Վաշինգտոնին անհրաժեշտ է վերաթարմացնել Մոսկվայի հետ հարաբերությունները, քանի որ մեկուսացման քաղաքականությունն այլեւս արդյունավետ չէ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը Վաշինգտոնի Միջազգային հարաբերությունների խորհրդում ունեցած իր ելույթում։
«Թե՛ դաշնակիցների, թե՛ հակառակորդների հետ համագործակցությունից հրաժարվելը դիվանագիտության մեջ լուրջ սխալ է»,- ընդգծել է Քելլոգը։
Մեկնաբանելով Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման դադարեցումը՝ Քելլոգը այդ որոշումը ներկայացրել է որպես Ռուսաստանի համար կատարված զիջում։ Չնայած նման գնահատականին` Թրամփի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ հետախուզական տվյալների հասանելիության սահմանափակման եւ աջակցության դադարեցման մեջ հենց ուկրաինացիներն են մեղավոր։
Քելլոգը նշել է, որ Թրամփի վարչակազմը փորձում է հասնել խաղաղ կարգավորման՝ երկու կողմերի համար օգտագործելով ինչպես ճնշման, այնպես էլ խթանման մեխանիզմներ։ Նրա խոսքերով՝ նման միջոցառումների թվում են սառեցված ռուսական ակտիվների բռնագրավումը եւ էներգետիկ ոլորտի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։
Հարցին, թե ինչ պետք է անի Ուկրաինան հետախուզական տվյալների փոխանակումը վերսկսելու եւ ռազմական օգնության հոսքը վերականգնելու համար, Քելլոգը նշել է, որ այդ ուղղություններով դրական քայլ կարող է լինել Վաշինգտոնի եւ Կիեւի միջեւ օգտակար հանածոների մասին համաձայնագրի ստորագրումը, հաղորդում է CNN-ը:
Միեւնույն ժամանակ Քելլոգը հայտարարել է, որ «իսկապես հիանում է» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիով։
«Երեք տարի առաջ ներխուժման հենց սկզբում, երբ ԱՄՆ-ը նրան խնդրեց հեռանալ, նա ասաց՝ ինձ զինամթերք է պետք, ոչ թե տաքսի։ Այսպիսի տղայի հետ, եթե օգտագործենք ամերիկյան արտահայտությունը, կցանկանայի գարեջուր խմել»,- ասել է ԱՄՆ նախագահի բանագնացը։
Փետրվարի 28-ին դադարեցվեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն։ Նույն օրը կողմերը հրաժարվեցին ուկրաինական բնական պաշարների մշակման ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագիրը ստորագրելուց։
Դրան նախորդել էր Սպիտակ տանը Զելենսկու, Թրամփի եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջեւ տեղ գտած սուր վիճաբանությունը։ Թրամփը Զելենսկուն մեղադրել էր խաղաղության ձգտման պակասի համար եւ նշել, որ Ուկրաինայի նախագահը այն վիճակում չէ, որ պահանջներ ներկայացնի։
Զելենսկին ցավ էր հայտնել, որ Սպիտակ տանը հանդիպումն անցել է ոչ այնպես, ինչպես պլանավորված էր, եւ հայտնել էր հնարավորինս արագ բանակցությունների նստելու պատրաստակամության մասին։ Ուկրաինայի նախագահը նաեւ մի քանի անգամ շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ-ին աջակցության եւ օգնության համար։