանը չհամապատասխանող, ոչ լիարժեք տեղեկատվություն էին հաղորդում ԼՂԻՄ-ում եւ Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, դրանք որակում էին որպես «էքստրեմիստական» բնույթ ունեցող եւ երկրորդը՝ Երեւանում գտնվող ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամության թեկնածու Վլադիմիր Դոլգիխը 100-հազարանոց հանրահավաքները որակեց որպես «մարդկանց խումբ», ինչն ընկալվեց պարզապես որպես վիրավորանք։
Շարժման համաժողովրդական լինելու կարեւոր ցուցիչներից էին.
ա) մի քանի հարյուր հազար մարդկանց մասնակցությամբ ընթացող հանրահավաքներն ու երթերը ավելի քան երկու տարի շարունակ,
բ) արդեն 1988 թվականի մարտին հանրապետության հարյուրավոր աշխատանքային կոլեկտիվներում ձեւավորված «Ղարաբաղ» կոմիտեները, որոնք կոչված էին սատարելու Ղարաբաղյան շարժման ղեկավարությանը։
Սրանք ԽՍՀՄ մի քանի այլ հանրապետություններում ավելի ուշ ձեւավորված ժողովրդական ճակատների նախատիպն էին, յուրահատուկ այլընտրանքներ խորհրդային ձեռնարկություններում ու հիմնարկություններում գործող
կուսակցական, կոմերիտական, արհմիութենական կոմիտեներին։
Այս նորաստեղծ մարմիններն ավելին էին, քան պարզապես «աջակցության խմբեր» եւ շատ կարճ ժամանակում նրանց մեծ մասը կարողացավ իրենց ձեռքը վերցնել հասարակական ակտիվության կազմակերպման եւ ուղղորդման գործը։ Մի քանի տարի անց նրանց միջից էին, որ դուրս եկան երկրի ղեկավարման ապարատում մեծ ու փոքր դիրքեր զբաղեցնող հարյուրավոր պաշտոնյաները։
գ) «Տոնական» տարրերի բազմաքանակությունը։ Ինչպես ցույց է տրված հետազոտություններում, Շարժման սկզբնավորման պահից ի վեր հանրահավաքների կենտրոնատեղիում՝ Օպերայի (Ազատության) հրապարակում տեղի ունեցավ մեծ-փոքր [տարիքով-երիտասարդ], կին-տղամարդ, քաղաքացի-գյուղացի, հայախոս-ռուսախոս եւ այլ նման հակադրությունների թուլացում եւ վերացում։ Սրանք հետո՝ ժամանակ անց, արդեն 1989 թվականի երկրորդ կեսին հետ եկան։
դ) պատկերագրական նյութի (պլակատներ, տրանսպարանտներ) բազմաքանակությունը (մեզ հաջողվել է ֆիքսել շուրջ հազար միավոր) եւ բազմազանությունը (դրանց մեջ առանձնանում են մոտ քսան խմբեր)։ Նման առատությունը վկայում է Շարժման մեջ բազմակարծության բարձր աստիճանի մասին ու, այդպիսով, Շարժման ոչ զուտ քաղաքական բնույթ ունենալուն, որպիսին էր վիճակը, օրինակ, մերձբալթյան հանրապետությունների պարագայում։
Ուսումնասիրողի առջեւ վեր է հառնում բազմադեմ, աստիճանաբար ազատականացող մտածողության տեր, բայց եւ միեւնույն ժամանակ կարեւորագույն հարցերի շուրջ միակամ մարդկանց բազմությունը։
ե) Շարժումն ուներ խորապես ազգային բնույթ, ինչի ցուցիչներից էին, օրինակ, նաեւ հայերի համախմբությանը կոչող պլակատային տեքստերը. «Հայեր բոլոր երկրների, միացե՛ք», «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», «Հայ ժողովրդի միասնությունը Արցախի հարցի լուծման գրավականն է», «Единение народа не может быть стремлением к национальной замкнутости», իսկ երթերի ժամանակ հնչող կոչերից ամենատարածվածն էր «Հայե՛ր, միացեք» բանաձեւը։
Հարություն Մարության
Պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ
Հրապարակվող հոդվածը մասն է հեղինակի «Հայաստանի քաղաքացու ինքնության ձեւափոխման եւ Հայաստանի անկախության վերականգնման գործընթացը» ուսումնասիրության