ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ։
«Հինգշաբթի նամակ եմ ուղարկել Իրանի առաջնորդին, կցանկանայի գործարք կնքել Իրանի հետ»,- ասել է Թրամփը Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ «Իրանն իրավունք չունի միջուկային զենք ստանալ»։
«Ես ասացի, որ հուսով եմ, որ դուք կհամաձայնեք բանակցությունների, քանի որ դա շատ ավելի շահավետ կլինի Իրանի համար։ Կարծում եմ, որ նրանք ցանկանում են ստանալ այս նամակը»,- հավելել է Թրամփը։
Հաջորդիվ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ միեւնույն ժամանակ պատրաստ է «միջոցներ ձեռնարկելու», եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Մոսկվան պատրաստակամություն է հայտնել օգնելու Վաշինգտոնին Թեհրանի հետ բանակցություններում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, իր հերթին, նշել էր, որ Կրեմլը տեսնում է խաղաղ կարգավորման ներուժ Իրանի միջուկային ծրագրի հարցում, որը մտահոգում է ԱՄՆ-ին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է անելու հնարավոր ամեն ինչ՝ խնդրի լուծման համար։
Հիշեցնենք՝ փետրվարի 4-ին Թրամփը ստորագրեց Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը վերականգնելու մասին հրամանագիրը։ Փաստաթուղթը մասնավորապես նախատեսում է Իրանի նավթի արտահանման կրճատմանը միտված ջանքերի ակտիվացում։
Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ «ավերիչ ռմբակոծությունների փոխարեն» ցանկանում է «հրաշալի գործարք» կնքել Թեհրանի հետ՝ չբացառելով նաեւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման հնարավորությունը։
Փետրվարի 7-ին այաթոլլա Խամենեին հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել չի կարելի, քանի որ Վաշինգտոնը արդեն մեկ անգամ խաբել է Իրանին։ Նա հիշեցրեց, որ թեեւ Վաշինգտոնը 2015 թվականին ստորագրել էր միջուկային գործարքը, սակայն չկատարեց դրա պայմանները, չվերացրեց հակաիրանական պատժամիջոցները եւ 2018 թվականին միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից։