Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվել է Նազիկ Արմենակյանի «Որտե՞ղ ես կանգնած» լուսանկարչական ցուցադրությունը։
Վավերագրող, լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը «Որտե՞ղ եմ կանգնած ես՝ հիմա, այս տարիքում ու այս ժամանակում» հարցը տվել է ինքն իրեն, ապա ուսումնասիրել 45 եւ բարձր տարիքի հայ կանանց հոգեբանությունը, ստեղծել հարցի պատասխանը տվողների դիմանկարների շարք։
Լուսանկարների հերոսները տարբեր կենսագրություն ունեցող կանայք են՝ տարբեր աշխարհներից ու միջավայրերից։ Այս կանայք ո՛չ իրենց տարիքն են թաքցնում, ո՛չ էլ նեքին էությունը եւ անհանգստությունը։ Հանդես են գալիս միայն անուններով, յուրաքանչյուրն իր «կանգնած տեղի մեկնաբանությամբ»։
49-ամյա Մարինեն անկեղծանում է․«Եթե ես լինեի Արցախում այս տարիքում, ունենայի այն տունը, աշխատանքը, որն ունեի այնտեղ, շատ հանգիստ ու շատ մեծ ուրախությամբ կդիմավորեի այդ հիսունը։ Ավելին ասեմ՝ ես արդեն սիրուն շոր ունեի հիսունամյակիս համար։ Ես Արցախում պատրաստ էի ծերանալ»։
53 տարեկան Գոհարը Գեղարքունիքի մարզի հեռավոր գյուղերից մեկում աթարից անթերի աշտարակ է սարքել, որ ձմռանը տունը տաքացնի։ Տղամարդու, կնոջ գործ չի զանազանում, ասում է՝ այդպես են դաստիարակել, պետք է ինքդ քեզ մոռացած աշխատես-տանջվես։ Դպրոցական տարիքից ամուսնացրել են, հարսանիքին էլ ասել՝ եթե մտքիցդ անցնի հետ գալ հորդ տուն՝ հետդարձի ճանապարհին քեզ կգցես Սեւանը, կխեղդվես, բայց մեր անունը գետնով չես տա։ «Գիտե՞ս ես երբ կարամ ձեր ասածի պես ինձ նայեմ, հագնվեմ, քսվեմ․․․երբ բժշկությունը արունս թափա, տեղն ուրիշ արուն սրսկա»։
45 տարեկան Լիլիթն իրեն սգից ծերացած է զգում․«Բայց դե, որ գրկել եմ նոր երեխա, պետք է ապրեմ․․․»։
Վավերագրողը ցավով է նշում, որ կուզենար միջին տարիքը վայելող, անհոգ կանանց կյանքի պատմություններ գտնել, վավերագրել։ «Մեր երկրում վերջին տարիներին անհոգ լինելն անհնարին է, եւ կատարվող իրադարձությունները ավելի խոր հետք են թողնում հատկապես կանանց վրա։ Սա նախագիծ է, որով ուզում եմ ուշադրություն հրավիրել միջին տարիքի կանանց, նրաց տեղի, դերի, վիճակի վրա»։
Ցուցադրության համադրող Նաիրի Խաչատուրեանը, երբ Նազիկ Արմենակյանի ինքնալուսանկարը եւ այլ կանանց աշխարհը բացահայտող լուսանկարները տեսել է, առաջարկել է, որ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի ինքնանկարների կողքին ցուցադրվի։ «Արվեստի տարբեր լեզուներով արտահայտվող միջին տարիքի կանանց աշխատանքները հրաշալի համադրվել են մեկ ցուցասրահում, նրանց երկխոսությունն էլ հանդիսատեսն ընկալեց խորությամբ»։
Նախագիծն իրականացվել է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ: Ցուցադրությունը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 19-ը։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։